Անցնել բովանդակությանը
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2023-01-01-ից մինչև 2023-01-02։Բացել գործող տեքստը
ՀԱՐԿԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸԳլուխ 72 · ՀԱՐԿԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅԱՆ ՀԱՐԱԿԻՑ ԸՆԹԱՑԱԿԱՐԳԵՐԸ

Հոդված 355. Փորձաքննության ուղարկելը

գործել է մինչև 2023-01-02Բացել ARLIS-ում

Հոդված 355. Փորձաքննության ուղարկելը

1. Հարկային հսկողության ընթացքում հարկային հսկողության համար անհրաժեշտ բնագավառների հարցերի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ նշանակվում է փորձաքննություն:

2. Փորձաքննության արդյունքում փորձագետը տալիս է եզրակացություն: Փորձագետի առջև դրված հարցերը և նրա եզրակացությունը չեն կարող դուրս գալ փորձագետի հատուկ իմացությունների շրջանակներից:

3. Փորձագետն իրավունք ունի ծանոթանալու փորձաքննության առարկային վերաբերող նյութերին, միջնորդություններ ներկայացնելու լրացուցիչ նյութերի տրամադրման համար: Փորձագետը կարող է հրաժարվել եզրակացություն տալուց, եթե նրան տրամադրված նյութերը բավարար չեն, կամ նա չի տիրապետում փորձաքննությունն իրականացնելու համար բավարար գիտելիքների:

4. Կառավարության սահմանած կարգով նախատեսված դեպքերում հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձը փորձաքննության նշանակման մասին տեղեկացնում է հարկ վճարողին (գործադիր մարմնի ղեկավարին) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձին (այդ թվում` սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված իրավունքների մասին), որի վերաբերյալ կազմվում է հարկային մարմնի սահմանած ձևով արձանագրություն:

5. Փորձաքննության նշանակման և իրականացման դեպքում հարկ վճարողը (գործադիր մարմնի ղեկավարը) կամ նրան փոխարինող պաշտոնատար անձն իրավունք ունի՝

1) ներկա լինելու փորձաքննությանը և փորձագետին տալու բացատրություններ.

2) լրացուցիչ հարցեր ներկայացնելու` դրանց գծով փորձագետի եզրակացությունը ստանալու համար.

3) փորձագետին բացարկ հայտարարելու և դիմելու իր նշած անձանց փորձագետ նշանակելու համար.

4) ծանոթանալու փորձագետի եզրակացությանը:

6. Փորձագետը եզրակացությունը ներկայացնում է իր անունից՝ գրավոր: Փորձագետի եզրակացությունում շարադրվում են նրա կողմից կատարված հետազոտությունները, դրանց արդյունքում կատարված եզրակացությունները և առաջադրված հարցերի հիմնավոր պատասխանները: Եթե փորձագետը փորձաքննության ժամանակ հայտնաբերում է գործին վերաբերող պարագաներ, որոնց վերաբերյալ նրան հարցեր առաջադրված չեն եղել, ապա նա իրավունք ունի դրանց վերաբերյալ եզրակացությունները ևս ներառելու իր եզրակացության մեջ:

7. Փորձագետի եզրակացությունը կամ նրա կողմից եզրակացություն տալու անհնարինության մասին տեղեկանքը ներկայացվում է հարկային հսկողություն իրականացնող անձին, որն իրավունք ունի տալու իր բացատրությունները և առարկությունները, ինչպես նաև փորձագետի համար առաջադրելու նոր հարցադրումներ և դիմելու լրացուցիչ կամ կրկնակի փորձաքննություն նշանակելու համար:

8. Լրացուցիչ փորձաքննությունը նշանակվում է եզրակացության ոչ բավարար հստակ լինելու կամ ամբողջական չլինելու դեպքում և այն վերապահվում է նույն կամ այլ փորձագետի:

9. Կրկնակի փորձաքննություն նշանակվում է փորձագետի եզրակացության անհիմն լինելու կամ եզրակացության ճիշտ լինելու կասկածների առկայության դեպքում և այն հանձնարարվում է այլ փորձագետի:

10. Սույն հոդվածին համապատասխան փորձաքննության նշանակման, անցկացման և փորձագետի վարձատրության կարգը սահմանում է Կառավարությունը:

(355-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-261-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։