Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-02-28-ից մինչև 2026-03-28։Բացել գործող տեքստը
ՎԱՐՈՒՅԹՆ ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 20 · ԱՌԱՋԻՆ ԱՏՅԱՆԻ ԴԱՏԱՐԱՆԻ ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԸ

Հոդված 197. Վրիպակները, գրասխալները և թվաբանական սխալներն ուղղելը

գործել է մինչև 2026-03-28Բացել ARLIS-ում

Հոդված 197. Վրիպակները, գրասխալները և թվաբանական սխալներն ուղղելը

1. Դատական ակտում թույլ տրված վրիպակները, գրասխալները և թվաբանական սխալներն ուղղելու մասին միջնորդությունը կարող է ներկայացվել, իսկ դատարանն իր նախաձեռնությամբ այդ գործողությունները կատարում է դատական ակտի կայացման պահից մինչև դրա կատարումը:

2. Առաջին ատյանի դատարանի դատական ակտում տեղ գտած վրիպակները, գրասխալները և թվաբանական սխալներն ուղղելու հարցը դատարանը լուծում է առանց դատական նիստ հրավիրելու: Դատական ակտում տեղ գտած վրիպակները, գրասխալները և թվաբանական սխալներն ուղղելու մասին միջնորդությունն առաջին ատյանի դատարանը պետք է քննի և լուծի այն ստանալու օրվանից 10 օրվա ընթացքում:

3. Դատական ակտում տեղ գտած վրիպակները, գրասխալները և թվաբանական սխալներն ուղղելու մասին առաջին ատյանի դատարանը կայացնում է որոշում:

4. Դատական ակտում տեղ գտած վրիպակները, գրասխալները և թվաբանական սխալներն ուղղելու կամ դրանց վերաբերյալ միջնորդությունը մերժելու մասին որոշումը կարող է բողոքարկվել սույն օրենսգրքով սահմանված կարգով:

5. Դատական ակտը բեկանելու դեպքում իրենց ուժը կորցնում են դրանում տեղ գտած վրիպակները, գրասխալները և թվաբանական սխալներն ուղղելու մասին որոշումները, եթե այլ բան սահմանված չէ վերադաս դատական ատյանի որոշմամբ:

&#9878Հոդված 198. Վճռի օրինական ուժի մեջ մտնելը

1. Վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից մեկ ամիս հետո, եթե այլ բան նախատեսված չէ սույն օրենսգրքով։

2. Վճիռը բողոքարկվելու և վերաքննիչ դատարանի կողմից չբեկանվելու դեպքում այն օրինական ուժի մեջ է մտնում վերաքննիչ դատարանի համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելու պահից:

3. Վճիռը բողոքարկվելու և վերաքննիչ դատարանի կողմից մասնակի բեկանվելու դեպքում վճռի չբեկանված մասն օրինական ուժի մեջ է մտնում վերաքննիչ դատարանի համապատասխան որոշումն ուժի մեջ մտնելու պահից:

4. Վճիռը բողոքարկվելու և վերաքննիչ դատարանի կողմից վերաքննիչ բողոքը վերադարձնելու կամ դրա ընդունումը մերժելու դեպքում դատարանի վճիռն օրինական ուժի մեջ է մտնում վերաքննիչ բողոքը վերադարձնելու կամ դրա ընդունումը մերժելու մասին որոշումը բողոքարկելու համար սահմանված ժամկետն ավարտվելու պահից, իսկ եթե վերաքննիչ դատարանի համապատասխան որոշումը բողոքարկվում է Վճռաբեկ դատարան, ապա` Վճռաբեկ դատարանի կողմից վճռաբեկ բողոքը վերադարձվելու, առանց քննության թողնվելու, վարույթ ընդունելը մերժվելու կամ վճռաբեկ բողոքը մերժվելու պահից:

5. Գործի վարույթը հաշտության համաձայնությամբ ավարտելու մասին վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

6. Ալիմենտ բռնագանձելու, կերակրողին կորցնելու դեպքում վնասի հատուցման, ինչպես նաև որդեգրման վերաբերյալ վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

7. Եթե հայցագինը կամ դրամական արտահայտությամբ գնահատված հայցի առարկայի արժեքը չի գերազանցում նվազագույն աշխատավարձի հիսնապատիկը, ապա դատարանի վճիռն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից:

8. Վճիռը հրապարակման պահից մտնում է օրինական ուժի մեջ նաև սույն օրենսգրքով նախատեսված այլ դեպքերում:

9. Վճիռը բացառիկ դեպքերում կարող է հրապարակման պահից հայտարարվել օրինական ուժի մեջ մտած, եթե դա չանելն անխուսափելիորեն կառաջացնի ծանր հետևանքներ գործին մասնակցող անձի համար:

(198-րդ հոդվածը խմբ. 22.10.25 ՀՕ-366-Ն)

&#9878Հոդված 199. Առաջին ատյանի դատարանի որոշումները

1. Առաջին ատյանի դատարանն առանձին ակտի ձևով կայացնում է այն որոշումները, որոնք`

1) ենթակա են բողոքարկման.

2) կայացվում են դատական նիստից դուրս.

3) սույն օրենսգրքի համաձայն՝ պետք է կայացվեն առանձին ակտի ձևով:

2. Սույն հոդվածի 1-ին մասում չնշված որոշումները դատարանի հայեցողությամբ կարող են կայացվել առանձին ակտի ձևով կամ ամրագրվել դատական նիստի արձանագրության մեջ:

3. Առաջին ատյանի դատարանի որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման պահից, եթե սույն օրենսգրքով այլ բան նախատեսված չէ:

3.1. Առաջին ատյանի դատարանի վերջնական աստրենտ նշանակելու, դրա չափը փոփոխելու կամ աստրենտը դադարեցնելու և դատական ակտի կատարման շրջադարձ կատարելու վերաբերյալ դիմումի քննության արդյունքներով կայացրած որոշումներն օրինական ուժի մեջ են մտնում հրապարակման պահից երկու շաբաթ անց։

4. Առաջին ատյանի դատարանի առանձին ակտի ձևով կայացված որոշումը գործին մասնակցող անձանց հանձնվում է առձեռն, իսկ դրա անհնարինության դեպքում նրանց է ուղարկվում կայացման պահից եռօրյա ժամկետում, եթե սույն օրենսգրքով այլ ժամկետ սահմանված չէ:

(199-րդ հոդվածը լրաց. 11.04.24 ՀՕ-193-Ն)

(11.04.24 ՀՕ-193-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

&#9878Հոդված 200. Դատարանի առանձին ակտի ձևով կայացված որոշման բովանդակությունը

1. Առաջին ատյանի դատարանի` առանձին ակտի ձևով կայացված որոշման մեջ պետք է նշվեն`

1) առաջին ատյանի դատարանի անվանումը, դատարանի կազմը, գործի համարը, որոշումը կայացնելու տարին, ամիսը, ամսաթիվը, հայցի առարկան,

2) գործին մասնակցող անձանց անունը (անվանումը),

3) հարցը, որի վերաբերյալ որոշում է կայացվում,

4) հիմնավորումները, որոնցով դատարանը հանգել է հետևությունների` օրենքների և այլ իրավական ակտերի վկայակոչմամբ,

5) քննարկվող հարցի վերաբերյալ եզրահանգումը,

5.1) կատարում ենթադրող որոշում կայացնելու դեպքում նշում` որոշման եզրափակիչ մասի կատարում ենթադրող մասերի և դրանք կամովին չկատարվելու դեպքում պարտապանի հաշվին դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության միջոցով կատարելու մասին,

6) որոշումը բողոքարկելու կարգը և ժամկետը, եթե այն ենթակա է բողոքարկման, իսկ եթե որոշումը բողոքարկման ենթակա չէ, ապա նշում այդ մասին:

(200-րդ հոդվածը լրաց. 11.04.24 ՀՕ-193-Ն)

(11.04.24 ՀՕ-193-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

ԵՆԹԱԲԱԺԻՆ ԵՐԿՐՈՐԴ

ՀԱՏՈՒԿ ՀԱՅՑԱՅԻՆ ՎԱՐՈՒՅԹՆԵՐ

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։