Հոդված 20. Տեսալսողական ստեղծագործության հեղինակային իրավունքը
Հոդված 20. Տեսալսողական ստեղծագործության հեղինակային իրավունքը
Տեսալսողական ամբողջական ստեղծագործության հեղինակներն են` սցենարի հեղինակը, բեմադրող ռեժիսորը, հատկապես տվյալ տեսալսողական ստեղծագործության համար ստեղծված երաժշտական ստեղծագործության հեղինակը (տեքստով կամ առանց տեքստի), բեմադրող օպերատորը, ինչպես նաև ամբողջական տեսալսողական ստեղծագործության ստեղծմանը պայմանագրով մասնակցած և ստեղծագործական աշխատանքի ուրույն արդյունք ներդրած այլ անձինք:
Տեսալսողական ստեղծագործության ստեղծումը կազմակերպող անձը տվյալ ստեղծագործության հեղինակ չէ, եթե նա միաժամանակ չի պատկանում սույն հոդվածի առաջին մասում նշված անձանց թվին: Տեսալսողական ստեղծագործության մեջ որպես բաղադրիչ մաս ընդգրկված ստեղծագործությունների` ինչպես նախկինում գոյություն ունեցող (սցենարի համար հիմք հանդիսացող վեպի և այլն), այնպես էլ դրա վրա աշխատելու ընթացքում ստեղծված (բեմադրող օպերատորի, բեմադրող նկարչի և այլոց կողմից) հեղինակներից յուրաքանչյուրն օգտվում է իր ստեղծագործության նկատմամբ հեղինակային իրավունքից և կարող է այդ ստեղծագործությունն օգտագործել ինքնուրույն` տեսալսողական ամբողջական ստեղծագործությունից անկախ, եթե տեսալսողական ստեղծագործության ստեղծումը կազմակերպող անձի հետ կնքված պայմանագրով այլ բան նախատեսված չէ:
Տեսալսողական ստեղծագործությունն ստեղծելու պայմանագիր կնքելով` դրա հեղինակներն ստեղծագործությունն օգտագործելու, այդ թվում` ենթագրության և կրկնօրինակման ենթարկելու բացառիկ իրավունքը փոխանցում են ստեղծագործության ստեղծումը կազմակերպողին, եթե պայմանագրով այլ բան նախատեսված չէ: Տեսալսողական ստեղծագործության հրապարակային կատարման ժամանակ ստեղծագործության հեղինակները պահպանում են տվյալ ստեղծագործության յուրաքանչյուր հրապարակային կատարման կամ օրինակները վարձույթով տալու դեպքում հեղինակային վարձատրություն ստանալու իրենց իրավունքները: Վարձատրության հավաքումը, բաշխումն ու վճարումն իրականացնում է գույքային իրավունքներն ապահովող մարմինը:
Տեսալսողական ստեղծագործության ստեղծումը կազմակերպող անձն իրավասու է այդ ստեղծագործության ցանկացած օգտագործման դեպքում նշել իր անունը կամ անվանումը կամ պահանջել այդպիսի նշում:
Առանց հեղինակների և գույքային իրավունքների այլ իրավատիրոջ համաձայնության արգելվում է տեսալսողական ստեղծագործության միակ տարբերակի (բնօրինակի կամ նեգատիվի) ոչնչացումը: