Անցնել բովանդակությանը
ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ
Սա այս հոդվածի նախկին խմբագրությունն է՝ գործել է 2026-02-17-ից մինչև 2026-02-19։Բացել գործող տեքստը
ՀԱՐԿԱՅԻՆ ՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆԸԳլուխ 74 · ՀՍԿԻՉ ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ԳՈՐԾԱՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Հոդված 380.1. Էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառությունը

գործել է մինչև 2026-02-19Բացել ARLIS-ում

Հոդված 380.1. Էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառությունը

1. Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ինտերնետային կայքի կամ էլեկտրոնային հավելվածի (էլեկտրոնային առևտրային հարթակի) միջոցով ընդունվող պատվերների շրջանակներում ապրանքների մատակարարման, ծառայությունների մատուցման կամ աշխատանքների կատարման գործարքների մասով կարող է կիրառվել էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենա:

1.1. Էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից պատվերների ձևակերպման և ուղևորափոխադրումների, ինչպես նաև կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի կամ ֆիզիկական անձանց կողմից մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների իրականացման դեպքում էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառությունը պարտադիր է:

2. Էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենան ծրագրային ապահովում է, որը հնարավորություն է ընձեռում սույն հոդվածի 1-ին մասում նշված՝ հարկ վճարողների կողմից ապրանքների մատակարարման, ծառայությունների մատուցման կամ աշխատանքների կատարման գործարքների, իսկ 1.1-ին մասում նշված՝ հարկ վճարողների կողմից ուղևորափոխադրումների իրականացման գործարքների համար գեներացնելու էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոն:

3. Էլեկտրոնային կտրոնը ձևավորվում է հարկային մարմնի էլեկտրոնային կառավարման համակարգին սույն հոդվածի 4-րդ մասում նշված ձևաչափով սահմանվող տեղեկատվությունը էլեկտրոնային եղանակով փոխանցելու և հարկային մարմնի էլեկտրոնային կառավարման համակարգից էլեկտրոնային եղանակով ֆիսկալային համար ստանալու ու էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոնի վրա պարտադիր տպագրման ենթակա տեղեկատվությունն արտացոլելու միջոցով։

4. Էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենաների տեխնիկական պահանջները, դրանց հաշվառման, հաշվառումից հանման, դրանց միջոցով տրամադրվող էլեկտրոնային կտրոնի պարտադիր վավերապայմաններին ներկայացվող, ինչպես նաև ինտերնետային կայքի կամ էլեկտրոնային հավելվածին (էլեկտրոնային առևտրային հարթակին) ներկայացվող պահանջները, էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրումների, կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի կամ ֆիզիկական անձանց կողմից մարդատար տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների իրականացման դեպքում կիրառության կանոնները սահմանում է Կառավարությունը։ Էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի և հարկային մարմնի էլեկտրոնային կառավարման համակարգի միջև տեղեկատվության փոխանակումն իրականացվում է հարկային մարմնի հաստատած հատուկ ձևաչափով (վեբ ծառայության նկարագիր):

5. Էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառման կանոնները չպահպանելն առաջացնում է Օրենսգրքով սահմանված պատասխանատվություն։

(380.1-ին հոդվածը լրաց. 01.06.20 ՀՕ-280-Ն, լրաց., խմբ. 08.12.23 ՀՕ-395-Ն)

(01.06.20 ՀՕ-280-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

&#9878Հոդված 381. Հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառության կանոնները

1. Կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները պարտավոր են կանխիկ դրամով կամ վճարային քարտերի կամ վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող այլ վճարային գործիքների միջոցով դրամական հաշվարկներն իրականացնել Կառավարության սահմանած կարգով հարկային մարմնում գրանցված և Կառավարության սահմանած՝ հսկիչ դրամարկղային մեքենային ներկայացվող տեխնիկական պահանջները բավարարող հսկիչ դրամարկղային մեքենայով:

2. Հսկիչ դրամարկղային մեքենան տեղադրվում է առևտրի օբյեկտի, շրջիկ առևտրի կետի, առևտրի իրականացման վայրի վաճառատեղի, աշխատանքի կատարման վայրի կամ ծառայության մատուցման վայրի այն հատվածում, որտեղ կատարվում է վճարումը: Շրջիկ առևտրի կետերի միջոցով, ինչպես նաև Օրենսգրքի 56-րդ հոդվածի 8.1-ին մասով սահմանված դեպքերում մանրածախ վաճառք իրականացնող կամ բնակչությանը ծառայություններ մատուցող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի համար հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնի (բացառությամբ «կանխավճար» գրառում ունեցող կտրոնի) վրա սույն հոդվածի 3-րդ մասի 8-րդ և 9-րդ կետերով նախատեսված՝ ապրանքի անվանման և ԱՏԳ ԱԱ ծածկագրի, ծառայության անվանման և կոդի, գնվող ապրանքի քանակի, դրա չափման միավորի տպագրումը պարտադիր է՝ անկախ Կառավարության սահմանած կարգից ու ժամկետներից:

3. Հսկիչ դրամարկղային մեքենա կիրառող կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը և նոտարները կանխիկ դրամով կամ վճարային քարտերի կամ վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող այլ վճարային գործիքների միջոցով դրամական հաշվարկներ իրականացնելիս պարտավոր են ապրանքներ ձեռքբերողին, աշխատանքներ ընդունողին կամ ծառայություններ ստացողին տրամադրել հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոն:

Հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնի վրա պետք է տպագրված լինի հետևյալ տեղեկատվությունը (տվյալները).

1) կտրոնի հերթական համարը (ԿՀ)՝ 8 նիշ.

2) հսկիչ դրամարկղային մեքենա կիրառողի անվանումը (կազմակերպության անվանումը և կազմակերպաիրավական տեսակի հապավումը, անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի անունը, ազգանունը).

3) հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառության վայրի հասցեն, իսկ շրջիկ առևտրի կետերի միջոցով մանրածախ վաճառք իրականացնելու դեպքում՝ կազմակերպության (անհատ ձեռնարկատիրոջ) գտնվելու (հաշվառման) վայրի հասցեն, ավտոմոբիլի և (կամ) դրա կցորդի (կիսակցորդի) մակնիշը և հաշվառման համարանիշը.

4) հսկիչ դրամարկղային մեքենա կիրառողի հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ), իսկ հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնը կազմակերպության ներկայացուցչին, անհատ ձեռնարկատիրոջը կամ նրա ներկայացուցչին, նոտարին կամ նրա ներկայացուցչին տրամադրելու դեպքում՝ նաև համապատասխանաբար ապրանք ձեռք բերող, աշխատանք ընդունող և (կամ) ծառայություն ստացող կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ).

5) հսկիչ դրամարկղային մեքենայի գրանցման համարը (ԳՀ).

6) կտրոնի տպագրման վայրկյանը, րոպեն, ժամը, օրը, ամիսը, տարին, իսկ արտաքին (առևտրային) ծրագիր կիրառելու դեպքում՝ հսկիչ դրամարկղային մեքենայի կողմից գեներացվող վայրկյանը, րոպեն, ժամը, օրը, ամիսը, տարին.

7) սպասարկող բաժնի համարը, բացառությամբ «կանխավճար» գրառում ունեցող կտրոնների.

8) ապրանքի անվանումը և ԱՏԳ ԱԱ ծածկագիրը, աշխատանքի կամ ծառայության անվանումը և կոդը, իսկ հանրային սննդի ծառայությունների մատուցման դեպքում՝ նաև փաստացի մատուցվող ծառայության շրջանակներում տրամադրվող ճաշացուցակը (կերակրատեսակների, խոհարարական արտադրատեսակների, խմորեղենի և հացաբուլկեղենի և գնովի այլ ապրանքների անվանումները), բացառությամբ «կանխավճար» գրառում ունեցող կտրոնների՝ Կառավարության սահմանած կարգին և ժամկետներին համապատասխան.

9) գնվող ապրանքի քանակը, դրա չափման միավորը, բացառությամբ «կանխավճար» գրառում ունեցող կտրոնների` Կառավարության սահմանած կարգին և ժամկետներին համապատասխան.

10) կիրառված զեղչի չափը (կիրառվելու դեպքում).

11) վճարման ենթակա գումարները՝ ըստ բաժինների.

12) ընդհանուր գումարը, ներառյալ՝ ԱԱՀ-ն, եթե գործարքն իրականացնողը ԱԱՀ վճարող է և գործարքը ենթակա է ԱԱՀ-ով հարկման, բացառությամբ «կանխավճար» գրառում ունեցող կտրոնների.

13) ԱԱՀ-ի գումարը, եթե գործարքն իրականացնողը ԱԱՀ վճարող է և գործարքը ենթակա է ԱԱՀ-ով հարկման, բացառությամբ «կանխավճար» գրառում ունեցող կտրոնների.

14) պատասխանատու անձի (գանձապահի) համարը.

15) ֆիսկալավորման ռեժիմի նշանը (Ֆ).

16) «կանխավճար» գրառումը՝ կանխավճարների ստացման, ինչպես նաև այն դեպքերում, երբ պարզ չէ, թե վերցված գումարների դիմաց հետագայում ինչ ապրանքներ կիրացվեն, ինչ աշխատանքներ կկատարվեն կամ ինչ ծառայություններ կմատուցվեն.

17) հարկային մարմնի հաստատած ալգորիթմով գեներացվող ֆիսկալ համարը՝ 8 նիշ (բացառությամբ վերադարձի կտրոնների).

18) նույնականացման միջոցով դրոշմավորված ապրանքի վաճառքի դեպքում՝ նույնականացման միջոցների քանակը (բացառությամբ «կանխավճար» գրառում ունեցող կտրոնների).

19) նույնականացման միջոցներով դրոշմավորված ապրանքների վաճառքի դեպքում՝ նույնականացման միջոցների հիման վրա հարկային մարմնի հաստատած ալգորիթմով գեներացվող ստուգիչ համարը (բացառությամբ «կանխավճար» գրառում ունեցող կտրոնների):

3.1. Բացառությամբ սույն հոդվածի 3.2-րդ մասում նշված դեպքերի, հսկիչ դրամարկղային մեքենա կիրառող կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը նույնականացման միջոցներով դրոշմավորված ապրանքների վաճառքի դեպքում պարտավոր են hսկիչ դրամարկղային մեքենայի միջոցով կամ դրան միացված ծրագրային կամ տեխնիկական միջոցներով ապահովել այդ նույնականացման միջոցները շրջանառությունից հանելու վերաբերյալ տեղեկատվության փոխանցումը հարկային մարմնի միասնական շտեմարան՝ այդ նույնականացման միջոցներն սկանավորելու և հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոն տպագրելու միջոցով:

3.2. Կառավարության սահմանած դեպքերում և կարգով նույնականացման միջոցներով դրոշմավորված ապրանքների նույնականացման միջոցների վերաբերյալ տեղեկատվության փոխանցումն իրականացվում է էլեկտրոնային եղանակով:

4. Այն դեպքում, երբ նոտարական և (կամ) փաստաբանական գործունեություն իրականացնողները բնակչությանը ծառայություններ են մատուցում գործունեության (հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառության) վայրից դուրս, պարտավոր են գործունեության վայր վերադառնալով` ոչ ուշ, քան երեք ժամվա ընթացքում, հսկիչ դրամարկղային մեքենա մուտքագրել մատուցված ծառայության դիմաց ստացված գումարը, իսկ մեկ օրվա ընթացքում հսկիչ դրամարկղային մեքենայի կտրոնը տրամադրել կամ փոստով առաքել ծառայություն ստացողին:

5. Արտարժույթի առք ու վաճառքի գործունեություն իրականացնողները դրամական հաշվարկներն իրականացնում են սույն հոդվածի 1-ին մասով սահմանված պահանջները բավարարող հսկիչ դրամարկղային մեքենայով կամ դրան փոխարինող և նույն պահանջները բավարարող՝ համապատասխան ծրագիր պարունակող համակարգչային սարքավորումներով:

6. Կանխիկ դրամով կամ վճարային քարտերի կամ վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող այլ վճարային գործիքների միջոցով իրականացվող դրամական հաշվարկների համար սույն գլխին համապատասխան հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառությունը պարտադիր չլինելու դեպքում տեղադրված և կիրառվող հսկիչ դրամարկղային մեքենայի միջոցով արձանագրված շրջանառությունը հիմք չէ հարկերի հաշվարկման համար, իսկ այդ հսկիչ դրամարկղային մեքենան հարկային մարմնում գրանցումից հանվում է (գրանցված լինելու դեպքում) Կառավարության սահմանած կարգով:

7. Հսկիչ դրամարկղային մեքենային և ցանցային կապի միջոցներին ներկայացվող տեխնիկական պահանջները, հսկիչ դրամարկղային մեքենան հարկային մարմնում գրանցման և գրանցումից հանման կարգը, հսկիչ դրամարկղային մեքենայի կիրառության կանոնները հաստատում է Կառավարությունը:

8. Արտարժույթի առք ու վաճառքի գործունեություն իրականացնողների կողմից կիրառվող հսկիչ դրամարկղային մեքենային փոխարինող՝ համապատասխան ծրագիր պարունակող համակարգչային սարքավորումներին և ցանցային կապի միջոցներին ներկայացվող պահանջները, հսկիչ դրամարկղային մեքենային փոխարինող՝ համապատասխան ծրագիր պարունակող համակարգչային սարքավորումների գրանցման և գրանցումից հանման կարգը, հսկիչ դրամարկղային մեքենային փոխարինող՝ համապատասխան ծրագիր պարունակող համակարգչային սարքավորումների կիրառության կանոնները սահմանում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը՝ հարկային մարմնի հետ համատեղ:

(381-րդ հոդվածը լրաց., խմբ. 21.12.17 ՀՕ-266-Ն, փոփ. 23.03.18 ՀՕ-261-Ն, 25.06.19 ՀՕ-68-Ն, 25.03.20 ՀՕ-185-Ն, լրաց., խմբ. 01.06.20 ՀՕ-280-Ն, լրաց. 12.04.22 ՀՕ-103-Ն, փոփ. 04.12.24 ՀՕ-491-Ն, լրաց. 03.07.25 ՀՕ-255-Ն)

(25.06.19 ՀՕ-68-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(01.06.20 ՀՕ-280-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

(12.04.22 ՀՕ-103-Ն օրենքն ունի անցումային դրույթ)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։