Հոդված 5. Հայտարարատուն
Հոդված 5. Հայտարարատուն
1. Սույն օրենքի համաձայն հայտարարատու է համարվում՝
1) Հայաստանի Հանրապետության ռեզիդենտը՝ Հայաստանի Հանրապետությունում և (կամ) Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս սեփականության իրավունքով իրեն պատկանող սույն օրենքով սահմանված գույք և (կամ) եկամուտ ունենալու դեպքում:
Սույն օրենքի իմաստով Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ է հանդիսանում այն ֆիզիկական անձը, որը հարկային տարում սկսվող կամ ավարտվող տասներկուամսյա ցանկացած ժամանակահատվածում գտնվել է Հայաստանի Հանրապետությունում ընդհանուր առմամբ 183 օր և ավելի, կամ որի կենսական շահերի կենտրոնը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում:
Սույն օրենքի իմաստով կենսական շահերի կենտրոն է համարվում այն վայրը, որտեղ կենտրոնացված է ֆիզիկական անձի ընտանեկան կամ տնտեսական շահերի կենտրոնը: Մասնավորապես համարվում է, որ ֆիզիկական անձի կենսական շահերի կենտրոնը գտնվում է Հայաստանի Հանրապետությունում, եթե այնտեղ է գտնվում տունը կամ բնակարանը, որտեղ բնակվում է նրա ընտանիքը և գտնվում է նրա (ընտանիքի) անձնական կամ ընտանեկան հիմնական գույքը, կամ հիմնական տնտեսական (պրոֆեսիոնալ) գործունեության իրականացման վայրը.
2) ոչ ռեզիդենտը՝ Հայաստանի Հանապետությունում սեփականության իրավունքով իրեն պատկանող սույն օրենքով սահմանված գույք ունենալու և (կամ) եկամուտ ստանալու դեպքում: Ընդ որում, սույն օրենքի իմաստով ոչ ռեզիդենտ է հանդիսանում սույն օրենքի իմաստով Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ չհամարվող ֆիզիկական անձը:
2. Անկախ սույն օրենքի 9-րդ հոդվածի դրույթներից՝ հայտարարագիր են ներկայացնում`
1) քաղաքական ու հայեցողական պաշտոններ զբաղեցնող անձինք, պետական (քաղաքացիական ծառայություն, դատական ծառայություն, հատուկ ծառայություններ, ինչպես նաև դիվանագիտական և օրենքով նախատեսված այլ ծառայություններ) և տեղական ինքնակառավարման մարմիններում ծառայության մեջ գնտվող անձինք.
2) «Եկամտահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված տարեկան եկամուտների մասին հաշվարկ ներկայացնող ֆիզիկական անձինք:
3. Հայտարարատուն հայտարարագիրը ներկայացնում է իր հաշվառման, իսկ դրա բացակայության դեպքում՝ Հայաստանի Հանրապետությունում հիմնական բնակության վայրի (այսուհետ՝ հաշվառման վայրի) հարկային մարմին: