Հոդված 43. ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ և ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Հոդված 43. ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ և ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Հեղինակային իրավունքի և (կամ) հարակից իրավունքների իրավատերն իր իրավունքները պաշտպանելիս իրավունքը խախտողից կարող է պահանջել`
ա) իր իրավունքների ճանաչում.
բ) մինչև իրավախախտումը գոյություն ունեցող դրության վերականգնում և իրավունքը խախտող կամ խախտման վտանգ պարունակող գործողությունների կասեցում.
գ) նմանակված օրինակը, դրա բռնագրավումը կամ ոչնչացումը.
դ) վնասի հատուցումը (ներառյալ` բաց թողնված օգուտը) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.
ե) վնասի կամ բաց թողնված օգուտի հատուցման փոխարեն վճարել դրամական փոխհատուցում: Նշված դրամական փոխհատուցման չափը, խախտման բնույթից և հետևանքներից ելնելով, սահմանում է դատարանը.
զ) կիրառելու իր իրավունքների պաշտպանության հետ կապված` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ միջոցներ:
Սույն հոդվածի «գ», «դ» և «ե» կետերում նշված միջոցների ընտրության իրավունքը պատկանում է հեղինակային իրավունքի և (կամ) հարակից իրավունքների իրավատիրոջը:
Իր իրավունքները պաշտպանելու համար հեղինակային իրավունքի և (կամ) հարակից իրավունքների իրավատերը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող է դիմել դատարան:
Հեղինակային իրավունքի և (կամ) հարակից իրավունքների իրավատերը կարող է դիմել դատարան` իրավունքը խախտողից ստեղծագործության, հնչյունագրի (կամ տեսագրության) օրինակների արտադրությանը և տարածմանը մասնակցող երրորդ անձանց, ինչպես նաև դրանց ձեռքբերման աղբյուրների ու տարածման ուղիների մասին տեղեկատվության պահանջով: Նշված տեղեկատվությունը տրամադրելուց հրաժարվող իրավախախտողը պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
Երրորդ անձանց կողմից օրինական ձեռք բերված ստեղծագործության, հնչյունագրի (կամ տեսագրության) նմանակված օրինակները չեն բռնագրավվում:
Հեղինակային իրավունքի և (կամ) հարակից իրավունքների իրավատիրոջ չպահանջած ստեղծագործության, հնչյունագրի (կամ տեսագրության) նմանակված օրինակները, ինչպես նաև դրանց ստեղծման և վերարտադրման համար օգտագործված նյութերը և սարքավորումները դատարանի վճռով կարող են ոչնչացվել: