Հոդված 1. Սույն օրենսգրքի գործողության ոլորտը
Հոդված 1. Սույն օրենսգրքի գործողության ոլորտը
1. Սույն օրենսգիրքը սահմանում է Հայաստանի Հանրապետության վարչական դատարանում (այսուհետ` վարչական դատարան), Հայաստանի Հանրապետության վարչական վերաքննիչ դատարանում (այսուհետ` վերաքննիչ դատարան) և Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատում (այսուհետ` վճռաբեկ դատարան, իսկ բոլորը միասին այսուհետ` դատարան) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ու դրանց պաշտոնատար անձանց նորմատիվ իրավական և վարչական ակտերի, գործողությունների կամ անգործության դեմ ֆիզիկական և իրավաբանական անձանց դատական պաշտպանության իրավունքի իրականացման կարգը, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հիման վրա հարկային մարմնի կողմից օրենքով պահպանվող գաղտնի տեղեկություն ստանալու վերաբերյալ դիմումների, ինչպես նաև հարկային հսկողության շրջանակում բանկային գաղտնիք համարվող տեղեկություններ ստանալու վերաբերյալ և հարկային մարմնի առգրաված էլեկտրոնային սարքերում կամ կրիչներում պարունակվող թվային տվյալների զննում կատարելու թույլտվություն ձեռք բերելու վերաբերյալ դիմումների քննության կարգը, ինչպես նաև ֆիզիկական և իրավաբանական անձանց դեմ վարչական մարմինների և պաշտոնատար անձանց հայցադիմումների քննության կարգը։
(1-ին հոդվածը փոփ. 09.02.22 ՀՕ-25-Ն, լրաց. 12.04.22 ՀՕ-97-Ն, 23.12.22 ՀՕ-599-Ն, լրաց. 28.02.24 ՀՕ-96-Ն)
(09.02.22 ՀՕ-25-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
⚖Հոդված 2. Վարչական դատավարության մասին օրենսդրությունը
1. Վարչական դատավարության կարգը սահմանվում է սույն օրենսգրքով և «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով, իսկ սույն օրենսգրքով նախատեսված դեպքերում` նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքով։
2. Վարչական դատավարությունն իրականացվում է գործի քննության ժամանակ գործող օրենքով։
(2-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-212-Ն)
⚖Հոդված 3. Վարչական դատարան դիմելու իրավունքը
1. Յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ սույն օրենսգրքով սահմանված կարգով իրավունք ունի դիմելու վարչական դատարան, եթե համարում է, որ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կամ դրա պաշտոնատար անձի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ`
1) խախտվել են կամ անմիջականորեն կարող են խախտվել նրա` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ (այսուհետ՝ Սահմանադրություն), միջազգային պայմանագրերով, օրենքներով կամ այլ իրավական ակտերով ամրագրված իրավունքները և ազատությունները, ներառյալ, եթե`
ա. խոչընդոտներ են հարուցվել այդ իրավունքների և ազատությունների իրականացման համար,
բ. չեն ապահովվել անհրաժեշտ պայմաններ այդ իրավունքների իրականացման համար, սակայն դրանք պետք է ապահովվեին Սահմանադրության, միջազգային պայմանագրի, օրենքի կամ այլ իրավական ակտի ուժով.
2) նրա վրա ոչ իրավաչափորեն դրվել է որևէ պարտականություն.
3) նա վարչական կարգով ոչ իրավաչափորեն ենթարկվել է վարչական պատասխանատվության։
1.1. Հասարակական կազմակերպությունները վարչական դատարան կարող են դիմել նաև սույն օրենսգրքի 29.3-րդ գլխով նախատեսված դեպքերում:
1.2. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 287-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերով վարչական ակտերը կարող են վիճարկվել դատական կարգով միայն վարչական կարգով բողոքարկվելուց (գանգատարկվելուց) հետո:
2. Վարչական դատարան կարող են դիմել նաև վարչական մարմինները կամ պաշտոնատար անձինք`
1) ֆիզիկական կամ իրավաբանական անձին վարչական պատասխանատվության ենթարկելու պահանջով, եթե օրենքով նախատեսված է, որ վարչական պատասխանատվության կարող է ենթարկել միայն դատարանը.
2) ֆիզիկական կամ իրավաբանական անձանց որոշակի իրավունքներից զրկելու կամ նրանց վրա որոշակի պարտականություններ դնելու պահանջով, եթե օրենքով դա վերապահված է դատարանին.
2.1) (կետն ուժը կորցրել է 08.12.17 ՀՕ-260-Ն)
3) ընդդեմ մեկ այլ վարչական մարմնի` իրավասության վերաբերյալ վեճով, եթե այդ վեճը ենթակա չէ լուծման վերադասության կարգով.
4) ընդդեմ մեկ այլ վարչական մարմնի՝ սույն օրենսգրքի 29.2-րդ գլխով նախատեսված դեպքերում:
2.1. Օրենքով նախատեսված դեպքերում վարչական դատարան կարող են դիմել նաև ընտրություններին մասնակցող կուսակցությունը, կուսակցությունների դաշինքը, համայնքի ղեկավարի կամ ավագանու անդամի թեկնածուն կամ այդ ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական կազմակերպությունները, ինչպես նաև հանրաքվեի ժամանակ՝ քարոզչության կողմը՝ սույն օրենսգրքի 29-րդ գլխով սահմանված կարգով անձին վարչական պատասխանատվության ենթարկելու մասին գործերով:
3. Վարչական դատարան կարող են դիմել նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինները կամ պաշտոնատար անձինք` ընդդեմ վարչական մարմնի, եթե համարում են, որ այդ մարմնի վարչական ակտով, գործողությամբ կամ անգործությամբ խախտվել կամ անմիջականորեն կարող են խախտվել պետության կամ համայնքի այն իրավունքները, որոնց պաշտպանության լիազորությունը դրված է իրենց վրա, եթե այդ վեճը ենթակա չէ լուծման վերադասության կարգով։
4. Նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով վարչական դատարան կարող է դիմել նաև Մարդու իրավունքների պաշտպանը, ինչպես նաև Երևանի ավագանու խմբակցությունը` սույն օրենսգրքի 26-րդ գլխին համապատասխան։
5. (մասն ուժը կորցրել է 23.03.18 ՀՕ-212-Ն)
6. Վարչական դատարան կարող է դիմել նաև հարկային մարմինը Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հիման վրա բանկերում և այլ ֆինանսական կազմակերպություններում օրենքով պահպանվող գաղտնի տեղեկություն (այսուհետ՝ գաղտնի տեղեկություն) հարկման նպատակով ստանալու վերաբերյալ գործերով՝ սույն օրենսգրքի 31.7-րդ գլխին համապատասխան:
7. Հարկային մարմինը վարչական դատարան կարող է դիմել նաև հարկային հսկողության շրջանակում օրենքով պահպանվող բանկային գաղտնիք համարվող տեղեկություն ստանալու վերաբերյալ գործերով` սույն օրենսգրքի 31.8-րդ գլխին համապատասխան:
8. Հարկային մարմինը վարչական դատարան կարող է դիմել նաև հարկային հսկողության շրջանակում հարկային մարմնի առգրաված էլեկտրոնային սարքերում կամ կրիչներում պարունակվող թվային տվյալների զննում կատարելու թույլտվություն ձեռք բերելու վերաբերյալ գործերով` սույն օրենսգրքի 31.9-րդ գլխին համապատասխան:
(3-րդ հոդվածը լրաց. 21.06.14 ՀՕ-89-Ն, 17.12.14 ՀՕ-250-Ն, 18.05.15 ՀՕ-66-Ն, 16.12.16 ՀՕ-38-Ն, փոփ. 08.12.17 ՀՕ-260-Ն, 23.03.18 ՀՕ-212-Ն, լրաց. 07.09.18 ՀՕ-377-Ն, 23.10.19 ՀՕ-207-Ն, 12.04.22 ՀՕ-97-Ն, 23.12.22 ՀՕ-599-Ն, 28.02.24 ՀՕ-96-Ն)
(հոդվածը 28.02.24 ՀՕ-98-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2024 թվականի հուլիսի 1-ից)
(28.02.24 ՀՕ-98-Ն օրենքն ունի անցումային դրույթ)