Հոդված 182.4. Կարանտին սահմանելու մասին որոշմամբ կիրառվող սահմանափակումների խախտումը
Հոդված 182.4. Կարանտին սահմանելու մասին որոշմամբ կիրառվող սահմանափակումների խախտումը
1. Կարանտին սահմանելու մասին որոշմամբ սահմանված համաճարակի (կարանտինային) գոտի մուտքի և ելքի հատուկ ռեժիմը խախտելը`
առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև յոթանասունապատիկի չափով:
2. Կարանտինի ընթացքում անձանց ազատ տեղաշարժվելու իրավունքի կամ տրանսպորտային միջոցների տեղաշարժման սահմանափակումները խախտելը, ինչպես նաև դրանց զննման իրականացմանը խոչընդոտելը`
առաջացնում են նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով։
3. Կարանտինի ընթացքում տնտեսական գործունեության առանձին տեսակների իրականացման և ծառայությունների մատուցման, ինչպես նաև տնտեսական գործունեությամբ չզբաղվող այլ կազմակերպությունների գործունեության սահմանափակումները խախտելը`
առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:
4. Սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված արարքը վարչական տույժ նշանակելու օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրհիսնապատիկից մինչև հինգհարյուրապատիկի չափով:
5. Կարանտինի ընթացքում հավաքներ կազմակերպելու կամ անցկացնելու սահմանափակումները խախտելը՝
առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:
6. Կարանտինի ընթացքում հավաքների մասնակցելու սահմանափակումները խախտելը՝
առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:
7. Կարանտինի ընթացքում հանրային միջոցառումներ կազմակերպելու, անցկացնելու կամ դրանց մասնակցելու սահմանափակումները և արգելքները խախտելը`
առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:
8. Կարանտինի ընթացքում կանոնավոր փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցների սահմանափակումները խախտելը, ինչպես նաև դրանց զննման իրականացմանը խոչընդոտելը`
առաջացնում են նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:
9. Կարանտինի ընթացքում մեկուսացման կամ օբսերվացիայի կանոնները խախտելը՝
առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով:
10. Կարանտինի ընթացքում անհատական պաշտպանության միջոցների կիրառման կանոնները խախտելը՝
առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով։
11. Կարանտինի ընթացքում կրթական հաստատությունների կողմից սահմանված միջոցառումները և սահմանափակումները խախտելը՝
առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից մինչև հարյուրապատիկի չափով:
12. Սույն հոդվածի 10-րդ մասով նախատեսված իրավախախտում հայտնաբերելու դեպքում լիազորված մարմինը (պաշտոնատար անձը) այդ իրավախախտումը կատարած անձին իրազեկում է իրավախախտման հատկանիշները վերացնելու դեպքում վարչական պատասխանատվության չենթարկվելու հնարավորության մասին: Անձը վարչական պատասխանատվության չի ենթարկվում, եթե իրազեկումից անմիջապես հետո սկսում է իրականացնել վարչական իրավախախտման հատկանիշներն անմիջականորեն վերացնելուն ուղղված գործողություններ: Այդ դեպքում լիազորված մարմինը (պաշտոնատար անձը) վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չի կազմում:
(182.4-րդ հոդվածը լրաց. 04.09.20 ՀՕ-405-Ն, լրաց., փոփ. 28.02.24 ՀՕ-118-Ն)