Հոդված 394. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքերը
Հոդված 394. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու հիմքերը
1. Վճռաբեկ բողոքն ընդունվում է քննության, եթե Վճռաբեկ դատարանը գտնում է, որ`
1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար.
2) առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում:
2. Սույն հոդվածի իմաստով` բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ Վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի և այլ նորմատիվ իրավական ակտերի միատեսակ կիրառության համար, եթե`
1) առնվազն մեկ այլ գործով ստորադաս դատարանի օրինական ուժի մեջ մտած դատական ակտում միևնույն նորմը կիրառվել է կամ չի կիրառվել հակասող մեկնաբանությամբ.
2) բողոքարկվող դատական ակտում որևէ նորմի մեկնաբանությունը հակասում է Վճռաբեկ դատարանի որոշման մեջ տվյալ նորմին տրված մեկնաբանությանը.
3) դատարանի կիրառած նյութական կամ դատավարական իրավունքի նորմի կապակցությամբ առկա է իրավունքի զարգացման խնդիր։
3. Սույն հոդվածի իմաստով` առերևույթ առկա է մարդու իրավունքների և ազատությունների հիմնարար խախտում, եթե՝
1) բողոքարկվող դատական ակտը կայացնելիս դատարանը թույլ է տվել նյութական կամ դատավարական իրավունքի նորմերի այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը.
2) առկա է նոր կամ նոր երևան եկած հանգամանք:
4. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին Վճռաբեկ դատարանը կայացնում է որոշում` գործը Վճռաբեկ դատարանում ստանալու օրվանից երեք ամսվա ընթացքում։ Վճռաբեկ դատարանի որոշումը պետք է բավարարի սույն օրենսգրքի 200-րդ հոդվածով սահմանված պահանջները:
5. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին Վճռաբեկ դատարանի որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման: Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշումն ուղարկվում է բողոք բերող անձին և գործին մասնակցող անձանց այն կայացնելու պահից երկշաբաթյա ժամկետում:
6. Օրինական ուժի մեջ մտած դատական ակտերի դեմ բերված վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու դեպքում Վճռաբեկ դատարանն իր որոշմամբ կարող է ամբողջությամբ կամ մասնակիորեն կասեցնել դատական ակտի կատարումը, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի: