Հոդված 2
Հոդված 2.
Օրենքի 8-10-րդ և 13-րդ հոդվածները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 8. Ճանապարհային երթևեկության անվտանգության վիճակի հիմնական ցուցանիշների պետական հաշվառման կազմակերպումը
1. Հայաստանի Հանրապետությունում իրականացվում է ճանապարհային երթևեկության անվտանգության վիճակի հիմնական ցուցանիշների պետական հաշվառում:
Այդպիսի ցուցանիշներ են համարվում ճանապարհատրանսպորտային պատահարների, դրանց հետևանքով տուժած անձանց, վնասված տրանսպորտային միջոցների, ճանապարհային երթևեկության կանոնները խախտողների, ճանապարհային երթևեկության բնագավառում վարչական իրավախախտումների և հանցագործությունների քանակը, ինչպես նաև ճանապարհային երթևեկության անվտանգության վիճակը և դրա ապահովմանն ուղղված միջոցառումների արդյունքներն արտացոլող այլ ցուցանիշներ։
2. Ճանապարհատրանսպորտային պատահարների պետական հաշվառումն իրականացնում է ոստիկանությունը` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
3. Ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով տուժած անձանց (զոհվածների և վիրավորների) հաշվառումն իրականացնում են բժշկական կազմակերպությունները` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
4. Ճանապարհային երթևեկության բնագավառում վարչական իրավախախտումների հաշվառումն իրականացվում է ոստիկանության պետի, իսկ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տրանսպորտային միջոցների վարորդների կողմից ճանապարհային երթևեկության բնագավառում կատարված իրավախախտումների հաշվառումը՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի հրամաններով սահմանված կարգով: