Հոդված 11
Հոդված 11
. Նոտարական գրասենյակների կողմից նոտարական գործողությունների համար պետական տուրքերը գանձվում են հետևյալ դրույքաչափերով`
ա) բնակելի տների (բնակարանների, շենքերի, կառույցների, այլ շինությունների, ինչպես նաև հողի օտարման (բացի նվիրատվությունից) պայմանագրերի հաստատման համար`
- երեխային, ամուսնուն, ծնողին, եղբորը, քրոջը, թոռանը, պապին, տատին պայմանագրում նշված գումարի 1 տոկոսի չափով, բայց ոչ պակաս գույքահարկի հաշվարկման համար հիմք ընդունվող գնահատության գումարի 1 տոկոսից (հողի կադաստրային գնահատման արժեքի 1 տոկոսից)
- այլ քաղաքացիներին պայմանագրում նշված գումարի 2 տոկոսի չափով, բայց ոչ պակաս գույքահարկի հաշվարկման համար հիմք ընդունվող գնահատության գումարի 2 տոկոսից (հողի կադաստրային գնահատման արժեքի 2 տոկոսից)
բ) ավտոմեքենաների, մոտոցիկլետների և այլ ինքնագնաց մեքենաների ու մեխանիզմների օտարման (բացի նվիրատվությունից) պայմանագրերի հաստատման համար`
- երեխային, ամուսնուն, ծնողին, եղբորը, քրոջը, թոռանը, պապին, տատին պայմանագրում նշված գումարի 1 տոկոսի չափով, բայց ոչ պակաս տվյալ ավտոմեքենայի (մեխանիզմի) համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկվող գույքահարկի տարեկան գումարից
- այլ քաղաքացիներին պայմանագրում նշված գումարի 2 տոկոսի չափով, բայց ոչ պակաս տվյալ ավտոմեքենայի (մեխանիզմի) համար Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկվող գույքահարկի տարեկան գումարի կրկնապատիկից
գ) գրավի մասին պայմանագրի հաստատման և գրանցման համար գրավի պայմանագրի գնի 0,5 տոկոսի չափով, բայց ոչ ավելի բազային տուրքի հիսնապատիկից
դ) գնահատման ենթակա այլ պայմանագրերի հաստատման համար պայմանագրում նշված գնի 1 տոկոսի չափով
ե) նախկինում կնքված պայմանագրերով նախատեսված իրավունքները և պարտականությունները հանձնելու մասին գործարքների հաստատման, գույքի բոլոր տեսակների վաճառքի, նվիրատվության, փոխանակության պայմանագրերի հաստատման համար (բացի սույն հոդվածի «ա» և «բ» կետերում նշվածներից) պայմանագրի գումարի 1 տոկոսի չափով
զ) գույքի բաժանման պայմանագրերի, երաշխավորության, գնահատման ոչ ենթակա պայմանագրերի հաստատման համար բազային տուրքի չափով
է) կտակների հաստատման համար բազային տուրքի տասնապատիկի չափով
ը) ժառանգության իրավունքի վկայագրեր տալու և նվիրատվության պայմանագրերի հաստատման համար
- առաջին հերթի ժառանգներին, չափահաս երեխաներին ժառանգության կամ նվիրատվության գումարի 0,5 տոկոսի չափով
- երկրորդ հերթի ժառանգներին, ինչպես նաև թոռներին ժառանգության կամ նվիրատվության գումարի 1 տոկոսի չափով
- մնացած ժառանգներին կամ քաղաքացիներին ժառանգության կամ նվիրատվության գումարի 2 տոկոսի չափով
թ) ամուսնության ժամանակ ձեռք բերված ընդհանուր գույքի նկատմամբ ամուսինների սեփականության իրավունքի վկայագրեր տալու համար
բազային տուրքի եռապատիկի չափով
ժ) գույքի օգտագործման կառավարման և տնօրինման, վարկային գործառնություններ կատարելու իրավունքի լիազորագրերի հաստատման համար`
- երեխաներին, ամուսնուն, ծնողներին բազային տուրքի կրկնապատիկի չափով
- այլ քաղաքացիներին բազային տուրքի հնգապատիկի չափով
ժա) ավտոտրանսպորտային միջոցների օգտագործման, կառավարման և տնօրինման իրավունքի լիազորագրերի հաստատման համար`
- երեխային, ամուսնուն, ծնողին, քրոջը, եղբորը, թոռանը, պապին, տատին բազային տուրքի կրկնապատիկի չափով
- այլ քաղաքացիներին բազային տուրքի հնգապատիկի չափով
ժբ) այլ լիազորագրերի հաստատման համար, այդ թվում` զանազան անձանցից, ձեռնարկություններից, հիմնարկներից և կազմակերպություններից գումարների, ծանրոցների, թղթակցությունների ստացման, բաժնեմասերի (փայաբաժինների) և ավանդների կառավարման համար բազային տուրքի չափով
ժգ) ժառանգական գույքի պահպանմանն ուղղված միջոցառումների իրականացման համար բազային տուրքի տասնապատիկի չափով
ժդ) փաստաթղթերի թարգմանության իսկության վավերացման համար յուրաքանչյուր էջի համար` բազային տուրքի 50 տոկոսի չափով
ժե) կատարողական մակագրություններ անելու համար գանձվող գումարի 2 տոկոսի չափով
ժզ) փաստաթղթերի պատճենների և դրանցից քաղվածքների իսկության վավերացման համար յուրաքանչյուր էջի համար` բազային տուրքի 50 տոկոսի չափով
ժէ) փաստաթղթերի ստորագրությունների, այդ թվում` թարգմանչի ստորագրության իսկության վավերացման համար յուրաքանչյուր փաստաթղթի համար` բազային տուրքի 50 տոկոսի չափով
ժը) նոտարական գրասենյակի գործերում եղած փաստաթղթերի կրկնօրինակները տալու, բնակելի տան օտարման վրա արգելանք դնելու համար, քաղաքացիների, ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների դիմումները նոտարի միջոցով քաղաքացիներին, ձեռնարկություններին, հիմնարկներին և կազմակերպություններին հանձնելու, ինչպես նաև նոտարական այլ գործողություններ կատարելու համար` բացառությամբ սույն հոդվածի նախորդ կետերում նշվածների բազային տուրքի կրկնապատիկի չափով
ժթ) պայմանագրեր, կտակներ, լիազորագրեր, դիմումներ և այլ նախագծեր կազմելու, ինչպես նաև տպագրված նախագծերի օրինակելի ձևեր տրամադրելու և լրացնելու համար. բազային տուրքի չափով
ի) փաստաթղթերի պատճեններ և դրանցից քաղվածքներ հանելու համար յուրաքանչյուր էջի համար` բազային տուրքի 10 տոկոսի չափով:
Նոտարական գրասենյակի շենքից դուրս կատարվող նոտարական գործողությունների համար պետական տուրքը գանձվում է կրկնակի չափով:
Եթե գույքի օտարման սույն հոդվածով սահմանված կարգով հաստատվող պայմանագրում նշված գումարը կամ օտարվող գույքի արժեքը պակաս է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գույքահարկի հաշվարկման համար հիմք ընդունվող գույքի գնահատման արժեքից, ապա պետական տուրքի հաշվարկման համար հիմք է ընդունվում վերջինս: