Հոդված 72. Հաշվանցումների (պակասեցումների) կատարման սահմանափակումները
Հոդված 72. Հաշվանցումների (պակասեցումների) կատարման սահմանափակումները
1. Օրենսգրքի 70-րդ և 74-րդ հոդվածներով սահմանված կարգով բյուջե վճարման ենթակա կամ բյուջեից փոխհատուցման ենթակա ԱԱՀ-ի գումարների հաշվարկման նպատակով ԱԱՀ-ի հաշվանցումներ (պակասեցումներ) չեն կատարում`
1) ԱԱՀ վճարող չհամարվողները.
2) եթե ձեռք բերված և (կամ) ներմուծված ապրանքները, ընդունված աշխատանքները և (կամ) ստացված ծառայությունները վերագրվում են ԱԱՀ-ից ազատված գործարքներին, բացառությամբ Օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 19-րդ և 31-րդ կետերով սահմանված դեպքերի, ինչպես նաև Օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 26-րդ կետով սահմանված՝ ԱՏԳ ԱԱ 7108 խմբի ԱՏԳ ԱԱ 7108 12 000 9 ծածկագրին դասվող թանկարժեք մետաղների օտարման գործարքների, Կառավարության որոշումների հիման վրա ԱԱՀ վճարողների կողմից նվիրատվության ձևով պետությանը կամ համայնքին ապրանքի մատակարարման գործարքների, երբ ԱԱՀ-ի հաշվանցումները (պակասեցումները) կատարվում են Օրենսգրքով սահմանված կարգով՝ անկախ ձեռք բերված և (կամ) ներմուծված ապրանքները, ընդունված աշխատանքները և (կամ) ստացված ծառայությունները ԱԱՀ-ից ազատված գործարքներին վերագրվելու հանգամանքից.
3) եթե ձեռք բերված և (կամ) ներմուծված ապրանքները, ընդունված աշխատանքները և (կամ) ստացված ծառայությունները վերագրվում են Օրենսգրքի 13-րդ բաժնով սահմանված՝ հարկման հատուկ համակարգերի շրջանակներում հարկման ենթակա գործարքներին.
4) եթե ձեռք բերված և (կամ) ներմուծված ապրանքները, ընդունված աշխատանքները և (կամ) ստացված ծառայությունները վերագրվում են այն գործարքներին, որոնք, Օրենսգրքի 60-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի համաձայն, չեն համարվում ԱԱՀ-ով հարկման օբյեկտ.
5) եթե ձեռք բերված և (կամ) ներմուծված ապրանքները, ընդունված աշխատանքները և (կամ) ստացված ծառայությունները վերագրվում են Օրենսգրքի 67-րդ հոդվածով սահմանված սահմանափակումներից որևէ մեկի խախտմամբ դուրս գրված հարկային հաշվին վերաբերող գործարքին.
6) եթե հարկային հաշիվը, Օրենսգրքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 55-րդ կետի համաձայն, համարվում է անապրանք փաստաթուղթ.
7) եթե հարկային հաշվին վերաբերող գործարքը, Օրենսգրքի 41-րդ հոդվածի համաձայն, ճանաչվել է անվավեր.
8) (կետն ուժը կորցրել է 16.11.23 ՀՕ-358-Ն)
9) լիզինգատուի մոտ լիզինգի առարկայի օտարման գործարքից առաջացած` բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի և Օրենսգրքի 73-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված կարգով վերաձևակերպված ԱԱՀ-ի գումարների բացասական տարբերության չափով, եթե այդ լիզինգի առարկան մինչև օտարումը տրամադրված է եղել լիզինգի (տարատեսակների) պայմանագրով, որով նախատեսված չի եղել, որ պայմանագրի գործողության ժամկետի ավարտից հետո կամ մինչև դրա ավարտը լիզինգի առարկայի նկատմամբ սեփականության իրավունքը կարող է անցնել լիզինգառուին.
10) (կետն ուժը կորցրել է 16.11.23 ՀՕ-358-Ն)
11) եթե ոչ իրացման նպատակով 2025 թվականի օգոստոսի 1-ից հետո ձեռք են բերվել կամ ներմուծվել են թեթև մարդատար ավտոմեքենաներ, բացառությամբ այն դեպքերի, երբ թեթև մարդատար ավտոմեքենաներն օգտագործվում են վարձույթով տրամադրելու համար: Սույն կետի կիրառության իմաստով համարվում է, որ թեթև մարդատար ավտոմեքենան ձեռք է բերվել կամ ներմուծվել է ոչ իրացման նպատակով, եթե ավտոմեքենայի սեփականության իրավունքն օրենքով սահմանված կարգով ստացել է պետական գրանցում.
12) եթե 2025 թվականի օգոստոսի 1-ից հետո լիզինգի (տարատեսակների) պայմանագրերով ստացվել են թեթև մարդատար ավտոմեքենաներ, բացառությամբ այն դեպքերի, երբ թեթև մարդատար ավտոմեքենաներն օգտագործվում են վարձույթով տրամադրելու համար.
13) ոսկուց (այդ թվում՝ ոսկուց և թանկարժեք քարերից) պատրաստված իրերի առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող անձինք՝ ոսկուց (այդ թվում՝ ոսկուց և թանկարժեք քարերից) պատրաստված իրերի օտարման գործարքներին (բացառությամբ ԱԱՀ-ի 0 տոկոս դրույքաչափով հարկման ենթակա գործարքների) վերագրվող՝ այդ իրերի ձեռքբերման հարկային հաշվում կամ ներմուծման մաքսային հայտարարագրում կամ ներմուծման հարկային հայտարարագրում առանձնացված ԱԱՀ-ի գումարի չափով:
(72-րդ հոդվածը փոփ. 21.12.17 ՀՕ-266-Ն, 21.06.18 ՀՕ-338-Ն, լրաց. 18.06.20 ՀՕ-321-Ն, 13.04.23 ՀՕ-131-Ն, փոփ. 16.11.23 ՀՕ-358-Ն, լրաց. 02.07.25 ՀՕ-243-Ն, 06.05.26 ՀՕ-200-Ն, 06.05.26 ՀՕ-234-Ն)
(21.06.18 ՀՕ-338-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(18.06.20 ՀՕ-321-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(13.04.23 ՀՕ-131-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ)
(16.11.23 ՀՕ-358-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)
(02.07.25 ՀՕ-243-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(06.05.26 ՀՕ-200-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
(06.05.26 ՀՕ-234-Ն օրենքն ունի անցումային դրույթ)