Հոդված 30. ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԸ և ՕԲՅԵԿՏՆԵՐԸ
Հոդված 30. ՀԱՐԱԿԻՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՍՈՒԲՅԵԿՏՆԵՐԸ և ՕԲՅԵԿՏՆԵՐԸ
Հարակից իրավունքների սուբյեկտներն են` կատարողները, կատարումների կամ տեսալսողական ստեղծագործությունների առաջին ամրագրման արտադրողները, հաղորդումներ հեռարձակող կազմակերպությունները:
Հարակից իրավունքները տարածվում են բեմադրությունների, կատարումների, հնչյունագրերի և տեսագրությունների, հեռարձակող կազմակերպությունների եթերային ու կաբելային հաղորդումների վրա:
Կատարման նկատմամբ իրավունքը պատկանում է կատարողներին, ինչպես նաև նրանց ժառանգներին: Նման կատարումն օգտագործելու իրավունքը կարող է անցնել այլ իրավահաջորդների:
Հնչյունագրերի և տեսագրությունների նկատմամբ իրավունքը պատկանում է դա ստեղծած անձանց կամ նրանց իրավահաջորդներին:
Հեռարձակելու իրավունքը պատկանում է հաղորդումն ստեղծած եթերային կամ կաբելային հեռարձակող կազմակերպությանը կամ նրա իրավահաջորդներին:
Կատարումների կամ տեսալսողական ստեղծագործությունների առաջին ամրագրման արտադրողը, հեռարձակվող կազմակերպությունը սույն գլխում նշված իրենց իրավունքներն իրականացնում են ամրագրված կամ հեռարձակող ստեղծագործության հեղինակի և կատարողի հետ պայմանագրով ստացված իրավունքների շրջանակներում:
Ներկայացման բեմադրող ռեժիսորից ստացված` կատարումն օգտագործելու թույլտվությունը չի վերացնում ներկայացմանը մասնակցող այլ կատարողներից, ինչպես նաև կատարվող ստեղծագործության հեղինակից թույլտվություն ստանալու անհրաժեշտությունը: