Հոդված 244. Փոխադրամիջոցների գույքահարկի դրույքաչափերը
Հոդված 244. Փոխադրամիջոցների գույքահարկի դրույքաչափերը
1. Ավտոմոբիլային տրանսպորտի միջոցների համար փոխադրամիջոցների գույքահարկի տարեկան գումարը հաշվարկվում է հետևյալ դրույքաչափերով.
1) մինչև 10 նստատեղ ունեցող մարդատար ավտոմեքենաների համար, եթե հարկման բազան`
ա. 1-ից 120 (ներառյալ) ձիաուժ է, ապա յուրաքանչյուր ձիաուժի համար` 200 դրամ,
բ. 121-ից 250 (ներառյալ) ձիաուժ է, ապա յուրաքանչյուր ձիաուժի համար` 300 դրամ, ինչպես նաև 150 ձիաուժը գերազանցող յուրաքանչյուր ձիաուժի համար` լրացուցիչ 1000 դրամ,
գ. 251 և ավելի ձիաուժ է, ապա յուրաքանչյուր ձիաուժի համար` 500 դրամ, ինչպես նաև 150 ձիաուժը գերազանցող յուրաքանչյուր ձիաուժի համար` լրացուցիչ 1000 դրամ.
2) 10 և ավելի նստատեղ ունեցող մարդատար ավտոմեքենաների և բեռնատար (բեռնաուղևորատար) ավտոմեքենաների համար, եթե հարկման բազան`
ա. 1-ից 200 (ներառյալ) ձիաուժ է, ապա յուրաքանչյուր ձիաուժի համար` 100 դրամ,
բ. 201 և ավելի ձիաուժ է, ապա յուրաքանչյուր ձիաուժի համար` 200 դրամ:
2. Մոտոցիկլետների համար փոխադրամիջոցների գույքահարկի տարեկան գումարը հաշվարկվում է հարկման բազայի յուրաքանչյուր ձիաուժի համար 40 դրամ դրույքաչափով:
3. Ջրային փոխադրամիջոցների, ձյունագնացների և մոտոամենագնացների (քվադրոցիկլերի) համար փոխադրամիջոցների գույքահարկի տարեկան գումարը հաշվարկվում է հարկման բազայի յուրաքանչյուր ձիաուժի համար 150 դրամ դրույքաչափով:
4. Ավտոմոբիլային տրանսպորտային միջոցի թողարկման ամսաթիվը ներառող հարկային տարվա և դրան հաջորդող երկու հարկային տարիներից յուրաքանչյուր հարկային տարվա համար գույքահարկը հաշվարկվում է 100 տոկոսով:
5. Ավտոմոբիլային տրանսպորտային միջոցի թողարկման ամսաթիվը ներառող հարկային տարվան հաջորդող երրորդ և հետագա յուրաքանչյուր հարկային տարվա համար գույքահարկի գումարը պակասեցվում է հարկի գումարի տասը տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան գույքահարկի գումարի 50 տոկոսը:
6. Անկախ սույն հոդվածի 5-րդ մասի դրույթներից, բեռնատար կամ բեռնաուղևորատար ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի թողարկման ամսաթիվը ներառող հարկային տարվան հաջորդող 20-րդ հարկային տարվանից սկսած` տվյալ ավտոմոբիլային տրանսպորտի միջոցի համար փոխադրամիջոցների գույքահարկ չի հաշվարկվում և չի վճարվում:
7. Փոխադրամիջոցների հարկման բազան կիլովատերով արտահայտված լինելու դեպքում փոխադրամիջոցների գույքահարկի տարեկան գումարը հաշվարկվում է` համապատասխան հզորության նկատմամբ կիրառելով 1.36 գործակից:
8. Համայնքի ավագանին համայնքի ղեկավարի առաջարկությամբ կարող է մինչև տասը տոկոսով բարձրացնել տվյալ համայնքի բյուջե վճարվող փոխադրամիջոցների գույքահարկի հաշվարկման` սույն հոդվածի 1-3-րդ մասերով սահմանված դրույքաչափերը: