Հոդված 72. Հաշվանցումների (պակասեցումների) կատարման սահմանափակումները
Հոդված 72. Հաշվանցումների (պակասեցումների) կատարման սահմանափակումները
1. Օրենսգրքի 70-րդ և 74-րդ հոդվածներով սահմանված կարգով բյուջե վճարման ենթակա կամ բյուջեից փոխհատուցման ենթակա ԱԱՀ-ի գումարների հաշվարկման նպատակով ԱԱՀ-ի հաշվանցումներ (պակասեցումներ) չեն կատարում`
1) ԱԱՀ վճարող չհամարվողները.
2) եթե ձեռք բերված և (կամ) ներմուծված ապրանքները, ընդունված աշխատանքները և (կամ) ստացված ծառայությունները վերագրվում են ԱԱՀ-ից ազատված գործարքներին, բացառությամբ Օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 19-րդ և 31-րդ կետերով սահմանված դեպքերի, երբ ԱԱՀ-ի հաշվանցումները (պակասեցումները) կատարվում են Օրենսգրքով սահմանված կարգով՝ անկախ ձեռք բերված և (կամ) ներմուծված ապրանքները, ընդունված աշխատանքները և (կամ) ստացված ծառայությունները ԱԱՀ-ից ազատված գործարքներին վերագրվելու հանգամանքից.
3) եթե ձեռք բերված և (կամ) ներմուծված ապրանքները, ընդունված աշխատանքները և (կամ) ստացված ծառայությունները վերագրվում են Օրենսգրքի 13-րդ բաժնով սահմանված՝ հարկման հատուկ համակարգերի շրջանակներում հարկման ենթակա գործարքներին.
4) եթե ձեռք բերված և (կամ) ներմուծված ապրանքները, ընդունված աշխատանքները և (կամ) ստացված ծառայությունները վերագրվում են այն գործարքներին, որոնք, Օրենսգրքի 60-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, չեն համարվում ԱԱՀ-ով հարկման օբյեկտ.
5) եթե ձեռք բերված և (կամ) ներմուծված ապրանքները, ընդունված աշխատանքները և (կամ) ստացված ծառայությունները վերագրվում են Օրենսգրքի 67-րդ հոդվածով սահմանված սահմանափակումներից որևէ մեկի խախտմամբ դուրս գրված հարկային հաշվին վերաբերող գործարքին.
6) եթե հարկային հաշիվը, Օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 55-րդ կետի համաձայն, համարվում է անապրանք փաստաթուղթ.
7) եթե հարկային հաշվին վերաբերող գործարքը, Օրենսգրքի 41-րդ հոդվածի համաձայն, ճանաչվել է անվավեր.
8) եթե ոչ իրացման նպատակով ձեռք են բերվել և (կամ) ներմուծվել են թեթև մարդատար ավտոմեքենաներ, բացառությամբ այն դեպքերի, երբ թեթև մարդատար ավտոմեքենաներն օգտագործվում են վարձույթով տրամադրելու համար: Սույն կետի կիրառության իմաստով, համարվում է, որ թեթև մարդատար ավտոմեքենան ձեռք է բերվել և (կամ) ներմուծվել է ոչ իրացման նպատակով, եթե ավտոմեքենայի սեփականության իրավունքը օրենքով սահմանված կարգով ստացել է պետական գրանցում:
(72-րդ հոդվածը փոփ. 21.12.17 ՀՕ-266-Ն)