Հոդված 1
Հոդված 1
Սահմանումներ
Սույն Համաձայնագրի նպատակների համար հետևյալ հասկացությունները նշանակում են.
1. «Ներդրող» (յուրաքանչյուր Պայմանավորվող կողմի համար)`
ա) ցանկացած ֆիզիկական անձ, որը այդ Պայմանավորվող կողմ հանդիսացող պետության քաղաքացի է,
բ) ցանկացած իրավաբանական անձ, որը ստեղծվել է կամ հիմնվել է այդ Պայմանավորվող կողմի օրենսդրությանը համապատասխան:
2. «Ներդրումներ» - գույքային արժեքների բոլոր տեսակները, որոնք մի Պայմանավորվող կողմի ներդրողի կողմից ներդրվում են մյուս Պայմանավորվող կողմի տարածքում` վերջինիս օրենսդրությանը համապատասխան, և, մասնավորապես.
ա) շարժական և անշարժ գույք,
բ) բաժնետոմսեր, բաժնեմասեր և մասնակցության այլ ձևեր առևտրային կազմակերպությունների կապիտալում,
գ) տնտեսական արժեքների ստեղծման նպատակով ներդրված կամ տնտեսական արժեք ունեցող և ներդրման հետ կապված պայմանագրերից բխող դրամական միջոցների պահանջի իրավունք,
դ) մտավոր սեփականության օբյեկտների բացառիկ իրավունքներ (հեղինակային իրավունք, գյուտի իրավունք, արդյունաբերական նմուշներ, մոդելներ, առևտրային նշաններ կամ սպասարկման նշաններ, տեխնոլոգիաներ, կոմերցիոն արժեք ունեցող տեղեկատվություն և նոու-հաուն),
ե) ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելու իրավունքներ` օրենսդրությամբ կամ պայմանագրով տրամադրված, ներառյալ, մասնավորապես, կապված բնական պաշարների հետախուզման, մշակման, ձեռք բերման կամ շահագործման հետ:
Կապիտալների ներդրման ձևերի որևէ փոփոխություն չի ազդի դրանց դասակարգմանը որպես «ներդրումների»` պայմանով, որ այդ փոփոխությունը չի հակասի այն Պայմանավորվող կողմի օրենսդրությանը, որի տարածքում իրականացվել է ներդրումը:
3. «Եկամուտ» - ներդրումների արդյունքում ստացված գումարները և, մասնավորապես, շահույթը, շահաբաժինը, տոկոսները, արտոնագրային և այլ պարգևատրումները:
4. «Պայմանավորվող կողմի տարածք» - Հայաստանի Հանրապետության կամ Ռուսաստանի Դաշնության տարածքը, ինչպես նաև նրանց բացառիկ տնտեսական գոտիները և մայրցամաքային շելֆը` համաձայն ՄԱԿ-ի «Ծովային իրավունքի վերաբերյալ» Կոնվենցիայի (1982թ.):
5. «Պայմանավորվող կողմի օրենսդրություն» - Հայաստանի Հանրապետության օրենքները և այլ նորմատիվաիրավական ակտերը կամ Ռուսաստանի Դաշնության օրենքները և այլ նորմատիվաիրավական ակտերը: