Անցնել բովանդակությանը
ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-07-06-ից մինչև 2026-07-26։Բացել գործող տեքստը
ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻՆ ՆԵՐԳՐԱՎՎԱԾ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ԵՎ ԱՆՁԻՆՔԳլուխ 8 · ՎԱՐՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՆՀՆԱՐԻՆՈՒԹՅՈՒՆԸ

Հոդված 64. Ինքնաբացարկը, բացարկը կամ վարույթին մասնակցելուց ազատելը

գործել է մինչև 2026-07-26Բացել ARLIS-ում

Հոդված 64. Ինքնաբացարկը, բացարկը կամ վարույթին մասնակցելուց ազատելը

1. Ինքնաբացարկի, բացարկի կամ վարույթին մասնակցելուց ազատելու համար հիմք են հանդիսանում քրեական վարույթին համապատասխան անձանց մասնակցությունը բացառող՝ սույն գլխով նախատեսված հանգամանքները:

2. Վարույթին ներգրավված անձինք, որոնք տեղեկություններ ունեն քրեական վարույթին իրենց մասնակցությունը բացառող հանգամանքների վերաբերյալ, պարտավոր են դրանց մասին հայտնել վարույթի շահագրգիռ մասնակիցներին և վարույթն իրականացնող մարմնին, իսկ այն դեպքում, երբ համոզմունք ունեն իրենց մասնակցությամբ վարույթի բնականոն ընթացքի անհնարինության վերաբերյալ՝ հայտնել ինքնաբացարկ կամ ներկայացնել վարույթին մասնակցելուց իրենց ազատելու մասին միջնորդություն:

3. Վարույթի մասնավոր մասնակիցն իրավունք ունի ցանկացած պահի բացարկ հայտնելու վարույթի հանրային մասնակցին: Դատավորին բացարկ կարող է հայտնվել մինչև հիմնական դատալսումները սկսելը, բացառությամբ այն դեպքի, երբ բացարկ հայտնողը կհիմնավորի, որ բացարկի հիմքն իրեն հայտնի է դարձել հիմնական դատալսումներն սկսվելուց հետո և մինչ այդ չէր կարող հայտնի լինել։

4. Բացարկը, ինքնաբացարկը կամ վարույթին մասնակցելուց ազատելու միջնորդությունը պետք է լինեն փաստարկված: Նույն անձին նույն փաստարկմամբ բացարկ կարող է հայտնվել միայն մեկ անգամ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։