Հոդված 12. Վերահսկիչ պալատի խորհրդի իրավասությունը
Հոդված 12. Վերահսկիչ պալատի խորհրդի իրավասությունը
Վերահսկիչ պալատի խորհուրդը`
ա) Վերահսկիչ պալատի նախագահի ներկայացմամբ քննարկում և հավանություն է տալիս Ազգային ժողովի հաստատմանը ներկայացվող հետևյալ փաստաթղթերին`
Վերահսկիչ պալատի կանոնադրության նախագծին.
Վերահսկիչ պալատի գործունեության տարեկան ծրագրի նախագծին, դրանում կատարվող փոփոխությունների և լրացումների նախագծերին.
Վերահսկիչ պալատի տարեկան հաշվետվությանը.
բ) Վերահսկիչ պալատի նախագահի ներկայացմամբ քննարկում և հաստատում է Ազգային ժողով ներկայացվող հետևյալ եզրակացությունները`
պետական բյուջեի կատարման մասին կառավարության տարեկան հաշվետվության,
պետական ձեռնարկությունների և անավարտ շինարարության օբյեկտների սեփականաշնորհման և ապապետականացման տարեկան ծրագրի կատարման մասին կառավարության հաշվետվության,
կենտրոնական բանկի տարեկան հաշվետվության վերաբերյալ.
գ) Վերահսկիչ պալատի նախագահի ներկայացմամբ քննարկում և հաստատում է`
Ազգային ժողովի պատգամավորներին տրամադրվող կիսամյակային տեղեկանքները` պետական բյուջեի կատարման, այլ պետություններից և միջազգային կազմակերպություններից ստացված փոխառությունների և վարկերի օգտագործման, սեփականաշնորհման և ապապետականացման ծրագրերի կատարման ընթացքի մասին.
Վերահսկիչ պալատի կողմից ուսումնասիրությունների և վերլուծությունների կատարման վերաբերյալ մեթոդական հրահանգները:
Վերահսկիչ պալատի խորհուրդն իրավասու է կատարված ուսումնասիրությունների, Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հանձնաժողովներից ստացված հայտերի հիման վրա Վերահսկիչ պալատի տարեկան ծրագրում փոփոխություն կատարելու վերաբերյալ առաջարկություններ ներկայացնել Ազգային ժողով:
Վերահսկիչ պալատի խորհուրդը կարող է քննարկել և որոշումներ ընդունել Վերահսկիչ պալատի աշխատանքների կազմակերպման, աշխատակիցների խրախուսման և կարգապահական տույժերի ենթարկման հարցերի վերաբերյալ:
Վերահսկիչ պալատի խորհրդի նիստերը գումարվում են Վերահսկիչ պալատի նախագահի կողմից ըստ անհրաժեշտության, բայց ոչ պակաս, քան ամիսը երկու անգամ: Վերահսկիչ պալատի խորհրդի նիստերը արձանագրվում են: Արձանագրությունները ստորագրում է Վերահսկիչ պալատի նախագահը:
Վերահսկիչ պալատի խորհրդի նիստն իրավազոր է, եթե նիստին ներկա է խորհրդի անդամների կեսից ավելին:
Վերահսկիչ պալատի խորհրդի նիստը վարում է Վերահսկիչ պալատի նախագահը, իսկ նրա բացակայության դեպքում` նախագահի տեղակալը:
Վերահսկիչ պալատի խորհրդի նիստում որոշումներն ընդունվում են քվեարկությամբ, եթե դրանց օգտին քվեարկել է խորհրդի անդամների մեծամասնությունը: Ձայների հավասարության դեպքում Վերահսկիչ պալատի նախագահն ունի վճռորոշ ձայնի իրավունք:
Վերահսկիչ պալատի խորհրդի նիստերին կարող են մասնակցել Ազգային ժողովի պատգամավորները, իսկ Վերահսկիչ պալատի նախագահի հրավերով` նաև կառավարության, նախարարությունների, պետական այլ մարմինների, ինչպես նաև ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների ղեկավարները և այլ անձինք:
(12-րդ հոդվածը փոփ. 10.03.99 ՀՕ-290)