Հոդված 2. Գյուղացիական տնտեսությունը
Հոդված 2. Գյուղացիական տնտեսությունը
Գյուղացիական տնտեսությունը քաղաքացիների սեփականության հիման վրա հիմնված գյուղատնտեսական մթերքների ապրանքային արտադրությունը ապահովող ինքնուրույն կազմակերպական միավոր է:
Գյուղացիական տնտեսությունը ստեղծվում է կամավոր հիմունքներով:
Սույն օրենքով նախատեսված կարգով յուրաքանչյուր ընտանիք (ծուխ) իրավունք ունի որպես սեփականություն ստանալու հողամաս:
Գյուղացիական տնտեսությունը ձևակերպվում է ընտանիքի գլխավորի անունով: Գյուղացիական տնտեսության իրավունքները ճանաչվում են ընտանիքի գլխավորի անվամբ ձևակերպվող և պատգամավորների համապատասխան տեղական (գյուղական, ավանային, քաղաքային, քաղաքի շրջանային) խորհրդի գործադիր կոմիտեի կողմից տրվող պետական ակտի հիման վրա:
Գյուղացիական տնտեսությունները պետական ակտը ստանալու պահից ձեռք են բերում իրավաբանական անձանց համար օրենքով սահմանված համապատասխան իրավունքներ և պարտականություններ, միաժամանակ կրելով լրիվ նյութական պատասխանատվություն իրենց պարտավորությունների դիմաց:
Գյուղացիական տնտեսության անդամներ են համարվում ընտանիքի անդամները` ամուսինները, ծնողները (որդեգրողները), զավակները (որդեգրվածները), մյուս հարազատները և մեկ տնտեսությունում կամավոր միավորված այլ անձինք, որոնք բնակվում են տվյալ բնակավայրում և վարում են համատեղ տնտեսություն: Գյուղացիական տնտեսությունը կարող է բաղկացած լինել նաև մեկ անձից: Գյուղացիական տնտեսության անդամներ չեն համարվում այն անձինք, այդ թվում և հարազատները, որոնք աշխատում են նույն տնտեսությունում աշխատանքային պայմանագրով:
Ընտանիքի գլխավորը` տնտեսության բոլոր չափահաս անդամների անունից տնտեսության շահերը ներկայացնելու համար սահմանված կարգով լիազորված աշխատանքային տարիքի հասած անձը, կազմակերպում է տնտեսության գործունեությունը, տնտեսության անունից կնքում է պայմանագրեր, տալիս է լիազորագրեր, տնտեսության անդամների համաձայնությամբ օգտվում է գույքի և մյուս միջոցների տնօրինման իրավունքից, իրականացնում է տնտեսության գործունեության հետ կապված իրավական այլ գործողություններ:
Գյուղացիական տնտեսության անդամների գույքային հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական, ամուսնության և ընտանիքի օրենսգրքերով, Հայաստանի Հանրապետությունում սեփականության մասին օրենքով և օրենսդրական այլ ակտերով: