Անցնել բովանդակությանը
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2022-07-01-ից մինչև 2022-07-07։Բացել գործող տեքստը
ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՀԱՇՎԵՏՎԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՇՎԱՐԿԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸԳլուխ 8 · ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱ ԿԱՏԱՐՈՒՄԸ

Հոդված 39. Աշխատանքի կատարման և ծառայության մատուցման վայրը

գործել է մինչև 2022-07-07Բացել ARLIS-ում

Հոդված 39. Աշխատանքի կատարման և ծառայության մատուցման վայրը

1. Աշխատանքի կատարման և (կամ) ծառայության, բացառությամբ էլեկտրոնային ծառայության, մատուցման վայրը համարվում է Հայաստանի Հանրապետությունը, եթե՝

1) կատարվող աշխատանքները և (կամ) մատուցվող ծառայությունները անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող կամ կառուցվող կամ կառուցվելիք անշարժ գույքի հետ։ Սույն կետում նշված աշխատանքներին և (կամ) ծառայություններին մասնավորապես վերաբերում են՝

ա. շինարարության նախապատրաստման և իրականացման (ներառյալ՝ հետախուզման, նախագծման, դիզայներական, մոնտաժային, հեղինակային և տեխնիկական վերահսկողության) աշխատանքները և ծառայությունները,

բ. անշարժ գույքի նորոգման, վերականգնման և կանաչապատման աշխատանքները և ծառայությունները,

գ. անշարժ գույքի առք ու վաճառքի գործակալների ու փորձագետների կողմից կատարվող աշխատանքները և մատուցվող ծառայությունները (ներառյալ՝ անշարժ գույքի գնահատման ծառայությունները),

դ. անշարժ գույքը վարձակալության (այդ թվում՝ լիզինգի (տարատեսակների) կամ օգտագործման տրամադրելու ծառայությունները.

2) կատարվող աշխատանքները և (կամ) մատուցվող ծառայությունները անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող շարժական գույքի (այդ թվում՝ տրանսպորտային միջոցի) հետ, բացառությամբ շարժական գույքի վարձակալության (այդ թվում՝ լիզինգի (տարատեսակների) կամ օգտագործման տրամադրելու ծառայությունների).

3) մշակույթի, արվեստի, ուսուցման (կրթության), գիտության, առողջապահության, ֆիզիկական կուլտուրայի, զբոսաշրջության, հանգստի և սպորտի ոլորտի ծառայությունները փաստացի մատուցվում են Հայաստանի Հանրապետության տարածքում.

4) կազմակերպությունը, որի գտնվելու վայրը, Օրենսգրքի 4-րդ գլխի համաձայն, համարվում է Հայաստանի Հանրապետությունը կամ ֆիզիկական անձը, որի բնակության վայրը, Օրենսգրքի 4-րդ գլխի համաձայն, համարվում է Հայաստանի Հանրապետությունը կամ մշտական հաստատությունը ընդունում է հետևյալ աշխատանքները կամ ստանում է հետևյալ ծառայությունները (այդ թվում՝ այն դեպքերում, երբ աշխատանքներն ուղղակիորեն ընդունում է կամ ծառայություններն ուղղակիորեն ստանում է ոչ ռեզիդենտ կազմակերպությունը կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձը, սակայն դրանց օգտագործումը (սպառումը) փաստացի կատարվում է դրանց մշտական հաստատության կողմից).

ա. արտոնագրերի, լիցենզիաների, ծանուցումների, թույլտվությունների, առևտրային նշանների, ապրանքային նշանների, հեղինակային իրավունքներ և համանման այլ ծառայություններ,

բ. էլեկտրոնային հաշվողական մեքենաների և տվյալների բազաների (հաշվիչ տեխնիկայի ծրագրային միջոցների և տեղեկատվական արտադրանքի) ծրագրերի մշակման աշխատանքներ, ծառայություններ, դրանց հարմարեցման ու ձևափոխման ծառայություններ,

գ. խորհրդատվական, իրավաբանական, հաշվապահական, աուդիտորական, ինժեներական, գովազդային, դիզայներական, մարկետինգային ծառայություններ, տեղեկատվության մշակման (այդ թվում՝ տեղեկատվության հավաքման ու ընդհանրացման) և փոխանցման (հաղորդման), գիտահետազոտական, փորձարարական-կոնստրուկտորական և փորձարարական-տեխնոլոգիական (տեխնոլոգիական) աշխատանքներ, ինչպես նաև սույն ենթակետում նշված ծառայություններին համանման այլ ծառայություններ,

դ. անձնակազմի (աշխատակիցների) աշխատանքի տրամադրման ծառայություններ այն դեպքում, երբ անձնակազմն աշխատում է այդ ծառայությունները ստացողի գործունեության վայրում,

ե. շարժական գույքը (բացառությամբ տրանսպորտային միջոցների վարձակալության (այդ թվում՝ լիզինգի (տարատեսակների) կամ օգտագործման տրամադրելու ծառայությունների, որոնց մատուցման վայրը որոշվում է սույն մասի 6-րդ կետով սահմանված կարգով) վարձակալության (այդ թվում՝ լիզինգի (տարատեսակների) կամ օգտագործման տրամադրելու ծառայություններ),

զ. պատվիրատուի համար սույն կետով սահմանված աշխատանքները կատարող և (կամ) ծառայությունները մատուցող կազմակերպություն և (կամ) ֆիզիկական անձ ներգրավելու գործակալական ծառայություններ.

5) Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից մատուցվում են բեռների և (կամ) ուղևորների փոխադրման այնպիսի տրանսպորտային ծառայություններ, որոնք սկսվում և ավարտվում են Հայաստանի Հանրապետության տարածքում.

6) աշխատանքը կատարող և (կամ) ծառայությունը մատուցող կազմակերպության կամ մշտական հաստատության գտնվելու վայրը կամ աշխատանքը կատարող և (կամ) ծառայությունը մատուցող ֆիզիկական անձի բնակության վայրը, Օրենսգրքի 4-րդ գլխի համաձայն, համարվում է Հայաստանի Հանրապետությունը, եթե այլ բան սահմանված չէ սույն մասի 1-4-րդ կետերով և 2-րդ մասի 1-ին կետով։

2. Աշխատանքի կատարման կամ ծառայության, բացառությամբ էլեկտրոնային ծառայության, մատուցման վայրը համարվում է Հայաստանի Հանրապետությունից դուրս, եթե՝

1) կազմակերպությունը, որի գտնվելու վայրը, Օրենսգրքի 4-րդ գլխի համաձայն, չի համարվում Հայաստանի Հանրապետությունը, կամ ֆիզիկական անձը, որի բնակության վայրը, Օրենսգրքի 4-րդ գլխի համաձայն, չի համարվում Հայաստանի Հանրապետությունը, ընդունում կամ ստանում է սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կետում նշված աշխատանքները կամ ծառայությունները (բացառությամբ այն դեպքերի, երբ աշխատանքներն ուղղակիորեն ընդունում է կամ ծառայություններն ուղղակիորեն ստանում է ոչ ռեզիդենտ կազմակերպությունը կամ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձը, սակայն դրանց օգտագործումը (սպառումը) փաստացի կատարվում է դրանց մշտական հաստատության կողմից).

2) աշխատանքի կատարման կամ ծառայության մատուցման վայրը, սույն հոդվածի 1-ին և 2.1-ին մասերի համաձայն, չի համարվում Հայաստանի Հանրապետությունը:

2.1. Էլեկտրոնային ծառայությունների մատուցման վայրը համարվում է՝

1) Հայաստանի Հանրապետությունը, եթե էլեկտրոնային ծառայությունն ստանում է կազմակերպությունը, որի գտնվելու վայրը, Օրենսգրքի 4-րդ գլխի համաձայն, համարվում է Հայաստանի Հանրապետությունը, կամ անհատ ձեռնարկատերը կամ նոտարը, որի բնակության վայրը, Օրենսգրքի 4-րդ գլխի համաձայն, համարվում է Հայաստանի Հանրապետությունը.

2) Հայաստանի Հանրապետությունը, եթե էլեկտրոնային ծառայությունն ստանում է Հայաստանի Հանրապետությունում ոչ ռեզիդենտ կազմակերպության մշտական հաստատությունը (մասնաճյուղը, ներկայացուցչությունը), այդ թվում՝ այն դեպքերում, երբ էլեկտրոնային ծառայություններն ուղղակիորեն ստանում է ոչ ռեզիդենտ կազմակերպությունը, սակայն դրանց օգտագործումը (սպառումը) փաստացի կատարվում է դրանց մշտական հաստատության (մասնաճյուղի, ներկայացուցչության) կողմից.

3) Հայաստանի Հանրապետությունը, եթե էլեկտրոնային ծառայությունն ստանում է ոչ ռեզիդենտ կազմակերպությունը, որի գործադիր մարմնի մշտական գտնվելու վայրը (կառավարման վայրը) գտնվում է Հայաստանի Հանրապետությունում, և այդ կազմակերպությունը Հայաստանի Հանրապետությունում փաստացի իրականացնում է ձեռնարկատիրական գործունեություն, ինչպես նաև ստանում ծառայություններ.

4) անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձի կողմից էլեկտրոնային ծառայություն ստանալու դեպքում տվյալ պետությունը, եթե բավարարվում է հետևյալ պայմաններից որևէ մեկը.

ա. էլեկտրոնային ծառայություն ստացող ֆիզիկական անձի բնակության վայրը գտնվում է տվյալ պետությունում,

բ. բանկի գտնվելու վայրը, որում բացված է հաշիվը, որն օգտագործվում է էլեկտրոնային ծառայություն ստացող ֆիզիկական անձի կողմից այդ ծառայությունների դիմաց վճարումներ կատարելու համար, կամ էլեկտրոնային փողերով հաշվարկների իրականացման համակարգի օպերատորի գտնվելու վայրը, որի միջոցով էլեկտրոնային ծառայություն ստացող ֆիզիկական անձը վճարում է էլեկտրոնային ծառայությունների համար, գտնվում է տվյալ պետության տարածքում,

գ. էլեկտրոնային ծառայությունների ստացման նպատակով ֆիզիկական անձի օգտագործած ցանցային հասցեն գրանցված է տվյալ պետությունում (վերաբերում է համապատասխան հասցեի տարածքին),

դ. հեռախոսահամարի երկրի միջազգային ծածկագիրը, որն օգտագործում է ֆիզիկական անձը ծառայություններ ստանալու համար կամ նշվում է դրանց դիմաց վճարումների ժամանակ, տրված է տվյալ պետության կողմից:

Այն դեպքերում, երբ անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին մատուցվող էլեկտրոնային ծառայությունների մասով սույն կետին համապատասխան ծառայության մատուցման վայր են համարվում Հայաստանի Հանրապետությունը և այլ պետությունը, ծառայությունների մատուցման վայրը համարվում է Հայաստանի Հանրապետությունը, եթե Հայաստանի Հանրապետությունում միաժամանակ առկա են սույն կետի «ա»-«դ» ենթակետերով սահմանված ավելի մեծ թվով պայմաններ, քան այլ պետությունում, իսկ սույն կետի «ա»-«դ» ենթակետերով սահմանված հավասար թվով պայմանների միաժամանակյա առկայության դեպքում ծառայություն մատուցողը էլեկտրոնային ծառայության մատուցման վայրը որոշում է ինքնուրույն:

3. Եթե կազմակերպության կամ ֆիզիկական անձի կողմից կատարվում են մի քանի տեսակի աշխատանքներ և (կամ) մատուցվում են մի քանի տեսակի ծառայություններ, և մի տեսակի աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը մյուս տեսակի աշխատանքների կատարման կամ ծառայությունների մատուցման նկատմամբ կրում է օժանդակ բնույթ, ապա օժանդակ աշխատանքների կատարման կամ օժանդակ ծառայությունների մատուցման վայր է ճանաչվում հիմնական աշխատանքների կատարման կամ հիմնական ծառայությունների մատուցման վայրը։

4. Օրենսգրքի կիրառության իմաստով՝

1) աշխատանքների կամ ծառայությունների, բացառությամբ էլեկտրոնային ծառայությունների, բնորոշումն իրականացվում է Հայաստանի Հանրապետությունում կիրառվող՝ տնտեսական գործունեության տեսակների դասակարգչին համապատասխան,

2) աշխատանքը կամ ծառայությունը, բացառությամբ էլեկտրոնային ծառայության, համարվում է Օրենսգրքի համապատասխան հոդվածում, մասում, կետում կամ ենթակետում նշված այլ աշխատանքին կամ ծառայությանը համանման, եթե այն ընդգրկված է Հայաստանի Հանրապետությունում կիրառվող՝ տնտեսական գործունեության տեսակների դասակարգչի այն դասում, որում ընդգրկված են համապատասխանաբար՝ տվյալ հոդվածում, մասում, կետում կամ ենթակետում նշված այլ աշխատանքը կամ ծառայությունը:

(39-րդ հոդվածը փոփ., խմբ. 21.12.17 ՀՕ-266-Ն, փոփ. 21.06.18 ՀՕ-338-Ն, փոփ., խմբ. 25.06.19 ՀՕ-68-Ն, փոփ. 18.06.20 ՀՕ-321-Ն, փոփ., լրաց. 17.11.21 ՀՕ-359-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։