Անցնել բովանդակությանը
ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2025-08-01-ից մինչև 2026-01-01։Բացել գործող տեքստը
ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԼՈՒԾՈՒՄԸ ԴԱՏԱՐԱՆՈՒՄԳլուխ 17 · ԴԱՏԱՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Հոդված 101.4. Իրավունքի իրականացման սահմանափակում կիրառելու առանձնահատկությունները

գործել է մինչև 2026-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 101.4. Իրավունքի իրականացման սահմանափակում կիրառելու առանձնահատկությունները

1. Իրավունքի իրականացման սահմանափակումը դատավարության մասնակցի, նրա ներկայացուցչի կամ դատավարությանը մասնակցող այլ անձի` սույն օրենսգրքով սահմանված որոշակի իրավունքների պարբերաբար չարաշահման դեպքում համապատասխան որոշմամբ դրանց իրականացման համար ժամանակային կամ քանակական պայմանների սահմանումն է:

2. Սույն հոդվածով նախատեսված դատական սանկցիան կարող է կիրառվել միայն հետևյալ իրավունքները պարբերաբար չարաշահելու դեպքում.

1) գործի նյութերին ծանոթանալը, դրանց պատճեններ ստանալը, քաղվածքներ, լուսանկարներ, լուսապատճեններ և պատճեններ անելը.

2) ինքնաբացարկ հայտնելու միջնորդություններ անելը.

3) ապացույցներ ներկայացնելը և դրանց հետազոտմանը մասնակցելը.

4) հարցեր տալը.

5) միջնորդություններ ներկայացնելը.

6) դիրքորոշում ներկայացնելը:

3. Սույն հոդվածով նախատեսված դատական սանկցիայի կիրառումը չպետք է բացառի համապատասխան իրավունքի բուն իրացումը:

4. Եթե դատարանը գտնում է, որ դատավարության մասնակիցը, նրա ներկայացուցիչը կամ դատավարությանը մասնակցող այլ անձը դրսևորել են այնպիսի վարքագիծ կամ կատարել են այնպիսի արարք, որը կարող է հանգեցնել իրավունքի իրականացման սահմանափակում սանկցիայի կիրառման, ապա այդ անձը հասկանալի ձևով նախազգուշացվում է դատարանի՝ սանկցիա կիրառելու իրավասության մասին, պարզաբանվում են սանկցիա կիրառելու հիմքերը և հետևանքները: Եթե դատավարության մասնակիցը, նրա ներկայացուցիչը կամ դատավարությանը մասնակցող այլ անձը նախազգուշացումից հետո կատարում են սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված գործողություններից որևէ մեկը, ապա դատավորն իրավասու է այդ անձի նկատմամբ կիրառելու իրավունքի իրականացման սահմանափակում սանկցիան:

5. Իրավունքի իրականացման սահմանափակումը դատական նիստում կիրառվելու դեպքում կայացվում է նույն դատական նիստում դատարանի արձանագրային որոշմամբ, որն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, իսկ դատական նիստից դուրս կայացվելու դեպքում՝ առանձին դատական ակտով:

6. Իրավունքի իրականացման սահմանափակման ենթարկված անձի կամ նրա ներկայացուցչի միջնորդությամբ դատարանն իրավունք ունի վերականգնելու իրավունքի իրականացումը՝ վերացնելով կիրառված ժամանակային կամ քանակական պայմանները:

(101.4-րդ հոդվածը լրաց. 04.12.24 ՀՕ-489-Ն)

(04.12.24 ՀՕ-489-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։