Հոդված 391. Ակցիզային դրոշմանիշերով և (կամ) դրոշմապիտակներով դրոշմավորման պարտավորություն կրողները
Հոդված 391. Ակցիզային դրոշմանիշերով և (կամ) դրոշմապիտակներով դրոշմավորման պարտավորություն կրողները
1. Ակցիզային դրոշմանիշերով և (կամ) դրոշմապիտակներով դրոշմավորման (այսուհետ սույն գլխում՝ նաև դրոշմավորում) պարտավորություն են կրում ԵՏՄ անդամ չհամարվող պետություններից` «Բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով և ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն դրոշմավորման ենթակա ապրանքներ ներմուծող և (կամ) Հայաստանի Հանրապետությունում դրոշմավորման ենթակա ապրանքներ արտադրող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը, բացառությամբ սույն հոդվածով սահմանված դեպքերի:
2. Կազմակերպությունների (բացառությամբ մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունների) կամ անհատ ձեռնարկատերերի պատվերով դրոշմավորման ենթակա ապրանքներն այլ հարկ վճարողների կողմից արտադրվելու կամ շշալցվելու կամ այլ կերպ տարայավորվելու (փաթեթավորվելու) և պատվիրատուին վերադարձվելու դեպքում դրոշմավորման պարտավորությունը կրում է պատվիրատուն:
3. Մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունների և մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձանց պատվերով դրոշմավորման ենթակա ապրանքներն այլ հարկ վճարողների կողմից արտադրվելու կամ շշալցվելու կամ այլ կերպ տարայավորվելու (փաթեթավորվելու) և պատվիրատուին վերադարձվելու դեպքում դրոշմավորման պարտավորությունը կրում է այդ ապրանքներն արտադրողը կամ շշալցնողը կամ այլ կերպ տարայավորողը (փաթեթավորողը):
4. Որպես գրավի առարկա՝ գրավառուին հանձնված` դրոշմավորման ենթակա չդրոշմավորված ապրանքների տնօրինման իրավունքն օրենսդրությամբ սահմանված կարգով գրավառուին անցնելու դեպքում դրոշմավորման պարտավորությունը կրում է գրավատուն:
5. Օրենսգրքի 5-րդ գլխով սահմանված կարգով իրականացվող համատեղ գործունեության դեպքում դրոշմավորման պարտավորությունը կրում է համատեղ գործունեության հաշվետու մասնակիցը:
6. Արտադրող կամ ներմուծող չհանդիսացող՝ դրոշմավորման ենթակա ապրանքներ օտարող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը մինչև օրենքով սահմանված՝ դրոշմավորման ենթակա ապրանքներն իրենց կողմից առանց դրոշմավորման օտարելու վերջնաժամկետը ներառյալ կարող են Կառավարության սահմանած կարգով դրոշմավորել իրենց մոտ առկա՝ դրոշմավորման ենթակա ապրանքների գույքագրված մնացորդները:
Սույն մասով սահմանված դեպքում արտադրող կամ ներմուծող չհանդիսացող՝ դրոշմավորման ենթակա ապրանքներ օտարող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի նկատմամբ կիրառվում են դրոշմավորման պարտավորություն կրող հարկ վճարողների համար սույն գլխով և ակցիզային դրոշմանիշերի ու դրոշմապիտակների համակարգի կիրառությունն ապահովող համապատասխան իրավական ակտերով սահմանված կարգավորումները, եթե օրենսդրությամբ այլ բան սահմանված չէ:
(391-րդ հոդվածը փոփ. 21.12.17 ՀՕ-266-Ն, 23.03.18 ՀՕ-261-Ն)