Հոդված 25
Հոդված 25.
Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 61.1 -րդ հոդվածով.
«Հոդված 61.1. Փորձաքննության անցկացման կարգը
1. Փորձաքննությունն անցկացնում են մասնագիտացված փորձագիտական հաստատությունների աշխատակիցները կամ դատարանի որոշմամբ` որպես փորձագետ նշանակված այլ մասնագետները:
2. Դատարանը կարող է նշանակել միևնույն կամ տարբեր մասնագիտություններ ունեցող մեկից ավելի փորձագետներ: Փորձագետներն իրավունք ունեն խորհրդակցելու միմյանց հետ և ընդհանուր հետևությունների գալու դեպքում` տալու միասնական եզրակացություն: Այն փորձագետները, որոնք համաձայն չեն միասնական եզրակացությանը, ներկայացնում են առանձին եզրակացություն:
3. Դատարանը, ելնելով գործի քննության շահերից, իր նախաձեռնությամբ, ինչպես նաև դատավարության մասնակիցների միջնորդությամբ կարող է արգելել փորձագետների շփումը միմյանց հետ և նրանց կողմից միասնական եզրակացություն ներկայացնելը:
4. Փորձաքննությունն անցկացվում է դատարանում կամ դատարանից դուրս` կախված փորձաքննության բնույթից և հետազոտվող նյութերի (փաստաթղթերի)` դատարան բերելու հնարավորությունից:
5. Եթե փորձագետ է նշանակվել փորձագիտական հաստատությունում տվյալ տեսակի փորձաքննություններ կատարելու համար նշանակված անձը, ապա նա պարտավոր է կատարել պահանջվող փորձաքննությունը: Փորձագետը պարտավոր է անհապաղ ստուգել հանձնարարված փորձաքննությունը իր մասնագիտական ոլորտին պատկանելու փաստը և այն առանց լրացուցիչ փորձագետների ներգրավման կատարելու հնարավորությունը: Նշված փաստի կամ հնարավորության բացակայության դեպքում փորձագետը պարտավոր է այդ մասին անհապաղ տեղեկացնել դատարանին: Փորձագետն իրեն հանձնարարված փորձաքննությունը չի կարող վերահանձնարարել այլ անձի: Եթե փորձագետին փորձաքննություն իրականացնելիս օգնություն է ցուցաբերում այլ անձ, բացառությամբ երկրորդական բնույթի օժանդակ գործառույթներ իրականացնող անձանց, փորձագետը պարտավոր է դատարանին հայտնել նրա անունը և նրա իրականացրած աշխատանքի ծավալը:
6. Եթե փորձաքննությունն անցկացնում է մասնագիտացված փորձագիտական հաստատությունը, ապա դրա համար պատասխանատու են փորձագիտական եզրակացություն տված այն անձինք, որոնց տվյալ հաստատությունում հանձնարարվել է կատարել փորձաքննություն:»: