Հոդված 45. Հարկային պարտավորության դադարումը
Հոդված 45. Հարկային պարտավորության դադարումը
1. Հարկային պարտավորությունը դադարում է՝
1) երբ այն կատարվում է.
2) երբ սահմանվում է հարկային պարտավորության գծով ազատման կամ նվազեցման հարկային արտոնություն` ազատված կամ նվազեցված պարտավորության չափով.
3) երբ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի սնանկության գործը դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով ավարտվում է, և կազմակերպությունը համարվում է լուծարված, իսկ անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի գործունեությունը համարվում է դադարած.
4) երբ անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձի սնանկության գործը դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով ավարտվում է, և վճռով ֆիզիկական անձն ազատվում է բոլոր պարտավորություններից, բացառությամբ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերի.
5) երբ ֆիզիկական անձը մահանում է, բացառությամբ Օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված դեպքերի.
6) վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում.
7) երբ անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձի` երկու միլիոն դրամը չգերազանցող հարկային պարտավորությունների կատարման՝ Օրենսգրքով և վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված վերջնաժամկետից անցել է 5 տարի.
8) երբ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի՝ երկու միլիոն դրամը չգերազանցող հարկային պարտավորությունների կատարման՝ Օրենսգրքով և վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված վերջնաժամկետից անցել է 7 տարի.
9) երբ մահացած կամ դատարանի վճռով մահացած ճանաչված ֆիզիկական անձը չունի որևէ ժառանգ, կամ ժառանգը հրաժարվել է ժառանգությունից, և ֆիզիկական անձի մահվանից անցել է 5 տարի:
2. (մասն ուժը կորցրել է 25.10.23 ՀՕ-331-Ն)
3. Հարկային պարտավորությունների հաշվառման և հաշվառումից հանելու կարգը սահմանում է հարկային մարմինը:
(45-րդ հոդվածը փոփ. 21.12.17 ՀՕ-266-Ն, 23.03.18 ՀՕ-261-Ն, խմբ., լրաց., փոփ. 25.10.23 ՀՕ-331-Ն)
(25.10.23 ՀՕ-331-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(հոդվածը 18.06.26 ՀՕ-257-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում նույն օրենքի պաշտոնական հրապարակումից մեկ տարի հետո)
(18.06.26 ՀՕ-257-Ն օրենքն ունի անցումային դրույթ)