Անցնել բովանդակությանը
Գլուխ 2 · ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Հոդված 8. Հայաստանի Հանրապետությունում իրացվող սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների անվտանգությանը, մակնշմանը և փաթեթավորմանը ներկայացվող պահանջները

գործել է մինչև 2014-08-09Բացել ARLIS-ում

Հոդված 8. Հայաստանի Հանրապետությունում իրացվող սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների անվտանգությանը, մակնշմանը և փաթեթավորմանը ներկայացվող պահանջները

(վերնագիրը լրաց. 07.02.12 ՀՕ-16-Ն)

1. Հայաստանի Հանրապետությունում իրացվող սննդամթերքը, սննդամթերքի հետ շփվող նյութերը և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումները պետք է բավարարեն սննդամթերքի անվտանգության ապահովման ոլորտի տեխնիկական կանոնակարգերով և (կամ) նորմատիվ իրավական ակտերով սահմանված պահանջները:

2. Հայաստանի Հանրապետությունում արտադրված, վերամշակված, փաթեթավորված սննդամթերքը, սննդամթերքի հետ շփվող նյութերը և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումները (բացառությամբ արտահանվողի) մակնշվում են հայերենով:

3. Հայաստանի Հանրապետությունում իրացվող սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների մակնշումը հայերենով պետք է ներառի`

ա) անվանումը, զտաքաշը կամ ծավալը.

բ) սննդամթերքի հիմնական բաղադրիչների ցանկը.

գ) սննդամթերքի մեջ օգտագործված սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների ցանկը (եթե այդպիսիք կան).

դ) արտադրության տարեթիվը, ամիսը, օրը, պահման պայմանները, առանձնակի ցուցումներ պահման մասին (եթե այդպիսիք կան) և պիտանիության ժամկետը:

Պիտանիության ժամկետը կարող է չմակնշվել հետևյալ արտադրատեսակների համար`

- մշակման չենթարկված թարմ պտուղ և բանջարեղեն, ներառյալ` կարտոֆիլ,

- 10 և ավելի ծավ.% սպիրտ պարունակող ոգելից խմիչքներ,

- պինդ շաքարներ,

- քացախ,

- կերակրի աղ.

ե) սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների օգտագործման վերաբերյալ ցուցումներ, եթե առանց դրանց սննդամթերքը չի կարող պատշաճորեն օգտագործվել, առանձնակի հանձնարարականներ դրանց օգտագործման մասին (եթե այդպիսիք կան), տեղեկատվություն՝ դրանց օգտագործման հակացուցումների վերաբերյալ (եթե այդպիսիք կան).

զ) տվյալներ արտադրողի մասին (գտնվելու վայրը և ֆիրմային անվանումը).

է) խմբաքանակի նույնականացման համար օգտագործվող նշանը.

ը) սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների ծագման երկիրը.

թ) ոգելից խմիչքների համար՝ ալկոհոլի պարունակության տոկոսը.

ժ) սննդամթերքի սննդային արժեքը՝ հատուկ նշանակության և Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ արտադրվող և շուկայահանվող սննդամթերքի համար.

ժա) օրենքով սահմանված այլ տեղեկատվություն.

ժբ) «գենետիկորեն ձևափոխված սննդամթերք» մակնշումը, եթե սննդամթերքի բաղադրության մեջ դրա պարունակությունը 0,9 %-ից բարձր է.

ժգ) «նորույթ» մակնշումը` Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ արտադրվող և շուկայահանվող նորահայտ սննդամթերքի առաջին խմբաքանակի համար և տեղեկատվություն սննդամթերքի բնութագրի, հատկանիշի, նշանակության կամ օգտագործման, ինչպես նաև բաղադրության մեջ մտնող այնպիսի նյութերի վերաբերյալ, որոնք չեն պարունակվել մինչ այդ օգտագործվող համարժեք սննդամթերքում և կարող են ազդել որոշակի խմբերի մարդկանց առողջության վրա.

ժդ) եթե սննդամթերքը մշակվել է ճառագայթահարմամբ, ապա պարտադիր է «ճառագայթահարմամբ մշակված» մակնշումը, իսկ եթե սննդամթերքը պարունակում է ճառագայթահարմամբ մշակված բաղադրիչ, ապա «ճառագայթահարմամբ մշակված» մակնշումը կատարվում է այդ բաղադրիչի համար.

ժե) «արագ սառեցված» մակնշումը, եթե սննդամթերքն այդպիսին է և հստակ ցուցում այն մասին, որ ապասառեցնելուց հետո այն չի կարելի կրկին սառեցնել:

4. Հայաստանի Հանրապետություն ներմուծվող սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային հավելումների մակնշումը հայերենով պետք է պարունակի տեղեկություններ, որոնց ձևերին և բովանդակությանը ներկայացվող պահանջները՝ ըստ առանձին տեսականու, սահմանում է կառավարությունը:

5. Արգելվում է շուկայահանված սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների պիտակի վրա զետեղված տեղեկությունների փոփոխությունը:

6. Արգելվում է պիտանիության ժամկետը լրացած սննդամթերքի վերափաթեթավորումը և իրացումը` որպես սննդամթերք:

7. Սննդամթերքի և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների փաթեթավորման, սպառողական տարայի, պիտակի, լրացուցիչ պիտակի կամ ներդրակի վրա զետեղված տեղեկությունները պետք է լինեն ընթեռնելի, ամբողջական ու հավաստի:

8. Սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների փաթեթավորումը պետք է ապահովի դրանց անվտանգությունն արտադրության և շրջանառության բոլոր փուլերում՝ համաձայն տեխնոլոգիական հրահանգի:

9. Արգելվում է վնասված փաթեթավորումով և մակնշումով սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների իրացումը:

9.1. Արգելվում է Հայաստանի Հանրապետություն ներմուծել և(կամ) Հայաստանի Հանրապետությունում իրացնել կամ հանրային սննդի ծառայության ոլորտում օգտագործել սննդամթերք, սննդամթերքի հետ շփվող նյութեր և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումներ, անկախ այն հանգամանքից, թե պիտանիության ժամկետի նշումը որ լեզվով է կատարված, որոնց`

ա) պիտանիության ժամկետն անցած է.

բ) ընդհանուր պիտանիության ժամկետի լրանալուն մնացել է 30 օրից պակաս, իսկ 120 օրից պակաս պիտանիության ժամկետ ունեցող արտադրանքի դեպքում` 1/4-ից պակաս ժամկետ.

գ) փաթեթավորման կամ տարայի վրա պիտանիության ժամկետը բացակայում է կամ ընթեռնելի չէ.

դ) ժամկետը կրկնակի մակնշված է, կամ արտադրողի կողմից նշված բնօրինակ պիտանիության ժամկետը ջնջված է, և նշված է պիտանիության նոր ժամկետ:

Սույն մասի «բ» կետի պահանջը տարածվում է միայն Հայաստանի Հանրապետություն ներմուծվող սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների վրա:

9.2. Արգելվում է Հայաստանի Հանրապետություն ներմուծված սննդամթերքի, սննդամթերքի հետ շփվող նյութերի և սննդային ու կենսաբանական ակտիվ հավելումների հայերեն մակնշումը փակցնել արտադրողի կողմից նշված բնօրինակ պիտանիության ժամկետի վրա:

10. Սույն հոդվածի երկրորդ-իններորդ մասերի դրույթները չեն տարածվում հանրային սննդի ոլորտում արտադրվող և տեղում իրացվող սննդամթերքի վրա:

(8-րդ հոդվածը փոփ., լրաց. 14.09.11 ՀՕ-252-Ն, 07.02.12 ՀՕ-16-Ն)

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։