Հոդված 21. Կողմերի հավասարությունը և մրցակցությունը
Հոդված 21. Կողմերի հավասարությունը և մրցակցությունը
1. Դատարանում վարույթն իրականացվում է կողմերի հավասարության և մրցակցության հիման վրա: Կողմերի հավասարությունից և մրցակցությունից շեղում թույլատրվում է միայն ապացուցողական գործողությունների կատարման դատական երաշխիքների վարույթում, համաձայնեցման և համագործակցության վարույթներում, ինչպես նաև վճռաբեկ վարույթում և բացառիկ վերանայման վարույթներում:
2. Մեղադրանքը և պաշտպանությունը տարանջատված են. դրանք իրականացնում են տարբեր անձինք: Դատարանն ապահովում է դատական նիստին կողմերի մասնակցության իրավունքը:
3. Դատարանը, պահպանելով անկողմնակալությունը, մեղադրանքի և պաշտպանության կողմերի համար ստեղծում է բոլոր ապացույցները ներկայացնելու և համակողմանի հետազոտելու համար անհրաժեշտ պայմաններ: Դատարանը, կողմի միջնորդությամբ, սույն օրենսգրքով սահմանված կարգով, աջակցում է նրան ձեռք բերելու անհրաժեշտ ապացույցներ:
4. Դատարանում կողմերն օժտված են իրենց դիրքորոշումը ներկայացնելու և պաշտպանելու հավասար հնարավորություններով: Դատական ակտի հիմքում կարող են դրվել միայն այնպիսի ապացույցներ, որոնց հետազոտման ընթացքում կողմերից յուրաքանչյուրի համար ապահովվել են հավասար պայմաններ:
5. Դատարանը սահմանափակված է մեղադրանքի հիմքում դրված փաստական հանգամանքներով, սակայն կաշկանդված չէ մեղադրյալին վերագրվող արարքին տրված իրավական գնահատականով: Օրենքի կիրառման կամ մեկնաբանման վերաբերյալ կողմերի դիրքորոշումները դատարանի համար պարտադիր չեն: