Հոդված 112. Ծախս չհամարվող տարրերը
Հոդված 112. Ծախս չհամարվող տարրերը
1. Շահութահարկով հարկման բազայի որոշման նպատակով շահութահարկ վճարողների համար ծախս չեն համարվում՝
1) սեփական կապիտալի բաշխումը մասնակիցներին` շահաբաժինների կամ նման այլ ձևով.
2) այլ հարկ վճարողի սեփական կապիտալում կատարված ներդրումները.
3) շահութահարկ վճարողի կողմից հետ գնված իր բաժնետոմսերի, բաժնեմասերի կամ փայաբաժինների իրացման և հաշվեկշռային արժեքի բացասական տարբերությունը.
4) այլ կազմակերպության լուծարման դեպքում շահութահարկ վճարողի՝ այդ կազմակերպությունում ունեցած բաժնետոմսերի, բաժնեմասերի կամ փայաբաժինների դիմաց ստացվող մնացորդային գույքի արժեքի և բաժնետոմսերի, բաժնեմասերի կամ փայաբաժինների հաշվեկշռային արժեքի բացասական տարբերությունը.
5) համատեղ գործունեության մասնակցի կողմից, որպես համատեղ գործունեության մեջ կատարվող ներդրում, համատեղ գործունեության հաշվետու մասնակցին փոխանցված ապրանքները, նրա համար կատարված աշխատանքները և (կամ) նրան մատուցված ծառայությունները.
6) ակտիվների, այդ թվում՝ արտարժույթի, արտարժույթով արտահայտված այլ ակտիվների, ինչպես նաև բանկային ոսկով և այլ թանկարժեք մետաղներով արտահայտված ակտիվների վերագնահատման բացասական արդյունքը.
7) պարտավորությունների, այդ թվում՝ արտարժույթով արտահայտված պարտավորությունների, ինչպես նաև բանկային ոսկով և այլ թանկարժեք մետաղներով արտահայտված պարտավորությունների վերագնահատման դրական արդյունքը.
8) ոչ առևտրային կազմակերպությունների անհատույց ստացած ակտիվների (այդ թվում` անդամավճարների), աշխատանքների և ծառայությունների գծով ծախսը կամ դրանց հաշվին կատարված ծախսը, այլ նվազեցումը կամ առաջացած կորուստը.
9) հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների լուծարման ծախսերը, ինչպես նաև լուծարվող հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների հաշվեկշռային արժեքները.
10) հարկ վճարողի լուծարման դեպքում միասնական հաշվին առկա՝ մինչև հազար դրամ գումարը.
11) ներդրումային ֆոնդերում մասնակցությունը հավաստող արժեթղթերի ձեռքբերման և օտարման, ինչպես նաև այդ ֆոնդերում մասնակցության հետ կապված այլ ծախսերը.
12) (կետն ուժը կորցրել է 25.06.19 ՀՕ-68-Ն)
13) ինքնավար էներգաարտադրողների կողմից էլեկտրական էներգիայի արտադրության հետ կապված ծախսերը.
14) «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19.7-րդ և 19.8-րդ հոդվածներով սահմանված գործունեության տեսակների գծով կատարվող ծախսերը.
15) տիեզերական օբյեկտների և տեխնիկայի օտարման, դրանց վերանորոգման կամ արդիականացման, երկրի հեռակա դիտարկման արբանյակային տվյալների հաղորդման, մշակման, տիեզերական օբյեկտների արձակման, վայրէջքի և թռիչքի ընթացքում դրանց կառավարման ծառայությունների մատուցման և (կամ) աշխատանքների կատարման գործունեության գծով կատարվող ծախսերը` մինչև 2030 թվականի դեկտեմբերի 31-ը.
16) բանկերի կամ վարկային կազմակերպությունների վճարած գումարները, որոնք բանկերը կամ վարկային կազմակերպություններն ստացել են որպես ապահովագրական հատուցում, որոնց մասով բանկը կամ վարկային կազմակերպությունը հանդիսանում է շահառու՝ այն մասով, որ մասով այդ գումարները, ապահովագրության պայմանագրի համաձայն, բանկերի կամ վարկային կազմակերպությունների կողմից տրամադրվում են վարկառու կամ գրավատու ֆիզիկական և իրավաբանական անձանց կամ ուղղվում են վարկառու ֆիզիկական և իրավաբանական անձանց վարկի մարմանը.
17) «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն՝ ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի կողմից ստացվող մասնակցության վճարների հաշվին կատարվող ծախսերը.
18) ազգային ֆիլմի հեռարձակման և կինոթատրոնում ցուցադրման, ինչպես նաև դրանց ընթացքում տեղադրվող գովազդի գծով կատարվող ծախսերը` 2030 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ.
19) հարկային պարտավորությունների կատարմանն ուղղվող՝ պետական կամ համայնքային բյուջեից տրամադրվող գումարների հաշվին կատարվող ծախսերը:
(112-րդ հոդվածի լրաց. 25.06.19 ՀՕ-68-Ն, 06.03.20 ՀՕ-153-Ն, 06.05.20 ՀՕ-258-Ն, 03.06.20 ՀՕ-293-Ն, փոփ. 25.06.19 ՀՕ-68-Ն, լրաց. 30.06.21 ՀՕ-304-Ն, 15.06.22 ՀՕ-149-Ն)
(25.06.19 ՀՕ-68-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(112-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի գործողությունները տարածվում են 01.01.2018 թվականից ծագած հարաբերությունների վրա` համաձայն 06.05.20 ՀՕ-258-Ն օրենքի 5-րդ հոդվածի:)
(112-րդ հոդվածի 1-ին մասի 17-րդ կետի գործողությունը տարածվում է 2018 թվականի հունվարի 1-ից հետո ծագած (ծագող) հարաբերությունների վրա` համաձայն 03.06.20 ՀՕ-293-Ն օրենքի 4-րդ հոդվածի:)
(15.06.22 ՀՕ-149-Ն օրենքն ունի անցումային դրույթ)