Անցնել բովանդակությանը
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2024-07-18-ից մինչև 2024-09-01։Բացել գործող տեքստը
Այս հոդվածն ուժը կորցրել է 2024-09-01-ից։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը։
ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄԸԳլուխ 78 · ԳՈՒՅՔԻ ԱՐԳԵԼԱՆՔԻ ԿԻՐԱՌՈՒԹՅԱՆ ՀԻՄՔԵՐԸ, ԸՆԹԱՑԱԿԱՐԳԸ ԵՎ ԳՈՒՅՔԸ ԱՐԳԵԼԱՆՔԻՑ ՀԱՆԵԼԸ

Հոդված 433. Բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների վրա արգելանք դնելը

գործել է մինչև 2024-09-01ուժը կորցրածԲացել ARLIS-ում

Հոդված 433. Բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների վրա արգելանք դնելը

1. Սույն հոդվածով սահմանված՝ բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների վրա արգելանք դնելու գործընթացն իրականացվում է էլեկտրոնային համակարգի միջոցով, որի գործողության կարգը և պայմանները սահմանվում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի և Կառավարության լիազոր պետական կառավարման մարմնի համատեղ իրավական ակտով: Հարկ վճարողի բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների վրա արգելանք դնելու մասին որոշումը բանկերին և պետական մարմիններին ուղարկվում է էլեկտրոնային համակարգի միջոցով:

2. Առևտրային բանկերն անմիջապես արգելանք են դնում որոշման ստացման պահի դրությամբ հարկ վճարողի բանկային հաշիվներում (այդ թվում՝ որոշման ստացումից հետո բացվող բանկային հաշիվներում) առկա դրամական միջոցների վրա` որոշմամբ նախատեսված պարտավորության գումարի չափով, որի մասին առևտրային բանկերը տեղեկատվություն (այդ թվում՝ տվյալ բանկում վարվող՝ հարկ վճարողին պատկանող բանկային հաշիվներում առկա պարտավորության չափով արգելանքի տակ դրված գումարի վերաբերյալ) են ներկայացնում հարկային մարմին: Բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների վրա արգելանք դնելու մասին որոշմամբ առաջին հերթին արգելանք է դրվում Հայաստանի Հանրապետության դրամով ընթացիկ հաշիվների վրա, դրանց վրա դրամական միջոցների անբավարարության դեպքում, ըստ հերթականության, արգելանք է դրվում արտարժույթով ընթացիկ հաշիվների վրա, Հայաստանի Հանրապետության դրամով ավանդային հաշիվների վրա, արտարժույթով ավանդային հաշիվների վրա:

3. Հարկ վճարողի բանկային հաշիվներին դրամական միջոցների բացակայության կամ անբավարարության դեպքում առևտրային բանկերը պարտավոր են արգելանք դնել հարկ վճարողի բանկային հաշիվներին հետագայում մուտքագրվող միջոցների վրա` մինչև բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների վրա արգելանք դնելու մասին որոշմամբ նշված հարկային պարտավորության չափով գումարի ապահովումը կամ արգելանք դնելու մասին որոշման ուժը կորցնելը կամ մինչև Օրենսգրքով նախատեսված արգելանքը հանելու դեպքերի ի հայտ գալը:

4. Այն դեպքում, երբ բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների վրա արգելանք դնելու արդյունքում արգելանք է դրվում հարկ վճարողի մեկից ավելի բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների վրա, և արգելանքի տակ դրված ընդհանուր գումարը գերազանցում է հարկային պարտավորության չափը, կամ բանկային հաշիվներից որևէ մեկին առկա դրամական միջոցներով ապահովվում է հարկային պարտավորության չափը, ապա հարկային մարմինն առևտրային բանկերից ստացված տեղեկատվության հիման վրա կատարում է բանկային հաշիվներում արգելադրված գումարների հաշվարկ, որի արդյունքում հանձնարարություն է ուղարկում արգելանք դնելու մասին նույն որոշմամբ հարկ վճարողի պարտավորությունից ավելի գումարի չափով արգելանք կիրառած առևտրային բանկին (բանկերին)՝ հանելու կամ նվազեցնելու հարկային պարտավորության գումարից ավելի արգելադրված գումարի չափով արգելանքները: Նշված հանձնարարությունն ստանալուց հետո՝ մեկ աշխատանքային օրվա ընթացքում, առևտրային բանկը (բանկերը) պարտավոր են հանել կամ նվազեցնել արգելանքը և համապատասխան տեղեկատվություն ներկայացնել հարկային մարմին:

5. (մասն ուժը կորցրել է 21.06.18 ՀՕ-338-Ն)

6. (մասն ուժը կորցրել է 21.06.18 ՀՕ-338-Ն)

7. Հարկ վճարողի բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների վրա արգելանք դնելու մասին որոշումը, որում բացակայում է արգելանքի տակ դրման ենթակա գումարի հստակ չափը, ենթակա չէ կատարման:

8. Բանկային հաշիվներում հարկ վճարողի ունեցած դրամական միջոցների արգելանք դնելու մասին որոշումը չի տարածվում պետական բյուջե վճարման ենթակա դրամական միջոցների փոխանցման վրա, և հարկ վճարողն իրավունք ունի այդ միջոցներից պետական բյուջե փոխանցումներ կատարելու, եթե այդ դրամական միջոցները գրավի առարկա չեն:

9. Արգելանքի տակ դրված բանկային հաշիվներում առկա դրամական միջոցներից պետական բյուջե կատարվող փոխանցումների վերաբերյալ հարկային մարմնի և բանկերի միջև տեղեկությունները փոխանակվում են հարկային մարմնի և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի համատեղ սահմանած կարգով:

(433-րդ հոդվածը փոփ. 23.03.18 ՀՕ-261-Ն, լրաց., խմբ., փոփ. 21.06.18 ՀՕ-338-Ն)

(21.06.18 ՀՕ-338-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։