Հոդված 46. Պաշտպանի պարտադիր մասնակցությունը
Հոդված 46. Պաշտպանի պարտադիր մասնակցությունը
1. Վարույթին պաշտպանի մասնակցությունը պարտադիր է ձերբակալված անձին ձերբակալման որոշումը հանձնելու պահից, իսկ եթե սույն օրենսգրքով սահմանված ժամկետում այն չի հանձնվել, ապա նրան ազատությունից փաստացի զրկելուց հետո 6 ժամը լրանալու պահից կամ անձին մեղադրանք ներկայացնելու պահից, քանի դեռ վարույթն իրականացնող մարմինը սույն օրենսգրքով սահմանված դեպքերում և կարգով չի ընդունել մեղադրյալի հրաժարվելը պաշտպանից:
2. Վարույթն իրականացնող մարմինը չի ընդունում պաշտպանից մեղադրյալի հրաժարվելը կամ անհապաղ միջոցներ է ձեռնարկում վարույթին պաշտպանի մասնակցությունն ապահովելու համար, եթե՝
1) մեղադրյալի համար դժվար է ինքնուրույն պաշտպանվել հոգեկան, մտավոր կամ ֆիզիկական առողջության խնդիր ունենալու պատճառով.
2) մեղադրյալը չի տիրապետում կամ ոչ բավարար չափով է տիրապետում հայերենին.
3) մեղսագրվող արարքը կատարելու պահին մեղադրյալն անչափահաս է.
4) մեղադրյալը պարտադիր ժամկետային զինծառայող է.
5) մեղադրյալը դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատական ակտով ճանաչվել է անգործունակ.
6) տվյալ անձի նկատմամբ իրականացվում է բժշկական բնույթի հարկադրանքի միջոցների կիրառման վարույթ.
7) տվյալ մեղադրյալի նկատմամբ իրականացվում է հեռակա վարույթ.
8) մեղադրյալների շահերի միջև կան հակասություններ, և նրանցից մեկը պաշտպան ունի.
9) դատարանը կայացրել է տվյալ մեղադրյալին առնչվող ցուցմունքի դեպոնացում կատարելու մասին որոշում.
10) մեղադրյալը միջնորդել է կիրառել համաձայնեցման կամ համագործակցության կամ արագացված կամ համաձայնությամբ տուգանք նշանակելու վարույթ.
11) մեղադրյալի նկատմամբ կիրառվել է սույն օրենսգրքի 141-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով նախատեսված դատավարական սանկցիա.
12) մեղադրյալը միջնորդել է դատական նիստն անցկացնել իր բացակայությամբ.
13) վարույթն իրականացնող մարմինը պաշտպանին ազատել է հետագա վարույթին մասնակցելուց.
14) վարույթն իրականացնող մարմինը պաշտպանին հեռացրել է վարույթից.
14.1) դատավորի փոխարինումից հետո դատարանը կայացրել է վարույթն ընդհատված պահից շարունակելու վերաբերյալ որոշում.
14.2) ներկայացվել է սույն օրենսգրքի 268-րդ հոդվածի 2.2-րդ մասով նախատեսված միջնորդություն.
14.3) ներկայացվել է սույն օրենսգրքի 330-րդ հոդվածի 1-ին մասի 4.1-ին կետով նախատեսված հիմքով միջնորդություն.
15) դա է պահանջում արդարադատության շահը:
3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում, երբ մեղադրյալը պաշտպան չունի, վարույթն իրականացնող մարմինը պարտավոր է ապահովել պաշտպանի մասնակցությունը վարույթին այն պարտադիր դարձնող համապատասխան հիմքն ի հայտ գալուց անմիջապես հետո:
(46-րդ հոդվածը լրաց. 23.12.22 ՀՕ-577-Ն, 16.01.24 ՀՕ-32-Ն, 18.06.26 ՀՕ-239-Ն, 18.06.26 ՀՕ-244-Ն)
(23.12.22 ՀՕ-577-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
(18.06.26 ՀՕ-239-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(18.06.26 ՀՕ-244-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)