Հոդված 258. Շրջանառության հարկի դրույքաչափերը
Հոդված 258. Շրջանառության հարկի դրույքաչափերը
1. Շրջանառության հարկով հարկման օբյեկտ համարվող գործարքների հարկման բազայի նկատմամբ շրջանառության հարկը հաշվարկվում է հետևյալ դրույքաչափերով` հաշվի առնելով սույն հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված դրույթները.
Եկամտի տեսակը Դրույքաչափը (տոկոս)
Առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ստացվող եկամուտներ, բացառությամբ Կառավարության սահմանած ցանկում ներառված երկրորդային հումքի առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից, անշարժ գույքի օտարումից ստացվող եկամուտների 5
Կառավարության սահմանած ցանկում ներառված երկրորդային հումքի առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ստացվող եկամուտներ 1.5
Խմբագրությունների կողմից թերթերի օտարումից եկամուտներ 1.5
Արտադրական գործունեությունից ստացվող եկամուտներ 3.5
Վարձակալական վճար, տոկոս, ռոյալթի, անշարժ գույքի օտարումից ստացվող եկամուտներ 10
Նոտարական գործունեությունից ստացվող եկամուտներ 10
Վիճակախաղերի կազմակերպման գործունեությունից ստացվող եկամուտներ 25
Հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունից ստացվող եկամուտներ 6
Հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողների կողմից Հայաստանի Հանրապետությունում կիրառվող՝ տնտեսական գործունեության դասակարգչի «Հանրային սննդի կազմակերպում» հատվածում չներառվող՝ այլ ակտիվների օտարումից, ինչպես նաև այլ գործունեությունից ստացվող եկամուտներ 20
Այլ գործունեությունից կամ այլ ակտիվների օտարումից ստացվող եկամուտներ 5
2. Հաշվետու ժամանակաշրջանի համար առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ձևավորվող հարկման բազայի մասով (բացառությամբ Կառավարության սահմանած ցանկում ներառված երկրորդային հումքի առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ձևավորվող հարկման բազայի) սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դրույքաչափով հաշվարկված շրջանառության հարկի գումարը նվազեցվում է տվյալ հաշվետու ժամանակաշրջանում անմիջական վաճառքի նպատակով ձեռք բերված ապրանքների գծով կատարված` Օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերով, ինչպես նաև նույն հոդվածի 11-րդ և 13-րդ մասերով սահմանված փաստաթղթերով հիմնավորված ծախսերի (ներառյալ` ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և (կամ) բնապահպանական հարկի գումարները), ինչպես նաև Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքների մասով ներմուծման մաքսային հայտարարագրերում արտացոլված մաքսային արժեքի, հաշվարկված մաքսատուրքի, ԱԱՀ-ի և (կամ) բնապահպանական հարկերի հանրագումարի կամ ներմուծման հարկային հայտարարագրերում արտացոլված` ԱԱՀ-ով հարկման բազայի, հաշվարկված ԱԱՀ-ի և (կամ) բնապահպանական հարկի հանրագումարի (այսուհետ սույն գլխում` ապրանքներ ձեռք բերելու ծախսեր) չորս տոկոսը կազմող գումարի չափով: Եթե սույն մասով սահմանված նվազեցումներից հետո շրջանառության հարկի գումարը կազմում է առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ձևավորվող հարկման բազայի 1.5 տոկոսից պակաս գումար, ապա ապրանքներ ձեռք բերելու ծախսերի գծով նվազեցումը կատարվում է այն չափով, որ շրջանառության հարկի գումարը կազմի առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ձևավորվող հարկման բազայի 1.5 տոկոսը: Սույն մասին համապատասխան` շրջանառության հարկի գումարից ապրանքներ ձեռք բերելու ծախսերի գծով չնվազեցված մասը (այդ թվում` հաշվետու ժամանակաշրջանի համար առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ձևավորվող հարկման բազայի բացակայության դեպքում)` սույն մասի պահանջների պահպանմամբ, նվազեցվում է հետագա հաշվետու ժամանակաշրջանների համար առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ձևավորվող հարկման բազայի նկատմամբ հաշվարկվող շրջանառության հարկի գումարից:
3. Հաշվետու ժամանակաշրջանի համար հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունից ձևավորվող հարկման բազայի մասով սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դրույքաչափերով հաշվարկված շրջանառության հարկի գումարը նվազեցվում է տվյալ հաշվետու ժամանակաշրջանում հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեության հետ կապված՝ Օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերով, ինչպես նաև նույն հոդվածի 11-13-րդ մասերով սահմանված փաստաթղթերով հիմնավորված ծախսերի (բացառությամբ հիմնական միջոցներ ձեռք բերելու կամ կառուցելու ծախսերի, հիմնական միջոցների վրա կատարվող կապիտալ և ընթացիկ ծախսերի ու հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն մասհանումների, ինչպես նաև խոհարարական արտադրանք չհանդիսացող այլ ակտիվների օտարման դեպքում՝ դրանք ձեռք բերելու ծախսերի) հանրագումարի երեք տոկոսը կազմող գումարի չափով: Եթե սույն մասով սահմանված նվազեցումներից հետո շրջանառության հարկի գումարը կազմում է հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունից ձևավորվող հարկման բազայի չորս տոկոսից պակաս գումար, ապա ծախսերի գծով նվազեցումը կատարվում է այն չափով, որ շրջանառության հարկի գումարը կազմի հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունից ձևավորվող հարկման բազայի չորս տոկոսը: Սույն մասի կիրառության իմաստով՝ ծախսերի մեջ ներառվում են նաև ձեռք բերվող կամ ներմուծվող ապրանքների համար վճարվող մաքսատուրքի, ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և (կամ) բնապահպանական հարկի գումարները:
4.
(258-րդ հոդվածը փոփ., լրաց., խմբ. 21.12.17 ՀՕ-266-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-261-Ն, 21.06.18 ՀՕ-338-Ն, 25.06.19 ՀՕ-68-Ն)
(258-րդ հոդվածի 1-ին, 2-րդ և 4-րդ մասերը 25.06.19 ՀՕ-68-Ն օրենքի 44-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 4-րդ և 6-րդ կետերի փոփոխություններով ուժի մեջ կմտնեն 01.01.20-ին:)
(258-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերը 25.06.19 ՀՕ-68-Ն օրենքի 71-րդ հոդվածի համաձայն ուժի մեջ են մտնում 25.06.19 ՀՕ-68-Ն օրենքի պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և կիրառվում են 2019 թվականի հունվարի 1-ից հետո ընկած ժամանակահատվածում ներառվող հաշվետու ժամանակաշրջանների համար հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունից ստացվող եկամուտների մասով շրջանառության հարկի հաշվարկման նպատակով:)