Հոդված 151. Հաշտության համաձայնությունը
Հոդված 151. Հաշտության համաձայնությունը
1. Գործին մասնակցող անձինք դատավարության ցանկացած փուլում կարող են գործն ավարտել հաշտության համաձայնությամբ, որը ձևակերպվում է գրավոր, ստորագրում են գործին մասնակցող անձինք և ներկայացվում է դատարանի հաստատմանը:
2. Դատարանը հաշտության համաձայնությունը քննարկվում է դատական նիստում՝ գործին մասնակցող անձանց մասնակցությամբ, եթե վերջիններս չեն միջնորդել հաշտության համաձայնությունն իրենց բացակայությամբ քննարկելու վերաբերյալ: Նախքան հաշտության համաձայնությունը հաստատելը դատարանը դատական նիստին ներկայացած գործին մասնակցող անձանց պարզաբանում է դրա դատավարական հետևանքները:
3. Հաշտության համաձայնությունը դատարանի կողմից հաստատվելու դեպքում դատարանը կայացնում է վճիռ:
4. Դատարանը չի հաստատում հաշտության համաձայնությունը, եթե՝
1) այն հակասում է օրենքին կամ այլ իրավական ակտերին.
2) խախտում է այլ անձի իրավունքները կամ օրինական շահերը.
3) պարունակում է այնպիսի պայմաններ, որոնք թույլ չեն տալիս որոշակիորեն պարզել հատկացվող գումարի չափը, հանձնման ենթակա գույքը կամ այն գործողությունները, որոնք կողմը պարտավոր է կատարել.
4) պարունակում է այնպիսի պարտավորություններ, որոնց կատարումը պայմանավորված է մյուս կողմի պարտավորության կատարմամբ:
5. Հաշտության համաձայնությունը դատարանի կողմից չհաստատվելու դեպքում գործի քննությունը շարունակվում է: Դատարանը հաշտության համաձայնությունը չհաստատելու դեպքում կայացնում է արձանագրային որոշում: Դատարանի կողմից չհաստատված հաշտության համաձայնությունը որևէ նյութաիրավական կամ դատավարական հետևանք չի առաջացնում:
6. Գործին մասնակցող անձանց մի մասի կողմից հաշտության համաձայնություն ձևակերպելու և ներկայացվելու դեպքում դատարանը գործին մասնակցող այդ անձանց մասով կարող է առանձնացնել գործի վարույթը և գործի առանձնացված մասով կայացնել վճիռ` գործի վարույթը հաշտության համաձայնությամբ ավարտելու մասին:
⚖Հոդված 152. Գործին մասնակցող անձանց միջնորդությունների լուծումը դատարանի կողմից
1. Գործին մասնակցող անձանց միջնորդությունները գործի քննության հետ կապված բոլոր հարցերով դատարանը լուծում է դատական նիստին ներկա գործին մասնակցող մյուս անձանց դիրքորոշումը լսելուց հետո, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի:
2. Դատական նիստից դուրս ներկայացված միջնորդությունն ստորագրում է այն ներկայացնող գործին մասնակցող անձը կամ նրա ներկայացուցիչը: Ներկայացուցչի ստորագրած միջնորդությանը կցվում է նրա լիազորությունը հավաստող փաստաթուղթը, եթե այն գործում բացակայում է:
3. Դատական նիստից դուրս միջնորդություն ներկայացրած անձը պարտավոր է միջնորդությանը կցել տվյալ միջնորդությունը և դրան կից փաստաթղթերը գործին մասնակցող անձանց ուղարկելու փաստը հավաստող ապացույցներ կամ միջնորդության մեջ ներկայացնել այդ փաստաթղթերը գործին մասնակցող անձանց ուղարկելու անհնարինության վերաբերյալ հիմնավորումներ, բացառությամբ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերի և այն միջնորդությունների, որոնց միջոցով գործին մասնակցող անձն իրականացնում է իր իրավունքները, և որոնք չեն ազդում գործին մասնակցող այլ անձանց իրավունքների, պարտականությունների, շահերի, կարգավիճակի կամ դատավարության ընթացքի վրա:
4. Դատական նիստում գրավոր միջնորդություն ներկայացրած անձը պարտավոր է դատական նիստին ներկա գործին մասնակցող մյուս անձանց տրամադրել միջնորդության և դրան կից փաստաթղթերի պատճենները:
5. Սույն հոդվածի 2-4-րդ մասերի պահանջները չպահպանելու դեպքում ներկայացված միջնորդությունը չի քննարկվում, որի մասին միջնորդությունը ներկայացրած անձը տեղեկացվում է ոչ ուշ, քան հաջորդ օրը:
6. Նույն հիմքով միջնորդություն կրկին ներկայացնելն արգելվում է, բացառությամբ սույն օրենսգրքի 170-րդ հոդվածի 7-րդ մասով նախատեսված դեպքի: Նախկինում մերժված միջնորդությունը նույն փաստական հիմքով ներկայացվելու դեպքում չի քննարկվում, որի մասին միջնորդությունը ներկայացրած անձը տեղեկացվում է ոչ ուշ, քան հաջորդ օրը։
7. Միջնորդությունը քննարկելու արդյունքով դատարանը կայացնում է որոշում:
8. Գործին մասնակցող անձի միջնորդությունը կարող է մերժվել, եթե այն ներկայացվել է միջնորդություն ներկայացնելու իրավունքի չարաշահմամբ՝ ակնհայտորեն նպատակ հետապնդելով խափանելու դատական նիստը, ձգձգելու գործի դատական քննությունը:
9. Գործի քննությունն ավարտվելուց հետո մինչև եզրափակիչ դատական ակտի հրապարակումը գործին մասնակցող անձինք չեն կարող ներկայացնել միջնորդություններ: Այդ ժամանակահատվածում ներկայացված միջնորդությունները ենթակա չեն քննարկման:
(152-րդ հոդվածը փոփ., լրաց. 07.02.24 ՀՕ-82-Ն)
(07.02.24 ՀՕ-82-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)