Անցնել բովանդակությանը
Գլուխ 1 · ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 2. Հիմնական հասկացությունները

գործել է մինչև 2014-08-09Բացել ARLIS-ում

Հոդված 2. Հիմնական հասկացությունները

Սույն օրենքում օգտագործվող հիմնական հասկացություններն են՝

սննդամթերք՝ ցանկացած պարենային հումք և արտադրանք, որոնք նախատեսված են մարդու սննդում օգտագործելու համար՝ վերամշակված, մասնակի վերամշակված կամ չվերամշակված տեսքով, ներառյալ` խմիչքները, մաստակը և ջուրը, որն ավելացվում է սննդամթերքին վերջինիս պատրաստման, մշակման կամ վերամշակման ժամանակ:

Սննդամթերք չեն համարվում`

- անասնակերերը,

- կենդանիները, եթե դրանք չեն նախատեսվել շուկա հանելու` մարդու կողմից սննդի մեջ կիրառելու համար,

- բուսաբուծության արտադրանքը՝ մինչև բերքահավաք,

- դեղամիջոցները,

- կոսմետիկ միջոցները,

- ծխախոտը և ծխախոտային արտադրանքները,

- թմրադեղերը և հոգեմետ նյութերը,

- մնացորդային նյութերը և աղտոտիչները.

պարենային հումք՝ սննդամթերքի արտադրության համար օգտագործվող բուսական, կենդանական, հանքային, սինթետիկ կամ կենսատեխնոլոգիական ծագում ունեցող մթերք, հումք, նյութ, արտադրանք և ջուր.

սննդամթերքի բաղադրամաս (բաղադրիչ)` կենդանական, բուսական, մանրէաբանական կամ հանքային ծագման նյութ կամ մթերք, ինչպես նաև բնական կամ համադրված (սինթեզված) սննդային հավելում, որն օգտագործվում է սննդամթերքի նախապատրաստման կամ արտադրման ընթացքում և սկզբնական կամ փոփոխված տեսքով պարունակվում է վերջնական արտադրանքում.

հատուկ նշանակության սննդամթերք՝ սննդամթերք, որն իր առանձնահատուկ բաղադրության կամ սննդային հատկություններով տարբերվում է սովորական սպառման համար նախատեսված սննդամթերքից և ունի առողջապահության ոլորտի պետական կառավարման լիազոր մարմնի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով տրված դրական մասնագիտական եզրակացություն առ այն, որ տվյալ սննդամթերքն ունի բուժիչ հատկություններ և (կամ) բավարարում է մարդկանց հետևյալ խմբերի պահանջները`

- խախտված մարսողական ու նյութափոխանակման համակարգ ունեցող մարդկանց,

- մարմնական (ֆիզիոլոգիական) հատուկ վիճակում գտնվող մարդկանց, որոնց համար հատկապես օգտակար է սննդի մեջ որոշակի նյութերի վերահսկվող քանակով սպառումը,

- առողջ մանուկների և երեխաների.

սննդի շղթա (արտադրության և շրջանառության փուլեր)՝ սննդամթերքի և դրա բաղադրիչների արտադրության, մշակման, բաշխման, պահման, փոխադրման, ներմուծման, արտահանման և իրացման փուլերը՝ նախնական արտադրությունից մինչև սպառում: Սննդի շղթան ընդգրկում է նաև սննդամթերքի կամ պարենային հումքի հետ շփման մեջ մտնելու համար նախատեսված նյութերը, սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումները, ինչպես նաև առևտրի և հանրային սննդի ծառայությունների ոլորտը.

նախնական (առաջնային) արտադրություն՝ պարենային հումքի արտադրություն, բուսաբուծության արտադրանքը, ներառյալ` բերքահավաքը, գյուղատնտեսական կենդանիների արտադրությունը՝ մինչև սպանդը, կիթը, ինչպես նաև որսորդությունը, ձկնորսությունը և վայրի բույսերի բերքահավաքը.

մշակում՝ պարենային հումքի մաքրում, տեսակավորում կամ դասակարգում, չորացում, պաղեցում, կտրտում, փաթեթավորում կամ այլ գործողություններ, որոնց միջոցով արտադրանքը նախապատրաստվում է սննդամթերքի վերամշակման կամ պատրաստման մեջ օգտագործելու համար.

սննդամթերքի անվտանգություն՝ երաշխիք, որ սննդամթերքն ըստ նշանակության օգտագործելու դեպքում վնասակար ազդեցություն չի ունենա մարդու կյանքի և առողջության վրա, պայմանավորված է Հայաստանի Հանրապետության իրավական ակտերով` տվյալ սննդամթերքի և սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների համար սահմանված տեխնիկական կանոնակարգերին, սանիտարական կանոններին, անասնաբուժասանիտարական, բուսասանիտարական և հիգիենիկ նորմերի պահանջներին դրա համապատասխանությամբ.

կեղծված սննդամթերք` սննդամթերք`

- որի բաղադրությունը փոփոխվել է առանց մակնշման համապատասխան փոփոխության,

- որի մակնշումը փոփոխվել է առանց բաղադրության համապատասխան փոփոխության,

- որին ավելացվել են այլ նյութեր կամ վերամշակվել է այլ նյութերի ներառմամբ, սննդամթերքի անհամապատասխանությունը սահմանված պահանջներին թաքցնելու նպատակով,

- որի պիտակի վրա առկա է ոչ ճիշտ նշում` սննդամթերքի հատուկ նշանակության մասին,

- որի ներկայացման կամ առաջարկման համար օգտագործվում է մեկ այլ կազմակերպության անվանումը, առևտրային նշանը կամ ֆիրմային անվանումը` առանց այդ կազմակերպությունից պատշաճ կերպով թույյտվություն ձեռք բերելու.

ռիսկ՝ մարդու առողջության վրա սննդամթերքի վնասակար ազդեցության հավանականությունը և այդ ազդեցության աստիճանը.

ռիսկի վերլուծություն՝ ռիսկի գնահատման, ռիսկի կառավարման և ռիսկի հաղորդակցման երեք առանձին փոխկապակցված փուլերից կազմված գործընթաց.

ռիսկի գնահատում` գիտականորեն հիմնավորված գործընթաց, որը կազմված է վտանգի աղբյուրի նույնականացման, վտանգի աղբյուրի բնութագրման, վտանգին ենթակա լինելու կամ վտանգի հանդեպ անպաշտպանվածության աստիճանի գնահատման և ռիսկի բնութագրման փուլերից.

ռիսկի կառավարում` ռիսկի գնահատումից տարբերվող գործընթաց, որով շահագրգիռ կողմերի հետ խորհրդակցությունների անցկացման միջոցով քննության են առնվում ռիսկի կառավարմանն ուղղված քաղաքականության հնարավոր միջոցները, դիտարկվում են ռիսկի գնահատման արդյունքները և այլ հիմնավոր գործոններ և անհրաժեշտության դեպքում ընտրվում և կիրառվում են ռիսկի կանխմանը, վերացմանը կամ նվազեցմանն ուղղված համապատասխան գործողություններ, այդ թվում` վերահսկողության միջոցառումներ.

ռիսկի հաղորդակցում` ռիսկի վերլուծության գործընթացում ռիսկը գնահատողների, ռիսկը կառավարող մարմինների, սպառողների, սննդի շղթայի փուլերում գործառնություններ իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձանց, գիտական (ակադեմիական) շրջանակների ներկայացուցիչների և շահագրգիռ այլ կողմերի միջև վտանգի աղբյուրի, ռիսկի, վտանգին առնչվող գործոնների և վտանգի վերաբերյալ ընկալումների մասին տեղեկությունների և կարծիքների փոխանակում, ներառյալ` ռիսկի գնահատման արդյունքների և ռիսկի կառավարման առնչությամբ ընդունված որոշումների վերաբերյալ բացատրությունները.

վտանգի աղբյուրների վերլուծության և կրիտիկական կետերի հսկման համակարգ (այսուհետ` ՎԱՎԿԿՀ համակարգ)` սննդամթերքի անվտանգությունն ապահովող կանխարգելիչ կառավարման համակարգ, որը հիմնված է հետևյալ սկզբունքների և քայլերի վրա`

- վտանգի աղբյուրների վերլուծություն` հատկորոշվում է հավանական վտանգի աղբյուրը և գնահատվում դրա առկայության հավանականությունը, սահմանվում են վերահսկման միջոցները,

- հսկման կրիտիկական կետերի հատկորոշում` որոշվում են այն կետերը, ընթացակարգերը կամ արտադրության փուլերը, որոնք ենթակա են վերահսկման` վտանգի աղբյուրները կանխելու, վերացնելու կամ մինչև ընդունելի մակարդակը նվազեցնելու նպատակով,

- յուրաքանչյուր կրիտիկական կետի համար կրիտիկական սահմանի հատկորոշում` հսկման յուրաքանչյուր կրիտիկական կետի համար որոշվում է կրիտիկական սահմանը, որի չափանիշներով հնարավոր է տարանջատել վտանգի աղբյուրի ընդունելի և անընդունելի մակարդակները, կամ որի պահպանումը երաշխավորում է, որ կրիտիկական կետը վերահսկվում է,

- յուրաքանչյուր կրիտիկական կետի համար դիտանցի ընթացակարգերի սահմանում,

- ուղղիչ գործողությունների ծրագրի սահմանում այն դեպքերի համար, երբ դիտանցմամբ հայտնաբերվում է, որ տվյալ կրիտիկական կետը դուրս է եկել վերահսկողությունից,

- պլանավորված պարբերականությամբ անցկացվող ստուգման ընթացակարգի սահմանում` հիմնավորվում է ՎԱՎԿԿՀ համակարգի գործողության արդյունավետությունը, սահմանվում են ստուգման նպատակները, եղանակները, հաճախականությունը, ընթացակարգը, փորձաքննությունը և գնահատման այլ գործողություններ, ինչպես նաև դրանց կատարման պատասխանատուները,

- ՎԱՎԿԿՀ համակարգի սկզբունքների, քայլերի և ընթացակարգերի փաստաթղթավորման և գրանցումների համակարգի ստեղծում.

դիտանց` ՎԱՎԿԿՀ համակարգի գործողության ընթացքում դիտարկումների կամ չափագրումների պլանավորված (ծրագրավորված) միջոցառումների իրականացում` սննդամթերքի անվտանգությանն սպառնացող վտանգը վերացնելու կամ մինչև թույլատրելի մակարդակը նվազեցնելու ուղղությամբ ձեռնարկվող միջոցների կամ գործողությունների ընթացքը ստուգելու համար.

դիտարկում՝ շուկայահանված սննդամթերքի և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների անվտանգության ապահովման նպատակով իրականացվող գործողությունների համալիր.

սննդամթերքի անվտանգությանը սպառնացող վտանգ (վտանգի աղբյուր)՝ սննդի մեջ առկա կենսաբանական, քիմիական կամ ֆիզիկական նյութ և (կամ) սննդամթերքի վիճակ, որը կարող է բացասաբար անդրադառնալ մարդու առողջության վրա.

վտանգավոր սննդամթերք` սննդամթերք, որը պիտանի չէ մարդու կողմից սպառման համար և ըստ իր նշանակության պահվելու, պատրաստվելու, օգտագործվելու, մատուցվելու և սպառվելու դեպքում վնասակար է մարդու կյանքի և առողջության համար.

աղտոտիչներ՝ սննդամթերքի բաղադրության մեջ չմտնող քիմիական, կենսաբանական, հանքային կամ օրգանական ծագման ցանկացած նյութ և (կամ) տարր, որը սննդամթերքի հետ կապված գործառնությունների ընթացքում կամ շրջակա միջավայրի աղտոտման հետևանքով հայտնվել է սննդամթերքում կամ սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումներում և կարող է վնաս պատճառել մարդու կյանքին և առողջությանը.

մնացորդային նյութեր՝ սննդամթերքի մեջ կամ սննդամթերքի վրա քիմիական և (կամ) կենսաբանական ծագման ցանկացած նյութերի և (կամ) տարրերի, ինչպես նաև դրանց նյութափոխանակման և քայքայման (տրոհման) արդյունքում ստացվող նյութերի և (կամ) տարրերի մնացորդային քանակներ, որոնց որոշակի չափերով օգտագործումը թույլատրված է սննդամթերքի արտադրության առանձին փուլերում, մասնավորապես նախնական արտադրության փուլում.

սննդային հավելումներ՝ սովորաբար որպես սննդամթերք չօգտագործվող և սննդամթերքի բաղադրամաս չհամարվող նյութեր, անկախ դրանց սննդային արժեքից, որոնք տեխնոլոգիական մշակման կամ վերամշակման ժամանակ ավելացվում են սննդամթերքին՝ ցանկալի համազգայական և (կամ) այլ հատկանիշներ ստանալու համար.

կենսաբանական ակտիվ հավելումներ` բնական կամ բնականին համանման սննդանյութերի կամ ֆիզիոլոգիական ազդեցությամբ օժտված այլ նյութերի առանձին կամ համակցված խտացված միավորներ, որոնք նախատեսված են սննդամթերքի հետ միաժամանակ կամ սննդամթերքի բաղադրության մեջ ներառելով օգտագործման համար և շուկայահանվում են ճշգրտված փոքր չափաբաժիններով` հաբերի, պատիճների, սրվակների կամ փոքր այլ փաթեթավորումների տեսքով.

մակնշում՝ սննդամթերքին առնչվող տեղեկատվության, բառի, տարրի, ապրանքային նշանի, անվանման, խորհրդանիշի զետեղումը սննդամթերքի հետ շփվող նյութերի, պիտակի կամ ուղեկցող փաստաթղթերի վրա.

սննդամթերքի հետ շփվող նյութեր՝ սննդամթերք չհամարվող ցանկացած նյութ, որն օգտագործվում է սննդամթերքի արտադրության, պահման, փոխադրման, իրացման, փաթեթավորման ու մակնշման փուլերում և անմիջական շփման մեջ է սննդամթերքի հետ.

սննդային արժեք՝ սննդամթերքի բաղադրիչ մասերը՝ սննդանյութերը (սպիտակուցներ, ճարպեր, ածխաջրատներ, վիտամիններ և հանքային նյութեր) գնահատելու համար ընդունված հասկացություն, որի գումարելիներն են էներգետիկ և կենսաբանական արժեքները, որոնք՝

- օրգանիզմում քայքայվելով` առաջացնում են էներգիա (սպիտակուցներ, ճարպեր և ածխաջրատներ), կազմում են սննդամթերքի էներգետիկ արժեքը և արտահայտվում են կալորիաներով կամ ջոուլներով,

- էներգիա չեն առաջացնում, սակայն մասնակցում և կարգավորում են օրգանիզմի նյութափոխանակությունը (վիտամիններ, հանքային աղեր, այդ թվում՝ միկրոէլեմենտներ և ջուր) և կազմում են սննդամթերքի կենսաբանական արժեքը.

տեխնոլոգիական գործընթացներ՝ սննդամթերք արտադրելու համար անհրաժեշտ գործողություններ, որոնց միջոցով պարենային հումքը ենթարկվում է որոշակի տեխնոլոգիական մշակման կամ վերամշակման.

տեխնոլոգիական սարքավորումներ՝ տեխնոլոգիական գործընթացներ իրագործելու համար համապատասխան սարքավորումներ, որոնք ապահովում են տվյալ տեխնոլոգիական գործընթացում նախատեսված գործելակարգի (ռեժիմի) իրականացումը.

տեխնոլոգիական հրահանգ՝ արտադրողի հաստատած փաստաթուղթ, որում ամրագրվում են ըստ բաղադրագրի տվյալ արտադրանքի պատրաստման տեխնոլոգիական գործելակարգը (ռեժիմը), տեխնոլոգիական գործընթացների կատարման կարգը և դրանց իրականացման համար օգտագործվող տեխնոլոգիական սարքավորումները.

գենետիկորեն ձևափոխված մթերք՝ հետևյալ երեք տեսակի մթերքները՝

- որակական այլ հատկանիշների ստացման նպատակով կենդանի օրգանիզմներում (կենդանիներ, բույսեր, միկրոօրգանիզմներ) օտար գենի ավելացմամբ կամ գեների համակցմամբ գենետիկական կառուցվածքի վերափոխման արդյունքում ստացված մթերքը,

- կենդանի վերափոխված օրգանիզմների կենսագործունեության արդյունքում ստացված մթերքը,

- սննդամթերքի բաղադրության մեջ գենետիկական կառուցվածքի վերափոխման արդյունքում ստացված մթերքի և (կամ) կենդանի վերափոխված օրգանիզմների կենսագործունեության արդյունքում ստացված մթերքի և (կամ) դրանց առանձին մասերի օգտագործումից ստացված մթերքը.

ճառագայթահարմամբ մշակված սննդամթերք` իոնացնող ճառագայթով մշակված սննդամթերք.

նորահայտ սննդամթերք` սննդամթերք կամ սննդամթերքի բաղադրամաս, որը Հայաստանի Հանրապետության տարածքում մարդու սպառման համար նախկինում կիրառություն չի ունեցել: Նորահայտ սննդամթերք է համարվում`

- նոր կամ նախնական մոլեկուլային կառուցվածքը կանխամտածված փոփոխության ենթարկած սննդամթերքը կամ սննդամթերքի բաղադրամասերը,

- մանրէներից, սնկերից կամ ջրիմուռներից կազմված կամ դրանցից անջատված սննդամթերքը կամ սննդամթերքի բաղադրամասերը,

- բույսերից կազմված կամ անջատված սննդամթերքը կամ սննդամթերքի բաղադրամասերը և կենդանիներից անջատված սննդամթերքի բաղադրամասերը, բացառությամբ այն սննդամթերքի կամ սննդամթերքի բաղադրամասերի, որոնք ստացվում են բազմացման ու բուծման ավանդական եղանակներով և հանրահայտ են որպես անվտանգ սննդամթերք,

- սննդամթերքը և սննդամթերքի բաղադրամասերը, որոնց նկատմամբ կիրառվել է նախկինում չկիրառված արտադրական գործընթաց և արդյունքում նշանակալիորեն փոփոխվել է սննդամթերքի և սննդամթերքի բաղադրամասերի կազմությունը կամ կառուցվածքը, ինչն ազդեցություն է թողել սննդամթերքի սննդային արժեքի, մարսելիության կամ դրանում անցանկալի նյութերի պարունակության վրա.

արագ սառեցված սննդամթերք` սննդամթերք, որի սառեցման ժամանակ` կախված սննդամթերքի տեսակից, առավելագույն բյուրեղացման փուլը (գոտին) անցել է հնարավորինս արագ և արդյունքում ջերմային կայունացումից հետո ստացված ջերմաստիճանը սննդամթերքի բոլոր մասերում պահպանվում է -18.0 C և ավելի ցածր ջերմաստիճան և որի շուկայահանման ժամանակ այդ հատկանիշների մասին մակնշվում է: Արագ սառեցված սննդամթերք չի համարվում ԱԱ ԱՏԳ «Պաղպաղակ և արտադրանք համանման, սառեցրած» դասի 2105.00 ծածկագրով սննդամթերքը.

շուկա հանել (շուկայահանել)` արտադրանքը իրացնելը կամ այլ ձևով փոխանցելը կամ ցանկացած այլ տեսակի փոխանցման համար առաջարկելը.

հետագծելիություն` սննդի շղթայի բոլոր փուլերում սննդամթերքի, սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների, սննդամթերքի հետ շփվող նյութերի, անասնակերի և նախնական արտադրության արդյունքի շարժին հետևելու հնարավորություն.

խմբաքանակ՝ իրացման համար միևնույն իրավաբանական անձի կամ անհատ ձեռնարկատիրոջ գործնականորեն նույն պայմաններում արտադրած (պատրաստած) կամ փաթեթավորած սննդամթերքի միավորների որոշակի քանակություն, որն ուղեկցվում է մեկ ապրանքաուղեկից փաստաթղթով.

լիազոր մարմին` սննդամթերքի անվտանգության բնագավառում առանձին գործառույթներ իրականացնելու համար Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման կամ այլ մարմին:

(2-րդ հոդվածը լրաց., խմբ., փոփ. 07.02.12 ՀՕ-16-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։