Հոդված 7. Համագործակցություն մարզական կազմակերպությունների հետ վերջիններիս կողմից ձեռնարկվելիք միջոցների վերաբերյալ
Հոդված 7. Համագործակցություն մարզական կազմակերպությունների հետ վերջիններիս կողմից ձեռնարկվելիք միջոցների վերաբերյալ
1. Կողմերը պարտավորվում են աջակցել իրենց մարզական կազմակերպություններին և վերջիններիս միջոցով` միջազգային մարզական կազմակերպություններին` իրենց իրավասության սահմաններում համապատասխան միջոցներ մշակելու և կիրառելու` սպորտում դոպինգի դեմ պայքարելու համար:
2. Այդ նպատակով նրանք աջակցում են իրենց մարզական կազմակերպություններին` պարզաբանել և ներդաշնակցել իրենց համապատասխան իրավունքներն ու պարտականությունները` մասնավորապես ներդաշնակցելով իրենց`
ա) իրավասու միջազգային մարզական կազմակերպությունների կողմից ընդունված կանոնների հիման վրա ստեղծված հակադոպինգային կանոնները.
բ) արգելված դոպինգ դեղամիջոցների և մեթոդների դեղաբանական դասերի ցուցակները, որոնք հիմնված են միջազգային մարզական իրավասու մարմինների կողմից համաձայնեցված ցուցակների վրա.
գ) հակադոպինգային ստուգման մեթոդները.
դ) կարգապահական (դիսցիպլինար) միջոցները` կիրառելով համաձայնեցված միջազգային իրավական սկզբունքները և երաշխավորելով հարգանքը այն մարզիկների ու մարզուհիների հիմնարար իրավունքների նկատմամբ, որոնց վրա կասկած է ընկնում: Այդ սկզբունքները մասնավորապես հետևյալներն են` 1) հաշվետու մարմինը պետք է տարբեր լինի կարգապահական մարմնից, 2) այդ անձինք ունեն գործի արդար քննության և օգնության կամ ներկայացուցիչ ունենալու իրավունք, 3) պետք է գոյություն ունենան հատուկ դրույթներ` կիրառելի ցանկացած կատարված դատավարության դեմ բողոքարկելու համար.
ե) արդյունավետ սանկցիաների կիրառման ընթացակարգեր` պաշտոնյաների, բժիշկների, անասնաբույժների, մարզիչների, ֆիզիոթերապևտների և այլ պատասխանատու անձանց կամ խախտման մասնակիցների նկատմամբ, որոնք որևէ կապ ունեն մարզիկների կամ մարզուհիների կողմից հակադոպինգային կանոնակարգերի խախտման հետ.
զ) նույն կամ ուրիշ երկրի մարզական այլ կազմակերպությունների կողմից առաջադրված ժամանակավոր որակազրկման (դադարեցման) կամ այլ պատժամիջոցների փոխադարձաբար ճանաչման ընթացակարգեր:
3. Բացի այդ, Կողմերը խրախուսում են իրենց մարզական կազմակերպություններին`
ա) անցկացնել բավարար քանակով հակադոպինգային ստուգումներ ոչ միայն մրցումների ընթացքում, այլև, առանց նախազգուշացման, մրցումներից դուրս` ցանկացած ժամանակ: Այդ ստուգումները պետք է կատարվեն բոլոր մարզիկների ու մարզուհիների համար հավասար պայմաններում և ներառեն ընտրված մարզիկների ստուգում և վերստուգում. անհրաժեշտության դեպքում` նաև պատահականորեն.
բ) այլ երկրների մարզական կազմակերպությունների հետ կնքել պայմանագրեր, որոնք թույլ կտան այդ երկրներից որևէ մեկում մարզվող մարզիկին կամ մարզուհուն ենթարկել հակադոպինգային ստուգման հենց այդ երկրում գործող և պատշաճ լիազորված հակադոպինգային ստուգիչ խմբի կողմից.
գ) պարզաբանել և ներդաշնակցել հակադոպինգային չափանիշներ պարունակող մարզաձևերի և միջոցառումների թույլատրելիությանը վերաբերող կանոնակարգերը.
դ) խթանել մարզիկների և մարզուհիների ակտիվ մասնակցությունը միջազգային մարզական կազմակերպությունների կողմից մղվող հակադոպինգային պայքարում.
ե) 5-րդ հոդվածում նշված լաբորատորիաներում կատարվող հակադոպինգային անալիզի համար ամբողջովին և արդյունավետ կերպով օգտագործել իրենց տրամադրության տակ եղած սարքավորումները` ինչպես մրցումների ընթացքում, այնպես էլ դրանցից դուրս.
զ) ուսումնասիրել մարզական գիտական մեթոդները և գտնել հիմնական սկզբունքները, որոնք նպատակ կունենան պաշտպանել բոլոր տարիքի և բոլոր մարզաձևերի մարզիկներին ու մարզուհիներին: