Հոդված 13
Հոդված 13.
Օրենքի 15-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 15. Պետական ռեգիստր փաստաթղթեր ներկայացնելը
1. Պետական ռեգիստր փաստաթղթերի ներկայացման օրը պետական ռեգիստրում դիմումի ստացման ամսաթիվն է, որը նշվում է ստացված դիմումի վրա` փաստաթղթերն ընդունած անձի ստորագրությամբ, և գրառվում է նաև փաստաթղթերի ընդունման մատյանում:
2. Պետական ռեգիստր ներկայացվող փաստաթղթերը պետք է բավարարեն հետևյալ պահանջները.
ա) մեկ թերթից ավելի ծավալ ունեցող փաստաթղթի, այդ թվում` փաստաթղթի պատճենի թերթերը պետք է լինեն կարված, համարակալված, ինչը պետք է ապահովի փաստաթղթի ամբողջականությունը.
բ) փաստաթղթերում պետք է նշված լինեն դրանք կազմելու տարին, ամիսը, ամսաթիվը.
գ) փաստաթղթերը չպետք է պարունակեն ջնջումներ կամ էական վնասվածքներ, հավելագրումներ, ջնջված բառեր, դատարկ և հետագայում լրացման համար նախատեսված չլրացված մասեր, չծանոթագրված ուղղումներ.
դ) փաստաթղթերի տեքստը պետք է գրված լինի պարզ, հստակ և ընթեռնելի.
ե) միաժամանակ հայերեն և օտար լեզվով ներկայացվող փաստաթղթերի տեքստերը պետք է շարադրվեն իրար հետևից կամ իրար կողքի, պայմանով, որ իրար հետևից տեքստերի շարադրման դեպքում վերևում զետեղվում է հայերեն տեքստը, ընդ որում` տեքստերի միջև հակասության դեպքում նախապատվությունը տրվում է հայերեն տեքստին.
զ) փաստաթուղթը պետք է նշում պարունակի այն հաստատելու մասին կամ ձևակերպված լինի այն հաստատող փաստաթղթի հետ մեկ փաստաթղթի տեսքով.
է) մեկից ավելի թերթեր պարունակող փաստաթղթերը (փոխանցման ակտ, բաժանիչ հաշվեկշիռ) կարող են ներկայացվել էլեկտրոնային կրիչի տեսքով (բացառելով որևէ անձի կողմից փոփոխություններ կատարելու հնարավորությունը)` սույն կետի «զ» ենթակետի պահանջներին համապատասխան.
ը) կանոնադրության (կանոնադրության փոփոխությունների) տիտղոսաթերթը պետք է նշում պարունակի հաստատման մասին, ներկայացված օրինակների քանակի ու օրինակի հերթական համարի, իրավաբանական անձի պետական գրանցման տվյալների մասին: Նշում կատարելու կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարը: Կանոնադրության փոփոխությունը պետք է նշում պարունակի նաև պետական գրանցում ստացած վերջին կանոնադրության պետական գրանցման օրվա մասին.
թ) իրավաբանական անձի կողմից ներկայացված փաստաթղթի պատճենը պետք է բավարարի սույն հոդվածի 2-րդ կետով սահմանված պահանջները և պետք է վավերացվի իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի կողմից, եթե Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքով, սույն օրենքով և այլ օրենքներով վավերացման այլ կարգ սահմանված չէ: Պատճենը պետք է բովանդակի վավերացման տարին, ամիսը, ամսաթիվը, գործադիր մարմնի ղեկավարի ստորագրությունը և իրավաբանական անձի կնիքը: Անհատ ձեռնարկատիրոջ ներկայացրած փաստաթղթի պատճենը պետք է վավերացվի սույն ենթակետով սահմանված կարգով՝ փաստաթղթեր ներկայացնող անձի կողմից:
3. Իրավաբանական անձի դիմումը պետք է բովանդակի`
ա) դիմողի անունը, ազգանունը (իրավաբանական անձի դեպքում` լրիվ անվանումը).
բ) դիմողի բնակության (գտնվելու) վայրը.
գ) պետական գրանցում իրականացնող մարմնի անվանումը.
դ) ներկայացվող պահանջը.
ե) դիմումին կցվող փաստաթղթերի ցանկը.
զ) դիմումը կազմելու տարին, ամիսը, ամսաթիվը.
է) դիմողի ստորագրությունը, իրավաբանական անձի դեպքում` գործադիր մարմնի ղեկավարի ստորագրությունը և իրավաբանական անձի կնիքը կամ լիազորված անձի ստորագրությունը (այս դեպքում դիմումին կցվում է օրենքով սահմանված կարգով տրված լիազորագիրը):
4. Որոշումները կարող են ունենալ հետևյալ ձևերը.
ա) նիստի, ժողովի, համագումարի, օրենքով կամ իրավաբանական անձի կանոնադրությամբ սահմանված այլ մարմնի (այսուհետ` նիստ) արձանագրություն.
բ) որոշում, եթե օրենքով կամ իրավաբանական անձի կանոնադրությամբ տվյալ հարցով (հարցերով) որոշումներ ընդունելու լիազորությունները վերապահված են մեկ անձի: Եթե օրենքով կամ իրավաբանական անձի կանոնադրությամբ տվյալ հարցով (հարցերով) որոշումներ ընդունելու լիազորությունները վերապահված են մեկ իրավաբանական անձի, ապա տվյալ անձի որոշումները կարող են ունենալ սույն մասում նշված ձևերից որևէ մեկը.
գ) համատեղ որոշում, եթե օրենքով կամ իրավաբանական անձի կանոնադրությամբ տվյալ հարցով (հարցերով) որոշումներ ընդունելու լիազորությունները վերապահված են երկու կամ ավելի անձանց.
դ) հրաման.
ե) դատարանի որոշում.
զ) դատարանի վճիռ.
է) օրենքով սահմանված այլ ձևեր:
5. Արձանագրությունը պետք է բովանդակի հետևյալ տեղեկությունները.
ա) նիստի գումարման օրվա և վայրի մասին.
բ) արձանագրության կազմման օրվա մասին.
գ) նիստի աշխատանքներին մասնակցելու իրավունք ունեցող անձանց (այդ թվում՝ ձայնի իրավունք ունեցողների) մասին.
դ) նիստի աշխատանքներին մասնակցած անձանց մասին.
ե) նիստի օրակարգը.
զ) կայացած ելույթների հիմնական դրույթները.
է) քվեարկության դրված հարցերը, քվեարկության արդյունքները, ընդունված որոշումները:
Արձանագրությունը պետք է բովանդակի նաև առանձին կազմակերպական-իրավական ձև ունեցող իրավաբանական անձանց վերաբերյալ օրենքներով կամ այլ օրենքներով, իրավաբանական անձի կանոնադրությամբ սահմանված այլ տեղեկություններ:
Արձանագրությունից քաղվածքը պետք է բովանդակի սույն կետով սահմանված բոլոր տեղեկությունները, բացառությամբ «ե», «զ» և «է» ենթակետերով սահմանված տեղեկությունների, որոնք քաղվածքը կարող է բովանդակել մասամբ: Քաղվածքը պետք է բովանդակի տեղեկություններ արձանագրությունը ստորագրած անձանց (այդ թվում` հատուկ կարծիք ներկայացրած անձանց) մասին: Արձանագրությունից քաղվածքի համապատասխանությունը բնօրինակին պետք է հավաստվի իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի ստորագրությամբ և իրավաբանական անձի կնիքով:
Արձանագրությունների պատճենները պետք է ներկայացվեն լուսապատճենի տեսքով, իսկ պատճենի համապատասխանությունը բնօրինակին պետք է հավաստվի իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի ստորագրությամբ և իրավաբանական անձի կնիքով:
6. Նշված պահանջները չբավարարող փաստաթղթերը պետական ռեգիստրը վերադարձնում է առանց քննարկման: Սույն հոդվածում նշված պահանջները չբավարարող փաստաթղթի առկայությունը հիմք է պետական գրանցումը մերժելու համար:»: