Հոդված 1. Հարկային օրենսգրքի կարգավորման առարկան
Հոդված 1. Հարկային օրենսգրքի կարգավորման առարկան
1. Հարկային օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք) կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում կիրառվող հարկերի (այսուհետ՝ հարկեր) և Օրենսգրքով նախատեսված վճարների (այսուհետ՝ վճարներ) հետ կապված հարաբերությունները (այսուհետ՝ հարկային հարաբերություններ), սահմանում է Հայաստանի Հանրապետության հարկային համակարգի սկզբունքները, հարկի և վճարի հասկացությունները, տեսակները, հարկ վճարողների շրջանակը, հարկի դրույքաչափերը, հարկի հաշվարկման, վճարման, իսկ Օրենսգրքով սահմանված դեպքերում՝ հարկային պարտավորությունների գանձման կարգն ու ժամկետները, ինչպես նաև հարկային արտոնությունները:
2. Վճար վճարողների շրջանակը, վճարների դրույքաչափերը, վճարների հաշվարկման, վճարման, գանձման կարգն ու ժամկետները, ինչպես նաև վճարների գծով արտոնությունները սահմանվում են Օրենսգրքով կամ Հայաստանի Հանրապետության օրենքներով:
3. Հարկային հարաբերությունները հարկ վճարողների հաշվառման, սպասարկման, հարկերի ու վճարների սահմանման, հաշվարկման, վճարման, հարկային պարտավորությունների հաշվառման, իսկ Օրենսգրքով սահմանված դեպքերում՝ գանձման, հարկերի ու վճարների վերադարձման, հարկային արտոնությունների սահմանման, հարկ վճարողների, հարկային և լիազոր մարմինների լիազորությունների ու պարտականությունների ամրագրման, հարկային հսկողության իրականացման, Օրենսգրքի և վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքների դրույթները խախտելու համար պատասխանատվության միջոցների կիրառության, հարկային պարտավորությունների կատարման ապահովման, ինչպես նաև հարկային վեճերի լուծման հետ կապված հարաբերություններն են:
4. Մաքսային վճարների տեսակները, վճարողների շրջանակը, դրույքաչափերը, հաշվարկման և վճարման կարգն ու ժամկետները, ինչպես նաև արտոնությունները սահմանվում են Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսդրությամբ, եթե Օրենսգրքով այլ բան սահմանված չէ:
⚖Հոդված 2. Հարկային հարաբերությունների կարգավորումը
1. Հայաստանի Հանրապետությունում հարկային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, Հայաստանի Հանրապետության վավերացված միջազգային պայմանագրերով, Օրենսգրքով, վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով, դրանց հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով ընդունված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով, ինչպես նաև սույն հոդվածի 3-րդ մասի 1-6-րդ կետերում նշված իրավական ակտերով (այսուհետ՝ հարկային հարաբերությունները կարգավորող իրավական ակտեր):
2. Վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով և սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերով հարկային հարաբերությունները կարող են կարգավորվել միայն Օրենսգրքով սահմանված դեպքերում և սահմաններում:
3. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված իրավական ակտերից տարբերվող այլ իրավական ակտերով չեն կարող կարգավորվել հարկային հարաբերություններ, բացառությամբ,
1) Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի.
2) «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի.
3) Հայաստանի Հանրապետության քրեական և Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքերի.
4) «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի.
5) «Հարկային ծառայության մասին» և «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների.
6) «Տեսչական մարմինների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի:
4. Եթե հարկային հարաբերությունները կարգավորող՝ հավասար իրավական ուժ ունեցող իրավական ակտերի դրույթները պարունակում են հակասություններ, երկիմաստություններ կամ տարընթերցումներ, ապա դրանք մեկնաբանվում և կիրառվում են հարկ վճարողի օգտին:
5. Օրենսգրքով նոր տեսակի հարկի կամ վճարի սահմանում, հարկի կամ Օրենսգրքով սահմանված վճարի դրույքաչափի բարձրացում նախատեսող Հայաստանի Հանրապետության օրենքները կամ Հայաստանի Հանրապետության օրենքների նման դրույթները կարող են ուժի մեջ մտնել այդ օրենքների ընդունման օրը ներառող հարկային տարվան հաջորդող հարկային տարվա սկզբից, բայց ոչ շուտ, քան այդ օրենքների պաշտոնական հրապարակման օրը ներառող ամսվան հաջորդող յոթերորդ ամսվա սկզբից:
6. Հարկային արտոնության սահմանում նախատեսող Հայաստանի Հանրապետության օրենքները կամ Հայաստանի Հանրապետության օրենքների նման դրույթները կարող են ուժի մեջ մտնել այդ օրենքների ընդունման օրը ներառող հարկային տարվան հաջորդող հարկային տարվա սկզբից, եթե այդ օրենքներով ուժի մեջ մտնելու այլ ժամկետ սահմանված չէ:
(2-րդ հոդվածը փոփ. 03.06.19 ՀՕ-61-Ն)
(հոդվածը 18.06.26 ՀՕ-257-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում նույն օրենքի պաշտոնական հրապարակումից մեկ տարի հետո)
(18.06.26 ՀՕ-257-Ն օրենքն ունի անցումային դրույթ)