Հոդված 269. Միկրոձեռնարկատիրության սուբյեկտների կողմից հարկերի և վճարների հաշվարկումը և վճարումը
Հոդված 269. Միկրոձեռնարկատիրության սուբյեկտների կողմից հարկերի և վճարների հաշվարկումը և վճարումը
1. Միկրոձեռնարկատիրության սուբյեկտներն ազատվում են միկրոձեռնարկատիրության մասով առաջացող բոլոր պետական հարկերի հաշվարկման և պետական բյուջե վճարման պարտավորությունից (այդ թվում` որպես հարկային գործակալ` հարկը հաշվարկելու, պահելու և պետական բյուջե փոխանցելու պարտավորությունից, ինչպես նաև Օրենսգրքի 135-րդ հոդվածով սահմանված` շահութահարկի կանխավճարների կատարման պարտավորությունից), բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքերի:
2. Միկրոձեռնարկատիրության սուբյեկտները չեն ազատվում`
1) Հայաստանի Հանրապետություն ներմուծվող (այդ թվում` ԵՏՄ անդամ պետություններից) ապրանքների մասով Օրենսգրքով սահմանված կարգով հարկերի հաշվարկման և պետական բյուջե վճարման պարտավորությունից.
2) միկրոձեռնարկատիրության մեջ ներգրավված վարձու աշխատողներին հարկային գործակալի կողմից վճարվող (հաշվարկվող) հարկվող եկամուտներից յուրաքանչյուր վարձու աշխատողի համար ամսական հինգ հազար դրամի չափով եկամտային հարկ հաշվարկելու և վճարելու պարտավորությունից (այդ թվում` ոչ ամբողջական ամսվա համար), որը այդ եկամուտների մասով համարվում է եկամտային հարկի գծով վերջնական հարկային պարտավորություն.
3) Օրենսգրքով սահմանված կարգով ակցիզային հարկի, բնապահպանական հարկի և (կամ) ճանապարհային հարկի հաշվարկման և պետական բյուջե վճարման պարտավորությունից:
3. Միկրոձեռնարկատիրության հարկման համակարգի շրջանակներում եկամուտների հաշվառումն իրականացվում է Օրենսգրքի 6-րդ բաժնով սահմանված կարգով:
(269-րդ հոդվածը լրաց. 24.11.22 ՀՕ-450-Ն)
(հոդվածը 24.11.22 ՀՕ-450-Ն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին կետի փոփոխությամբ ուժի մեջ է մտնում 2023 թվականի հուլիսի 1-ից)
(24.11.22 ՀՕ-450-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)