Հոդված 10. Օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինները
Հոդված 10. Օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինները
1. Օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինն իրականացնում է պաշտոնական հարաբերությունները հավատարմագրման պետության հետ և ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունն այդ պետությունում և (կամ) միջազգային կազմակերպությունում:
2. Միջազգային կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցչությունն իրականացնում է պաշտոնական հարաբերություններ և ներկայացնում է Հայաստանի Հանրապետությունը միջազգային կազմակերպություններում: Կախված միջազգային կազմակերպությունում ընդունված կարգից` ներկայացուցչությունը կարող է ունենալ նաև այլ անվանում՝ առաքելություն, պատվիրակություն և այլն:
3. Օտարերկրյա պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմինն իր գործունեությամբ ենթակա և հաշվետու է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը:
4. Օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմնի գործառույթները և գործունեության հետ կապված հարցերը սահմանվում են սույն օրենքով, իր կանոնադրությամբ և այլ իրավական ակտերով: Օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմնի կանոնադրությունը հաստատում է արտաքին գործերի նախարարը:
5. Օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմնին կից կարող են գործել ռազմական, առևտրական և այլ կցորդներ, մասնագիտացած միջազգային կազմակերպություններում Հայաստանի Հանրապետության ներկայացուցիչներ, որոնք գործում են իրենց նշանակող մարմնի՝ օրենքով սահմանված լիազորությունների շրջանակում:
6. Միջազգային պայմանագրերի առկայության դեպքում օտարերկրյա պետություններում կարող են գործել այլ ներկայացուցչություններ՝ այդ պայմանագրերով սահմանված կարգով և պայմաններով:
7. Սույն հոդվածի 5-րդ և 6-րդ մասերում նշված կցորդները, ներկայացուցիչները և ներկայացուցչությունները գործում են օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմնի ղեկավարի ընդհանուր ղեկավարությամբ:
8. Սույն հոդվածում նշված կցորդների և ներկայացուցիչների նշանակման, գործունեության կարգի, կարգավիճակի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Կառավարության որոշմամբ: