Հոդված 14. Օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության մարմնի ղեկավարի նշանակումը և հետ կանչումը
Հոդված 14. Օտարերկրյա պետությունում դիվանագիտական ծառայության մարմնի ղեկավարի նշանակումը և հետ կանչումը
1. Դիվանագիտական ներկայացուցչին նշանակում և հետ է կանչում Հանրապետության նախագահը՝ վարչապետի առաջարկությամբ:
2. Վարչապետի առաջարկությանը կցվում է դեսպան կամ մշտական ներկայացուցիչ նշանակելու կամ հետ կանչելու մասին Հանրապետության նախագահի հրամանագրի նախագիծը, նշանակման դեպքում՝ կից հավատարմագրով:
3. Հանրապետության նախագահը վարչապետի առաջարկությունն ստանալուց հետո՝ եռօրյա ժամկետում, ստորագրում է առաջարկությանը կցված հրամանագրի նախագիծը կամ այն առարկություններով վերադարձնում է վարչապետին:
4. Եթե վարչապետը հնգօրյա ժամկետում չի ընդունում Հանրապետության նախագահի առարկությունը, ապա Հանրապետության նախագահը հնգօրյա ժամկետի ավարտից հետո՝ եռօրյա ժամկետում, ստորագրում է հրամանագիրը կամ դիմում է Սահմանադրական դատարան:
5. Եթե Սահմանադրական դատարանը որոշում է ընդունում Հանրապետության նախագահին վարչապետի ներկայացրած առաջարկությունը Սահմանադրությանը համապատասխանող ճանաչելու մասին, ապա Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում հրամանագիր է ընդունում դիվանագիտական ներկայացուցիչ նշանակելու կամ հետ կանչելու մասին՝ նշանակման դեպքում ստորագրելով հավատարմագիրը:
6. Եթե Հանրապետության նախագահը չի կատարում սույն հոդվածի 3-5-րդ մասերով սահմանված պահանջները, ապա, Սահմանադրության 139-րդ հոդվածի համաձայն, դիվանագիտական ներկայացուցիչը նշանակված կամ հետ կանչված է համարվում իրավունքի ուժով սույն հոդվածի 3-5-րդ մասերով սահմանված եռօրյա ժամկետի ավարտին հաջորդող օրվանից, որի մասին վարչապետն անհապաղ գրավոր հայտարարություն է տարածում և ստորագրում է նշանակման հավատարմագիրը: Գրավոր հայտարարությունն ստորագրվում է վարչապետի կողմից և հրապարակվում Կառավարության պաշտոնական կայքէջում:
7. Դիվանագիտական ներկայացուցչի պաշտոնավարման ժամկետի երկարաձգման և կրճատման ընթացակարգերի վրա տարածվում են սույն հոդվածի դրույթները: