Հոդված 8. Բույսերի պաշտպանության միջոցների և պարարտանյութերի ներմուծման եզրակացություն տալու կարգը
Հոդված 8. Բույսերի պաշտպանության միջոցների և պարարտանյութերի ներմուծման եզրակացություն տալու կարգը
(վերնագիրը լրաց. 18.05.09 ՀՕ-136-Ն)
1. Բույսերի պաշտպանության միջոցների և պարարտանյութերի ներմուծման նպատակով լիազոր մարմինը հայտատուի դիմումում նշված բույսերի պաշտպանության միջոցների և պարարտանյութերի յուրաքանչյուր տեսակի համար բույսերի պաշտպանության միջոցների և պարարտանյութերի փորձաքննության արդյունքներն ստանալուց հետո` մեկ աշխատանքային օրվա ընթացքում, տալիս է եզրակացություն:
2. Բույսերի պաշտպանության միջոցների և պարարտանյութերի փորձաքննությունն իրականացվում է ներմուծող ֆիզիկական և իրավաբանական անձանց միջոցների և պարարտանյութերի հաշվին:
3. Բույսերի պաշտպանության միջոցների և պարարտանյութերի ներմուծման եզրակացությունը ֆիզիկական և իրավաբանական անձանց տրվում է միայն Հայաստանի Հանրապետությունում օգտագործման համար թույլատրված բույսերի պաշտպանության քիմիական և կենսաբանական միջոցների և պարարտանյութերի անվանացանկում ընդգրկված բույսերի պաշտպանության միջոցների և պարարտանյութերի մասին:
4. Եզրակացություն ստանալու համար ֆիզիկական և իրավաբանական անձինք ներկայացնում են`
1) դիմում,
2) ֆիզիկական անձինք` անձնագրի, իսկ անհատ ձեռնարկատերերը՝ վկայականի պատճենները,
3) իրավաբանական անձինք՝ պետական գրանցման վկայականի պատճենը,
4) ներմուծվող բույսերի պաշտպանության միջոցների և պարարտանյութերի նկարագրությունը (անվանումը, արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի ծածկագիրը, քանակը, թողարկման տարեթիվը, ձեռքբերման վայրը).
5) բույսերի պաշտպանության միջոցներ և պարարտանյութեր ներմուծողները ներկայացնում են բուսասանիտարական հաշվառման վկայականը կամ դրա պատճենը:
5. Բույսերի պաշտպանության միջոցների և պարարտանյութերի ներմուծման մասին եզրակացությունը կազմվում է երեք օրինակից, որի մեկ օրինակը մնում է լիազոր մարմնի մոտ, մյուս օրինակը` տեսչությունում, իսկ երրորդ օրինակը տրվում է հայտատուին:
6. Բույսերի պաշտպանության միջոցների և պարարտանյութերի ներմուծման մասին եզրակացություն ստանալու համար դիմողն իր կողմից ներկայացված սխալ տեղեկությունների համար պատասխանատվություն է կրում օրենքով սահմանված կարգով:
7. Բույսերի պաշտպանության միջոցների և պարարտանյութերի ներմուծման մասին եզրակացություն տալու մերժումը հայտատուն կարող է բողոքարկել դատական կարգով:
8. Բույսերի պաշտպանության միջոցների և պարարտանյութերի ներմուծման մասին եզրակացություն տալու մերժման հիմք են հանդիսանում սույն օրենքով նախատեսված փաստաթղթերի բացակայությունը կամ բույսերի պաշտպանության միջոցների և պարարտանյութերի փորձաքննության բացասական արդյունքները:
(8-րդ հոդվածը լրաց., փոփ., խմբ. 18.05.09 ՀՕ-136-Ն)