Հոդված 10. Սակագներ
Հոդված 10. Սակագներ
1. Սակագները պետք է հաստատվեն պատշաճ չափով, հաշվի առնելով բոլոր համապատասխան գործոնները, ներառյալ շահագործման ծախսերը, ներդրված գումարների դիմաց ստացվող չափավոր եկամուտը, հաղորդակցության բնույթը, օգտագործողների շահերը և այլ ավիաընկերությունների սակագները:
2. Ավիացիոն իշխանություններից ոչ մեկը իր նշանակված ավիաընկերություններից չի պահանջի, որ նախքան սակագները հաստատման ներկայացնելը նրանք խորհրդակցեն այլ ավիաընկերությունների հետ, ինչպես նաև չի կարող արգելել նման խորհրդակցությունները:
3. Սույն հոդվածի դրույթների համաձայն ներկայացված որևէ սակագին կարող է ցանկացած ժամանակ հաստատվել այն Պայմանավորվող կողմի իշխանությունների կողմից, որտեղից սակագինը պետք է կիրառվի (սկզբնաղբյուր երկրի սկզբունք): Ներկայացված սակագների վերաբերյալ ծանուցումը ավիացիոն իշխանությունները պետք է ստանան դրանց գործողության մեջ դրվելուց առնվազն տասնչորս (14) օր առաջ: Վերոհիշյալ իշխանությունների համաձայնությամբ ժամանակի այս սահմանափակումը կարող է կրճատվել:
4. Նշանակված ավիաընկերությունները պետք է Պայմանավորվող կողմերի տարածքների միջև փոխադրումների համար առաջարկված սակագները ներկայացնեն այն ավիացիոն իշխանություններին, որոնց տարածքից սակագինը կիրառվելու է այդ իշխանությունների կողմից պահանջվող ձևով: Երբ մի Պայմանավորվող կողմի նշանակված ավիաընկերությունը սակագինը ներկայացրել է այն Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանություններին, որի տարածքից այն կիրառվելու է, ապա այդպիսի սակագինը կհամարվի հաստատված, եթե այդ ավիացիոն իշխանությունները ներկայացված սակագնի վերաբերյալ ծանուցումը ստանալուց հետո տասնչորս (14) օրվա ընթացքում ներկայացնող կողմին գրավոր ձևով չհայտնեն իրենց անհամաձայնության մասին:
5. Սակագները հաստատելիս Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանությունները իրենց համաձայնությունը հայտնող գրությանը կարող են կցել սակագնի գործողության դադարեցման վերաբերյալ իրենց կողմից առաջարկվող ժամկետների մասին տվյալներ: Եթե կա սակագնի գործողության դադարեցման ժամկետ, ապա սակագինը ուժի մեջ կմնա մինչև այդ ժամկետի լրանալը, եթե չեղյալ չհամարվի համապատասխան ավիաընկերության կամ ավիաընկերությունների կողմից կամ նոր սակագին չներկայացվի և չհաստատվի մինչև համապատասխան ժամկետի լրանալը:
6. Նշանակված ավիաընկերությունները իրավունք ունեն հաստատված սակագները համապատասխանեցնել Պայմանավորվող կողմերի տարածքների միջև երթուղիների նույն կետերի միջև կիրառվող որևէ ավիաընկերության սակագների հետ: Համապատասխանեցված սակագինը, սույն կետին համապատասխան, տեղեկատվական նպատակներով կներկայացվի այն ավիացիոն իշխանություններին, որոնց տարածքից սակագինը կիրառվելու է մինչև ուժի մեջ մտնելը:
7. Այն ավիացիոն իշխանությունները, որոնց տարածքում սակագինը կիրառվելու է միայն տեղեկատվական նպատակներով, կարող են պահանջել առաջարկվող սակագինը ներկայացնել այն ձևով, ինչ ձևով իրենք հարմար են գտնում:
8. Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանությունները մյուս Պայմանավորվող կողմի ավիացիոն իշխանություններին ցանկացած ժամանակ կարող են առաջարկ ներկայացնել սույն հոդվածի դրույթների կիրառման շուրջ խորհրդակցություններ անցկացնելու վերաբերյալ: Նման խորհրդակցությունները տեղի կունենան դրանց անցկացման վերաբերյալ դիմումը ստանալուց հետո երեսուն (30) օրվա ընթացքում: