Հոդված 412. Աշխատողի աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չձևակերպելը և (կամ) սահմանված ժամկետում աշխատողի համար գրանցման հայտ չներկայացնելը
Հոդված 412. Աշխատողի աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով չձևակերպելը և (կամ) սահմանված ժամկետում աշխատողի համար գրանցման հայտ չներկայացնելը
1. Աշխատողի աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու (այսինքն` աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի և գրավոր պայմանագրի բացակայության) և (կամ) նոր աշխատողի համար Օրենսգրքի 156-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում գրանցման հայտ չներկայացնելու փաստը հարկային մարմնի կողմից իրականացվող համալիր կամ թեմատիկ հարկային ստուգումների ընթացքում՝ Կառավարության սահմանած կարգով, իսկ ապօրինի գործունեություն իրականացնողների մոտ` օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում Կառավարության սահմանած կարգով արձանագրվելու դեպքում գործատուից (այդ թվում` ապօրինի գործունեություն իրականացնողներից կամ սահմանված կարգով հաշվառված և արտոնագիր ստացած` անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանցից) գանձվում է տուգանք` յուրաքանչյուր չձևակերպված վարձու աշխատողի համար 250.000 դրամի չափով:
2. Սույն հոդվածի 1-ին մասի կիրառության իմաստով՝ նոր աշխատողի համար Օրենսգրքի 156-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում գրանցման հայտ չներկայացնելու համար սահմանված տուգանքը կիրառվում է միայն այն դեպքում, երբ համալիր կամ թեմատիկ հարկային ստուգմամբ հայտնաբերվել է փաստացի աշխատանք կատարող, որի համար գրանցման հայտը չի ներկայացվել մինչև ստուգումը փաստացի սկսելու օրվան նախորդող օրվա ավարտը:
(412-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-261-Ն, խմբ. 21.06.18 ՀՕ-338-Ն)