Հոդված 15. Սեփականության իրավունքի փոխանցման հետ կապված գործարքներով ստացված միջոցների միակողմանի հատուցումը
Հոդված 15. Սեփականության իրավունքի փոխանցման հետ կապված գործարքներով ստացված միջոցների միակողմանի հատուցումը
1. Դատարանը խնամակալի հայցով կարող է որոշել, որ սույն օրենքի 16 հոդվածով սահմանված կարգով վերադարձվի բանկի ակտիվները նվազեցնող հետևյալ գործարքներով օտարված գույքը կամ դրանց կատարման պահին դրամական համարժեքը`
ա) նախնական խնամակալությանը նախորդած երեք տարվա ընթացքում բանկի ղեկավարների և բաժնետերերի (մասնակիցների) կամ նրանց հետ փոխկապակցված անձանց օգտին կատարված անհատույց փոխանցումը կամ օտարված գույքը.
բ) նախնական խնամակալությանը նախորդած երեք տարվա ընթացքում բանկի բաժնետերերին (մասնակիցներին) բաշխված շահաբաժինները կամ այլ անձանց օգտին կատարված անհատույց փոխանցումը կամ օտարված գույքը.
գ) նախնական խնամակալությանը նախորդած երեք տարվա ընթացքում կատարված այն գործարքները, որոնց արդյունքում բանկի կողմից տրամադրված գույքը կամ այլ միջոցների արժեքը էականորեն գերազանցել են փոխարենը ստացված գույքի կամ այլ միջոցների արժեքը.
դ) նախնական խնամակալությանը նախորդած 90 օրվա ընթացքում բանկի` նախկինում ստանձնած պարտավորությունների դիմաց բանկի կատարած փոխանցումը կամ գույքի օտարումը:
2. Սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված գործարքներով գույքի կամ իրավունքների գրավադրման դեպքում գրավառուի իրավունքները չեղյալ են համարվում:
3. Գործարքները չեն կարող անվավեր ճանաչվել, եթե դրանց արդյունքում կողմերը փոխանակել են էապես հավասար արժեքներ կամ գործարքը կատարելուց հետո գործարքի կողմ հանդիսացող անձը բանկին համարժեք կամ ավելի մեծ չափով նոր չապահովված վարկ է տրամադրել, ավանդ է ներդրել կամ այլ փոխառություն է տրամադրել, և բանկը չի մարել այն մինչև նախնական խնամակալական կառավարում նշանակելը:
4. Սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված հայցը խնամակալը կարող է ներկայացնել նախնական խնամակալության նշանակումից հետո մեկ տարվա ընթացքում:
5. Սույն հոդվածի 1-ին կետով նախատեսված հայցը ներկայացնելու իրավունք ունի նաև լուծարային կառավարիչը` իր նշանակման պահից վեցամսյա ժամկետում: