Հոդված 7. Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների հողամասերի չափը
Հոդված 7. Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների հողամասերի չափը
Հողային բարեփոխումների իրականացման նպատակով Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը իրականացնում է հողահանդակների ամրակցում բոլոր բնակավայրերին (այդ թվում նաև լքված գյուղական բնակավայրերին), ելնելով այն սկզբունքից, որ բնակավայրերին ամրակցվող հողահանդակների մեջ հնարավորին չափով ընդգրկվեն այդ բնակավայրերին ավանդաբար պատկանող հողերը և հնարավորության սահմաններում հողեր առանձնացվեն այն գյուղական բնակավայրերին, որոնք արհեստական ճանապարհով միացվել են քաղաքներին կամ վերակազմավորվել ավանների:
Բնակավայրերին ամրակցված վարելահողերի և այլ հողահանդակների միջին հաշվով քսան տոկոսը հողային բարեփոխումների և սեփականաշնորհման շրջանային (քաղաքային) հանձնաժողովի որոշմամբ թողնվում է որպես պետական պահեստային ֆոնդ և հողային բարեփոխումների սկզբնական փուլում ենթակա չէ սեփականաշնորհման:
Սույն օրենքի 7 հոդվածի տասնմեկերորդ մասում նշված այն անձինք, որոնք ծնողների հետ միասին ստացել են իրենց հողաբաժինները, հետագայում սեփականաշնորհման կարգով տնամերձ ստանալու իրավունք չունեն: Սեփականաշնորհման կարգով տնամերձ չի հատկացվում նաև այն անձանց, ովքեր 1986թ հունվարի 1-ից հետո օտարել են կամ կօտարեն իրենց տնամերձները:
Որպես տնամերձ հատկացված հողի մի մասի օտարումը (բացառությամբ հայրական տվյալ ընտանիքի առանձին ձևավորված ծխի ( թույլատրվում է միայն այն պայմանով, եթե օտարվող և մնացող տնամերձների չափերը պակաս չեն նրանց հատկացման պահին սահմանված չափերից):
(լրաց. 29.07.91 օրենք)
Գյուղացիական տնտեսություն վարելու համար որպես սեփականություն տրամադրվող հողամասի չափը որոշվում է ընտանիք (ծուխ) անդամ (շունչ) հարաբերությամբ, հետևյալ կարգով.
մինչև երեք անդամ (շունչ) ունեցող ընտանիքներին (ծխերին) մեկ հողաբաժին,
չորսից վեց անդամ (շունչ) ունեցող ընտանիքներին (ծխերին) - երկու հողաբաժին
յոթ և ավելի անդամ (շունչ) ունեցող ընտանիքներին (ծխերին) - երեք հողաբաժին:
Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը կարող է սահմանել որպես սեփականություն տրամադրվող հողամասի չափի որոշման արտոնություններ:
Երեք անդամից (շնչից) բաղկացած երիտասարդ ընտանիքներին (ծխերին) հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի որոշմամբ կարող է հատկացվել տվյալ բնակավայրի համար հաշվարկված երկու հողաբաժին:
Հողամասեր հատկացնելիս նշված կարգը գործում է նաև առկա կոլտնտեսությունների և խորհտնտեսությունների հիման վրա գյուղացիական կոլեկտիվ տնտեսություններ ստեղծելիս:
Տնամերձ (օժանդակ) հողամասի չափը հաշվարկվում է հատկացվող հողաբաժնի մեջ:
Քսանմեկ տարին չլրացած այն անձինք, ովքեր ամուսնացած չլինելով կազմել են առանձին ընտանիք (ծուխ) սույն օրենքի ընդունման օրվան նախորդող մեկ տարուց պակաս ժամանակահատվածում, որպես անդամ (շունչ) հաշվվում են այն ընտանիքների (ծխերի) կազմում, որոնցից բաժանվել են: Ընտանիքի (ծխի) ամուսնացած և հայրական ընտանիքից (ծխից) դեռևս չբաժանված անդամը իր ընտանիքի (ծխի) անդամների (շնչերի) հաշվով իրավունք ունի ստանալու առանձին հողաբաժին: Տվյալ բնակավայրում բնակվող ընտանիքի (ծխի) այն անդամը (անդամները), որը վերջինն է բաժանվել ընտանիքից (ծխից) կամ վերջինն է կազմել ընտանիք, հողաբաժին է ստանում ծնողների հետ միասին, եթե ծնողների ընտանիքում (ծխում) նրանից բացի ընտանիքի (ծխի) այլ անդամներ չեն բնակվում:
(խմբ.29.07.91 օրենք)
Ընտանիքների (ծխերի) ցուցակի վերջնական կազմումն ու ճշգրտումն իրականացնում հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովը:
Լեռնային և ծայրամասային գյուղական բնակավայրերի համար ընտանիքների (ծխերի) հաշվարկման կարգում Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհուրդը կարող է սահմանել արտոնություններ:
Խոտհարքները գյուղացիական տնտեսություններին որպես սեփականություն տրամադրվում են վարելահողերի հատկացման կարգով, եթե ընտանիքների (ծխերի) ներկայացուցիչների ժողովը ձայների երկու երրորդի մեծամասնությամբ նշված հողահանդակների բաժանումը համարում է տեխնոլոգիապես հնարավոր: Այդ դեպքում խոտհարքների հատկացումը կատարվում է ըստ ընտանիքների (ծխերի), դրանց կադաստրային գնահատականի լրիվ արժեքը հինգ տարիների ընթացքում վճարելու պայմանով: Առանձին բնակավայրերի համար հողային բարեփոխումների և սեփականաշնորհման կենտրոնական հանձնաժողովը կարող է նախատեսել խոտհարքները տնօրինելու այլ կարգ:
Եթե ընտանիքների (ծխերի) ներկայացուցիչների ժողովը որոշում է ընդունում խոտհարքները կոլեկտիվ հիմունքներով տնօրինելու մասին, ապա այդ հողերը մասնակի հատուցման արտոնյալ պայմաններով տրվում են ստեղծվող գյուղացիական կոլեկտիվ տնտեսության ընդհանուր սեփականությանը Հայաստանի Հանրապետության Նախարարների խորհրդի կողմից սահմանվող կարգով:
Գյուղացիական և գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների սեփականությունը հանդիսացող հողամասերի առավելագույն չափերը սահմանվում են Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից: