Հոդված 16. Արտարժույթով արտահայտված գործարքների ու գործառնությունների հաշվառման կանոնները
Հոդված 16. Արտարժույթով արտահայտված գործարքների ու գործառնությունների հաշվառման կանոնները
1. Արտարժույթով արտահայտված գործարքների ու գործառնությունների շրջանակներում՝
1) ապրանքների ներմուծման կամ արտահանման գործառնությունների մասով հարկման բազաները, եկամուտները և ձեռքբերման արժեքները որոշվում են՝
ա. ԵՏՄ անդամ չհամարվող պետությունից ապրանքի ներմուծման կամ ԵՏՄ անդամ չհամարվող պետություն ապրանքի արտահանման գործառնությունների դեպքում՝ համապատասխանաբար ապրանքի ներմուծման կամ ապրանքի արտահանման մաքսային հայտարարագրի գրանցման ամսաթվի դրությամբ (անկախ հետագայում այդ գործառնությունների մասով ԵՏՄ միասնական մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով ապրանքի ներմուծման ճշտված մաքսային հայտարարագիր կամ ապրանքի արտահանման ճշտված մաքսային հայտարարագիր ներկայացնելու հանգամանքից)՝ ելնելով այդ օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքից,
բ. ԵՏՄ անդամ պետությունից ապրանքի ներմուծման կամ ԵՏՄ անդամ պետություն ապրանքի արտահանման գործառնությունների դեպքում՝ համապատասխանաբար ապրանքը Հայաստանի Հանրապետության տարածք ներմուծելու (Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու) կամ ապրանքը Հայաստանի Հանրապետությունից արտահանելու (Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելու) ամսաթվի դրությամբ՝ ելնելով այդ օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքից: Այն դեպքում, երբ ապրանքը Հայաստանի Հանրապետության սահմանը հատում է օդային տրանսպորտով կամ փոստային օպերատորի կողմից մատուցվող փոստային ծառայության միջոցով, ԵՏՄ անդամ պետությունից ապրանքի ներմուծման կամ ԵՏՄ անդամ պետություն ապրանքի արտահանման գործառնությունների դեպքում հարկման բազաները, եկամուտները և ձեռքբերման արժեքները որոշվում են հաշվարկային փաստաթղթի դուրսգրման ամսաթվի դրությամբ, իսկ դրա բացակայության դեպքում՝ տրանսպորտային (փոխադրման) փաստաթղթերում (կոնոսամենտում, բեռնագրում կամ այլ փաստաթղթերում) նշված ամսաթվի դրությամբ՝ ելնելով այդ օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքից.
2) ապրանքների մատակարարման (այդ թվում՝ ապրանքների էլեկտրոնային առևտրի շրջանակներում ապրանքների մատակարարման), աշխատանքների կատարման և (կամ) ծառայությունների մատուցման գործարքների մասով (բացառությամբ սույն մասի 3-5-րդ կետերով սահմանված դեպքերի) հարկման բազաները, եկամուտները և ձեռքբերման արժեքները որոշվում են Օրենսգրքի 38-րդ և 40-րդ հոդվածներով սահմանված՝ ապրանքի մատակարարման, աշխատանքի կատարման և (կամ) ծառայության մատուցման պահը համարվող օրվա դրությամբ՝ ելնելով այդ օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքից.
3) հարկային գործակալի կողմից վճարվող՝ հարկման ենթակա եկամուտներից հարկի գումարը հաշվարկվում է այդ եկամուտների վճարման ամսաթվի դրությամբ՝ ելնելով այդ օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքից.
4) հարկային գործակալի բացակայության դեպքում հարկման ենթակա եկամուտների, ինչպես նաև այդ եկամուտների գծով ձևավորվող հարկման բազաների նկատմամբ հարկի գումարի (այդ թվում՝ օտարերկրյա պետություններում գանձված հարկերի) հաշվարկը կատարվում է Օրենսգրքով սահմանված հաշվառման մեթոդին համապատասխան` այդ եկամուտների հաշվառման ամսաթվի դրությամբ՝ ելնելով այդ օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքից.
5) արտարժույթի փոխանակման գործարքների մասով եկամուտների և ծախսերի հաշվարկը կատարվում է արտարժույթի փոխանակման ամսաթվի դրությամբ՝ ելնելով այդ օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքից.
6) բացառությամբ սույն մասի 1-5-րդ կետերում նշված գործարքների և գործառնությունների, դեբիտորական և կրեդիտորական պարտքերի սկզբնական արժեքները որոշվում են դրանց առաջացման ամսաթվի դրությամբ՝ ելնելով այդ օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքից.
7) սույն մասի 1-6-րդ կետերում չնշված գործարքների և գործառնությունների դեպքերում հարկման բազաները, եկամուտները և ձեռքբերման արժեքները որոշվում են դրանց համար Օրենսգրքով սահմանված հաշվառման մեթոդին համապատասխան` հարկման բազաների, եկամուտների և ձեռքբերման արժեքների հաշվառման ամսաթվի դրությամբ՝ ելնելով այդ օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքից:
2. Սույն հոդվածի կիրառության իմաստով՝
1) որպես տվյալ օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեք, հիմք է ընդունվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից նախորդ աշխատանքային օրը հրապարակված միջին փոխարժեքը, բացառությամբ սույն մասի երկրորդ կետով սահմանված դեպքի.
2) սույն հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված դեպքում, որպես տվյալ օրը Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հրապարակած՝ արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեք, հիմք է ընդունվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տվյալ օրը հրապարակված միջին փոխարժեքը:
(16-րդ հոդվածը լրաց. 21.12.17 ՀՕ-266-Ն, 21.06.18 ՀՕ-338-Ն, խմբ., փոփ., լրաց. 25.06.19 ՀՕ-68-Ն, լրաց. 17.11.21 ՀՕ-359-Ն, 23.12.22 ՀՕ-595-Ն, խմբ. 06.05.26 ՀՕ-234-Ն)
(21.06.18 ՀՕ-338-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(25.06.19 ՀՕ-68-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(23.12.22 ՀՕ-595-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(հոդվածը 04.03.26 ՀՕ-83-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում 2027 թվականի հունվարի 1-ից)
(04.03.26 ՀՕ-83-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(06.05.26 ՀՕ-234-Ն օրենքն ունի անցումային դրույթ)