Հոդված 35
Հոդված 35.
Արդյունաբերական սեփականության օբյեկտների հայտը մի քանի ինքնուրույն հայտերի բաժանելու դեպքում յուրաքանչյուր զատված հայտի համար պետական տուրքերը վճարվում են ինչպես առանձին ինքնուրույն հայտի համար:
Եթե գյուտի հայտի` ըստ էության փորձաքննության անցկացման համար գանձված պետական տուրքի գումարը չի համապատասխանում հայտով ներկայացված միասնական մտահղացում կազմող գյուտերի քանակին, ապա պակաս վճարված պետական տուրքը ենթակա է վճարման` այդ մասին ծանուցագրի ստացման օրվանից երկամսյա ժամկետում:
Գյուտի, օգտակար սարքի, արդյունաբերական նմուշի արտոնագիր տալու համար, ինչպես նաև ապրանքային և սպասարկման նշանների գրանցման և վկայական տալու համար պետական տուրքերը վճարվում են արտոնագիր տալու կամ նշանի գրանցման մասին որոշումը ստանալու օրվանից եռամսյա ժամկետում: Նշված տուրքերը կարող են վճարվել նաև այդ ժամկետի ավարտից հետո վեց ամսվա ընթացքում: Այս դեպքերում պետական տուրքերի չափերն ավելացվում են 50 տոկոսով:
Արդյունաբերական սեփականության օբյեկտների իրավական պաշտպանության հետ կապված տարեկան պետական տուրքերը վճարվում են արտոնագրի գործողության լրիվ տարվա համար: Տարեկան պետական տուրքի առաջին վճարումը կատարվում է մինչև արտոնագրի գործողության երկրորդ տարվա սկիզբը կամ արտոնագիր տալու համար սահմանված պետական տուրքի հետ միասին: Արտոնագրի գործողության յուրաքանչյուր հաջորդ տարվա համար պետական տուրքը վճարվում է գործողության ընթացիկ տարվա ընթացքում: Տարեկան պետական տուրքը կարող է վճարվել նաև սահմանված ժամկետի ավարտից հետո վեց ամսվա ընթացքում: Այս դեպքում պետական տուրքի չափն ավելացվում է 50 տոկոսով:
Նշանի գրանցման գործողության ժամկետի երկարաձգման համար պետական տուրքը վճարվում է նշանի գրանցման գործողության տասներորդ տարվա ընթացքում: Պետական տուրքը կարող է վճարվել նաև այդ ժամկետի ավարտից հետո վեց ամսվա ընթացքում: Այս դեպքում պետական տուրքի չափն ավելացվում է 50 տոկոսով: