Հոդված 8
Հոդված 8
Գանձումներ և հարկեր
1. Պայմանավորվող կողմերից մեկի տարածքում գրանցված և սույն Համաձայնագրի համաձայն մյուս Պայմանավորվող կողմի տարածքում փոխադրումներ իրականացնող տրանսպորտային միջոցները, այդ թվում` թեթև մարդատար ավտոմեքենաները, փոխադարձության հիմունքներով ազատվում են ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու համար սահմանված հարկերից կամ գանձումներից, ինչպես նաև այդ Պայմանավորվող կողմի ազգային օրենսդրությամբ սահմանված բոլոր հատուկ գանձումներից կամ տուրքերից, բացառությամբ`
ա) վճարովի ճանապարհների ենթակառուցվածքների օգտագործման համար կատարվող գանձումների (տուրքեր առևտրային ճանապարհների, կամուրջների և թունելների օգտագործման համար), եթե կան այլընտրանքային անվճար ճանապարհներ,
բ) այն Պայմանավորվող կողմի ազգային օրենսդրությամբ սահմանված` տրանսպորտային միջոցի առավելագույն կշռի, չափերի կամ բեռնվածության գերազանցման համար կատարվող գանձումների, որի տարածքով իրականացվում է փոխադրումը:
2. Սույն Համաձայնագրի հիման վրա փոխադրումներ իրականացնելիս փոխադարձության հիմունքներով մաքսային վճարներից և հարկերից ազատվում են մյուս Պայմանավորվող կողմի տարածք ներմուծվող հետևյալ ապրանքները.
ա) տրանսպորտային միջոցն արտադրողի կողմից տեղադրված վառելանյութի ստանդարտ բաքերում գտնվող վառելանյութը,
բ) վառելիքաքսայուղային նյութերը` այն քանակով, որն անհրաժեշտ է փոխադրման ընթացքում տվյալ տրանսպորտային միջոցի շահագործման համար,
գ) այն պահեստամասերը և գործիքները, որոնք նախատեսված են տվյալ տրանսպորտային միջոցի ընթացիկ վերանորոգման համար կամ անհրաժեշտ են մյուս Պայմանավորվող կողմի տարածքում գտնվող վնասված տրանսպորտային միջոցը վերանորոգելու համար:
3. Գործիքները և չօգտագործված պահեստամասերը ենթակա են հետ արտահանման Պայմանավորվող կողմի տարածքից: Փոխարինված պահեստամասերը ևս ենթակա են հետ արտահանման կամ պետք է ոչնչացվեն տվյալ Պայմանավորվող կողմի մաքսային մարմինների հսկողության ներքո: