Հոդված 5. Հեղինակային իրավունքի օբյեկտ համարվող ստեղծագործությունները
Հոդված 5. Հեղինակային իրավունքի օբյեկտ համարվող ստեղծագործությունները
Հեղինակային իրավունքը տարածվում է ստեղծագործական գործունեության արդյունք համարվող գիտության, գրականության և արվեստի ոլորտների ստեղծագործությունների վրա` անկախ ստեղծագործության նշանակությունից ու արժանիքներից, ինչպես նաև դա արտահայտելու եղանակից:
Հեղինակային իրավունքի օբյեկտներն են`
- աշխարհագրությանը, տոպոգրաֆիային, երկրաբանությանը, ճարտարապետությանը և այլ գիտություններին վերաբերող աշխարհագրական, երկրաբանական և այլ քարտեզներ, նախագծեր, էսքիզներ և պլաստիկ ստեղծագործություններ.
- ածանցյալ ստեղծագործություններ, մասնավորապես`
ա) այլ ստեղծագործությունների թարգմանությունները, վերամշակումները (մշակումներ, ռեֆերատներ, համառոտ բնութագրումներ, տեսություններ, ամփոփումներ, ադապտացված ստեղծագործություններ, դաշնակումներ, բեմականացումներ, կինեմատոգրաֆիական (տեսալսողական) վերափոխումներ և գիտության, գրականության ու արվեստի ոլորտների ստեղծագործությունների այլ վերամշակումներ), որոնք սույն օրենքի 4 հոդվածի երկրորդ մասի իմաստով` ինքնուրույն ստեղծագործություն են,
բ) ստեղծագործությունների ժողովածուները (հանրագիտարանները, անթոլոգիաները, տվյալների բազաները) և այլ կազմածո կամ հավաքածո ստեղծագործությունները, որոնք, ըստ իրենց պարունակությունների ընտրության կամ տեղաբաշխման, ստեղծագործական աշխատանքի արդյունք են.
- գրական, այդ թվում` գիտական ստեղծագործությունները, բոլոր տեսակի համակարգչային ծրագրերը (որոնք կարող են արտահայտված լինել ծրագրավորման ցանկացած լեզվով և ցանկացած ձևով (ներառյալ` կիրառական ծրագրերը, գործառնական համակարգերը, ելքային տեքստը և օբյեկտային կոդը).
- գեղանկարչության, քանդակագործության, գրաֆիկային և կերպարվեստի այլ ստեղծագործությունները.
- դրամատիկական և երաժշտադրամատիկական ստեղծագործությունները, սցենարները, սցենարային պլանները, լիբրետոները և բեմական ցուցադրման համար ստեղծված այլ գործեր.
- դեկորատիվ-կիրառական և բեմական գրաֆիկայի (բեմական դիզայնի) արվեստի ստեղծագործությունները.
- դիզայնի ստեղծագործությունները, տառատեսակները.
- լուսանկարչական և նման եղանակով ստեղծված ստեղծագործությունները.
- ճարտարապետության, քաղաքաշինության, այգեպուրակային արվեստի ստեղծագործությունները.
- ճարտարապետական-գեղարվեստական լուծումների ստեղծագործությունները (ինչպես ամբողջությամբ, այնպես էլ դրանց առանձին մասերը).
- պարարվեստի և մնջախաղի ստեղծագործությունները.
- սույն հոդվածով սահմանված պահանջները բավարարող այլ ստեղծագործություններ.
- ստեղծագործության մասերը, հատվածները, ինչպես նաև անվանումը, որոնք ինքնուրույն ստեղծագործություն են.
- տեքստով և առանց տեքստի երաժշտական ստեղծագործությունները.
- տեսալսողական ստեղծագործությունները (կինոֆիլմ, հեռուստաֆիլմեր, տեսասլայդային ֆիլմեր և այլ կինոստեղծագործություններ, հեռուստատեսային ստեղծագործություններ, ռադիոստեղծագործություններ):
Հեղինակային իրավունքի օբյեկտը պետք է արտահայտվի բանավոր, գրավոր կամ դա ընկալելու հնարավորությունը թույլատրող այլ օբյեկտիվ ձևով:
Գրավոր կամ այլ կերպ նյութական կրիչի վրա (ձեռագրի, մեքենագրի, նոտագրի, տեխնիկական միջոցների օգնությամբ ամրակայված (ներառյալ` ձայնագրության կամ տեսագրության) արտահայտված, երկչափ կամ ծավալատարածական ձևով պատկերի վրա ամրագրված և այլն) արտահայտված ստեղծագործությունը համարվում է օբյեկտիվ ձև ունեցող` անկախ երրորդ անձանց համար դրա մատչելի լինելուց:
Նյութական կրիչի վրա չարտահայտված բանավոր կամ այլ ստեղծագործությունը համարվում է օբյեկտիվ ձև ունեցող, եթե դա մատչելի է դարձել երրորդ անձանց ընկալման համար (հրապարակային արտասանություն, հրապարակային կատարում և այլն):
Հեղինակային իրավունքը տարածվում է ինչպես հրապարակված (լույս ընծայված, նյութականացված), այնպես էլ չհրապարակված ստեղծագործությունների վրա: