Հոդված 397. Հարկային իրավախախտումը և հարկային պատասխանատվությունը
Հոդված 397. Հարկային իրավախախտումը և հարկային պատասխանատվությունը
1. Հարկային իրավախախտում է համարվում հարկ վճարողի կամ հարկային գործակալի հակաիրավական այնպիսի գործողությունը կամ անգործությունը, որի համար Օրենսգրքով և (կամ) վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված է հարկային պատասխանատվություն:
2. Հարկային պատասխանատվությունը իրավական պատասխանատվության ինքնուրույն տեսակ է, որն ուղղված է պետության ֆինանսական կայունության և ֆինանսական շահերի ապահովմանը՝ հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտերի դրույթները խախտելու հետևանքով պետությանը պատճառված նյութական վնասի լրիվ ծավալով հատուցման, հարկային իրավախախտում կատարած հարկ վճարողի նկատմամբ լրացուցիչ պարտավորություն սահմանելու, ինչպես նաև նրան հարկային պարտավորության անհապաղ կատարումը պարտադրելու և հետագա հարկային իրավախախտումները կանխարգելելու միջոցով:
3. Հարկային իրավախախտման համար հարկ վճարողները կամ հարկային գործակալները հարկային պատասխանատվության են ենթարկվում բացառապես Օրենսգրքով և վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում և կարգով:
⚖Հոդված 398. Հարկային իրավախախտումների արձանագրումը
1. Հարկային վարչարարության իրականացման ընթացքում հնարավոր հարկային իրավախախտում հայտնաբերելուց անմիջապես հետո հարկային մարմնի պատասխանատու պաշտոնատար անձը կազմում է արձանագրություն, բացառությամբ այն դեպքերի, երբ հարկային իրավախախտումները բացահայտվում և արձանագրվում են հարկային մարմնի կողմից Օրենսգրքով սահմանված կարգով իրականացվող ստուգումների, ուսումնասիրությունների կամ օրենքով սահմանված կարգով իրականացվող օպերատիվ-հետախուզական միջոցառումների իրականացման կամ հարկ վճարողի անձնական հաշվի քարտերում հարկային պարտավորությունների հաշվառման արդյունքում:
2. Արձանագրության ձևը և լրացման կարգը հաստատում է հարկային մարմինը: Արձանագրությունը պետք է պարունակի՝
1) արձանագրությունը կազմելու վայրը, տարին, ամիսը, ամսաթիվը և համարը.
2) հնարավոր հարկային իրավախախտում կատարած անձի անունը, ազգանունը, կազմակերպության լրիվ անվանումը, ՀՎՀՀ-ն՝ առկայության դեպքում, նրա բնակության (գտնվելու վայրի) հասցեն, ֆիզիկական անձի անձնագրային տվյալները և (կամ) հանրային ծառայությունների համարանիշը (հայտնի լինելու դեպքում).
3) հնարավոր հարկային իրավախախտումների նկարագրությունը, ժամանակահատվածը, ձեռք բերված տեղեկությունները և այն իրավական նորմերը, որոնց պահանջները չեն կատարվել.
4) ձեռք բերված տեղեկությունների սահմաններում հարկային պարտավորության նախնական հաշվարկը և պատասխանատվության կիրառման իրավական հիմքերը.
5) արձանագրությունը կազմած հարկային մարմնի պաշտոնատար անձի պաշտոնը, անունը, ազգանունը, ստորագրությունը:
3. Կազմված արձանագրությանը կարող են կցվել հնարավոր հարկային իրավախախտումը հիմնավորող համապատասխան փաստաթղթեր, լուսանկարներ, էլեկտրոնային տեղեկություններ պարունակող կրիչներ, նյութեր և անհրաժեշտ տեղեկություններ պարունակող այլ իրեր:
4. Արձանագրությունը կազմելուց հետո այն ներկայացվում է հարկային մարմնի կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարին՝ հետագա ընթացքն ապահովելու նպատակով: Եթե կազմված արձանագրության հիման վրա հարուցվում է վարչական կամ քրեական վարույթ, ապա արձանագրությունը պահպանվում է վարչական կամ քրեական գործում, իսկ եթե վարույթ չի հարուցվում, այն պահպանվում է հարկ վճարողի հարկային գործում՝ հետագա հարկային հսկողության ընթացքում օգտագործելու նպատակով:
5. Հարկային մարմնում վարվող՝ հարկ վճարողի անձնական հաշվի քարտերում Օրենսգրքով կամ վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված կարգով չվճարված հարկային պարտավորությունների առաջացման դեպքում, եթե չվճարված հարկային պարտավորության չափը գերազանցում է 200 հազար դրամը, կամ չվճարված հարկային պարտավորության առաջացման օրվանից հետո անցել է երկու ամսից ավելի ժամանակ (բացառությամբ ստուգման կամ այլ վարչական ակտերով հարկային պարտավորություններ առաջադրված լինելու դեպքերի), ապա 200 հազար դրամը գերազանցող պարտավորությունների դեպքում՝ չվճարված պարտավորությունների առաջացման օրը, իսկ մինչև 200 հազար դրամ պարտավորությունների դեպքում նշված չվճարված պարտավորության առաջացման օրվանից հետո՝ երկու ամիսը լրանալու օրը, հարկ վճարողին չվճարված հարկային պարտավորությունների և սույն մասի երկրորդ և երրորդ պարբերություններով սահմանված՝ հարկային մարմնի կողմից իրականացման ենթակա գործողությունների մասին Օրենսգրքով սահմանված կարգով ուղարկվում է հիշեցում, և առաջարկվում է հիշեցումն ուժի մեջ մտնելուց հետո՝ յոթ օրացուցային օրվա ընթացքում, իր լսված լինելու իրավունքի ապահովման նպատակով առկայության դեպքում հարկային մարմին ներկայացնել գրավոր առարկություններ:
Սույն մասի առաջին պարբերությամբ նախատեսված յոթ օրացուցային օրվա ժամկետին հաջորդող աշխատանքային օրվանից հետո չկատարված հարկային պարտավորությունը չդադարելու կամ հարկ վճարողի կողմից ներկայացված առարկությունները չընդունելու վերաբերյալ պատճառաբանված եզրակացության կայացման դեպքում հարկային մարմնի ղեկավարի կամ վերջինիս լիազորած պաշտոնատար անձի կողմից ընդունվում է չվճարված հարկային պարտավորությունները գանձելու և չվճարված պարտավորության չափով հարկ վճարողի բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով գույքային իրավունքների գրանցում կամ հաշվառում նախատեսող շարժական կամ անշարժ գույքի նկատմամբ արգելանք կիրառելու վերաբերյալ որոշում: Որոշումը կայացման օրը Օրենսգրքով սահմանված կարգով ծանուցվում է հարկ վճարողին: Ներկայացված առարկությունները հարկային մարմնի կողմից ընդունվելու դեպքում վարույթը համարվում է կարճված, որի մասին Օրենսգրքով սահմանված կարգով ծանուցվում է հարկ վճարողը:
Սույն մասով նախատեսված որոշումը ուժի մեջ մտնելու օրը ուղարկվում է Հայաստանի Հանրապետության առևտրային բանկեր, շարժական կամ անշարժ գույքի հաշվառում կամ գույքային իրավունքների գրանցում իրականացնող համապատասխան լիազոր մարմիններ և անձանց:
Սույն մասի իմաստով՝ չվճարված հարկային պարտավորությունների առաջացման օր է համարվում Օրենսգրքով կամ վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված հարկային պարտավորության կատարման վերջնաժամկետի հաջորդ օրը, եթե այդ օրվա դրությամբ հարկային պարտավորությունը կատարված չէ:
5.1. (մասն ուժը կորցրել է 28.02.24 ՀՕ-104-Ն)
5.2. Օրենքով հարկեր վճարելու պարտականություն ունեցող, օրենքով սահմանված հարկային հաշվարկ չներկայացրած և հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգի անձնական էջ չունեցող ֆիզիկական անձ հարկ վճարողների չվճարված հարկային պարտավորությունների գանձումն իրականացվում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով: Վարույթի շրջանակներում փաստաթղթերը հարկ վճարողներին ծանուցվում են փոստային կապի միջոցով՝ հանձնման մասին ծանուցմամբ հարկային մարմնում առկա տեղեկություններում ժամանակագրական կարգով վերջին հաշվառման հասցեով: Փոստային կապի միջոցով փաստաթղթերը հարկ վճարողին ուղարկելուց հետո՝ 10 աշխատանքային օրվա ընթացքում, հանձնման մասին հետադարձ ծանուցում չստանալու դեպքում հարկային մարմինը նշված փաստաթղթերի իրազեկումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում տեղադրելու միջոցով, և փաստաթղթերն ուժի մեջ են մտնում կայքում տեղադրելու օրվան հաջորդող հինգերորդ օրվանից: Չկատարված պարտավորությունները գանձելու վերաբերյալ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո հարկային մարմինը Օրենսգրքի 19-րդ բաժնով սահմանված կարգով ձեռնարկում է չկատարված հարկային պարտավորությունների կատարումն ապահովող միջոցներ:
6. Հարկային մարմնի իրականացրած հարկային հսկողության արդյունքներով կազմված ստուգման կամ այլ վարչական ակտերով հարկային պարտավորություններ առաջադրված լինելու դեպքում նշված ստուգման կամ այլ վարչական ակտերը դառնում են անբողոքարկելի ուժի մեջ մտնելուց հետո՝ երկամսյա ժամկետում, և դրանցով արձանագրված հարկային պարտավորությունները հարկ վճարողի կողմից ենթակա են կատարման նշված ակտերն անբողոքարկելի դառնալու օրվան հաջորդող 10-օրյա ժամկետում:
Հարկային մարմնի իրականացրած հարկային հսկողության արդյունքներով կազմված ստուգման կամ այլ վարչական ակտերով արձանագրված հարկային պարտավորությունները սույն մասով սահմանված ժամկետում չվճարվելու օրվան հաջորդող յոթերորդ օրացուցային օրը հարկային մարմնի ղեկավարի կամ վերջինիս լիազորած պաշտոնատար անձի կողմից ընդունվում է չվճարված պարտավորության չափով հարկ վճարողի բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով գույքային իրավունքների գրանցում կամ հաշվառում նախատեսող շարժական կամ անշարժ գույքի նկատմամբ արգելանք կիրառելու վերաբերյալ որոշում: Որոշումը կայացման օրը Օրենսգրքով սահմանված կարգով ծանուցվում է հարկ վճարողին:
Սույն մասով նախատեսված որոշումը ուժի մեջ մտնելու օրը ուղարկվում է Հայաստանի Հանրապետության առևտրային բանկեր, շարժական կամ անշարժ գույքի հաշվառում կամ գույքային իրավունքների գրանցում իրականացնող համապատասխան լիազոր մարմիններ և անձանց։
7. Սույն հոդվածի 5-րդ և 6-րդ մասերին համապատասխան՝ գանձման (վճարման) ենթակա պարտավորությունները ենթակա են կատարման մինչև կատարման օրը՝ Օրենսգրքով կամ օրենքով սահմանված կարգով հաշվարկված տույժերի և տուգանքների հետ միասին:
(398-րդ հոդվածը լրաց. 21.06.18 ՀՕ-338-Ն, 03.03.21 ՀՕ-80-Ն, լրաց., փոփ. 23.03.22 ՀՕ-88-Ն, խմբ. 04.03.22 ՀՕ-55-Ն, խմբ., փոփ. 28.02.24 ՀՕ-104-Ն)
(21.06.18 ՀՕ-338-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(28.02.24 ՀՕ-104-Ն օրենքն ունի անցումային դրույթ)