Հոդված 255. Շրջանառության հարկ վճարող համարվելուց դադարելը
Հոդված 255. Շրջանառության հարկ վճարող համարվելուց դադարելը
1. Շրջանառության հարկ վճարողը դադարում է (բացառությամբ Օրենսգրքի 254-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով սահմանված դեպքերի) այդպիսին համարվելուց, եթե`
1) հարկային մարմին է ներկայացրել հայտարարություն` նշում կատարելով ԱԱՀ վճարող համարվելու և որպես ԱԱՀ վճարող հաշվառվելու մասին` հայտարարությունում նշված օրվանից (բայց հայտարարությունը ներկայացնելու օրվան նախորդող 20-րդ օրվանից ոչ շուտ) մինչև հայտարարությունում նշված հարկային տարվա ավարտը.
2) ընթացիկ հարկային տարում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունը գերազանցել է 115 միլիոն դրամը` գերազանցելու պահից մինչև տվյալ հարկային տարվա ավարտը.
3) տեղի է ունեցել Օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ, 3-րդ, 5-րդ կամ 7-րդ կետերում նշված փաստերից որևէ մեկը` այդ փաստը տեղի ունենալու օրվանից մինչև տվյալ հարկային տարվա ավարտը.
4) (կետն ուժը կորցրել է 12.04.22 ՀՕ-103-Ն)
5) տեղի է ունեցել Օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետում նշված փաստը` այդ փաստը տեղի ունենալու օրը ներառող հարկային տարվա սկզբից, իսկ եթե հարկ վճարողը պետական գրանցում է ստացել կամ հաշվառվել է կամ որպես նոտար նշանակվել է ավելի ուշ, ապա պետական գրանցման կամ հաշվառման կամ որպես նոտար նշանակման օրվանից: Օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետում նշված որոշումը դատական կարգով բողոքարկվելու դեպքում առևտրային կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները շարունակում են համարվել շրջանառության հարկ վճարողներ, իսկ Օրենսգրքի 254-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետում նշված որոշումն անվավեր չճանաչելու վերաբերյալ դատարանի վճիռն ուժի մեջ մտնելու դեպքում փոխկապակցված ճանաչված առևտրային կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները դադարում են համարվել շրջանառության հարկ վճարողներ սույն կետով սահմանված ժամկետից:
2. Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ, 3-րդ և 5-րդ կետերով սահմանված փաստերից որևէ մեկը տեղի ունենալու օրվանից մինչև այդ օրվան հաջորդող 20-րդ օրը ներառյալ առևտրային կազմակերպությունը, անհատ ձեռնարկատերը կամ նոտարը հարկային մարմին է ներկայացնում հայտարարություն` նշելով շրջանառության հարկ վճարող համարվելուց դադարելու համապատասխան հիմքը և օրը:
(255-րդ հոդվածը փոփ., լրաց. 21.06.18 ՀՕ-338-Ն, փոփ., լրաց., խմբ. 25.06.19 ՀՕ-68-Ն, փոփ. 12.04.22 ՀՕ-103-Ն)
(25.06.19 ՀՕ-68-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(12.04.22 ՀՕ-103-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(255-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետը՝ «այդ փաստը տեղի ունենալու օրը ներառող հարկային տարվա սկզբից» բառակապակցության Օրենքն ուժի մեջ մտնելուց առաջ ծագած իրավահարաբերությունների վրա տարածելու մասով, ճանաչվել է Սահմանադրության 73-րդ հոդվածի 1-ին մասին հակասող և անվավեր 14.12.18 ՍԴՈ-1437 որոշմամբ:)