Հոդված 1. Սահմանումներ
Հոդված 1. Սահմանումներ
Սույն Համաձայնագրում օգտագործված ներքոհիշյալ հասկացություններն ունեն հետևյալ նշանակությունը.
1. «Ներդրումներ» - այն գույքի բոլոր տեսակները, որը մի Պայմանավորվող կողմի պետության ներդրողի կողմից ներդրվում կամ վերաներդրվում է մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածքում օրենսդրությանը համապատասխան, տնտեսական գործունեություն ծավալելու նպատակով և, մասնավորապես, բայց ոչ բացառապես, ներառում է՝
ա) շարժական և անշարժ գույք և այլ գույքային իրավունքներ, ինչպիսիք են հիպոթեքը, գրավը, գրավի իրավունքը և նմանատիպ իրավունքները,
բ) բաժնեմասերը, բաժնետոմսերը, պարտատոմսերը, փայերը և ընկերություններում մասնակցության այլ ձևերը,
գ) դրամական միջոցների կամ պայմանագրային պարտավորությունների կատարման նկատմամբ ցանկացած տնտեսական արժեք ունեցող պահանջի իրավունքը,
դ) մտավոր և արդյունաբերական սեփականության իրավունքները (ինչպիսիք են՝ հեղինակային իրավունքը, գյուտի իրավունքը, օգտակար մոդելները, արդյունաբերական նմուշները, ապրանքանշանները կամ սպասարկման նշանները, ֆիրմային անվանումները, ապրանքների ծագման նշումները), «նոո-հաուն» և «գուդվիլը», ինչպես նաև երկու Պայմանավորվող կողմերի պետությունների օրենսդրությամբ ընդունվող նման այլ իրավունքները,
ե) կոնցեսիաները, որոնք տրամադրվում են այն Պայմանավորվող կողմի պետության օրենսդրությամբ, որի տարածքում իրականացվում են ներդրումներ, ներառյալ բնական պաշարների հետախուզման, մշակման, արդյունահանման և շահագործման իրավունքը:
Գույքի ներդրման կամ վերաներդրման ձևի ոչ մի իրավական փոփոխություն չի ազդի դրանց որպես ներդրումներ բնույթի վրա, պայմանով, որ այդ փոփոխությունները չեն հակասի համապատասխան Պայմանավորվող կողմի պետության օրենսդրությանը:
2. «Եկամուտ» - որևէ ներդրման արդյունքում ստացված գումարները և, մասնավորապես, բայց ոչ բացառապես, ներառում է շահույթը, շահաբաժինը, տոկոսները, գույքի արժեքի աճի արդյունքում ստացված եկամուտները, ռոյալթիի համար վճարումները և ներդրումներից ստացված այլ եկամուտները:
3. «Ներդրողները» յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի պետության համար նշանակում է՝
ա) ֆիզիկական անձինք, որոնք, Պայմանավորվող կողմերից մեկի պետության օրենսդրությանը համապատասխան հանդիսանում են նրա քաղաքացիները և ներդրումներ են իրականացնում մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածքում,
բ) իրավաբանական անձինք, որոնք ստեղծվել կամ հիմնվել են Պայմանավորվող կողմերից մեկի պետության օրենսդրության համաձայն, ունեն գտնվելու վայր այդ պետության տարածքում և ներդրումներ են իրականացնում մյուս Պայմանավորվող կողմի պետության տարածքում:
4. «Տարածք» - համապատասխան պետության տարածքը, որը ներառում է ցամաքը, ներքին ջրերը և ընդերքը, որոնց նկատմամբ այդ Պայմանավորվող կողմի պետությունը միջազգային իրավունքին համապատասխան իրականացնում է ինքնիշխան իրավունքներ կամ որի իրավազորության ներքո է այն գտնվում: